ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ԱՆՀԱՐԳԵԼԻ ԲԱՑԱԿԱՅԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սահմանադրական դատարանը երեկ մերժեց ընդդիմության հերթական դիմումը: Ասել է թե՝ երկրի գլխավոր դատարանը հիմնավորեց, որ խորհրդարանական մեծամասնությունը ինչպես ցանկանա, այնպես էլ կվարվի՝ «սխալ հանելով» փոքրամասնությանը:
Խորհրդարանի ոչ կոալիցիոն երեք խմբակցությունների` ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ «Ժառանգության» պատգամավորները պահանջում էին ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածին հակասող: Բանն այն է, որ Սահմանադրությունը նախատեսում է ԱԺ արտահերթ նիստ գումարել պատգամավորների առնվազն 1/3-րդի կամ կառավարության նախաձեռնությամբ: Տվյալ դեպքում, ըստ նախաձեռնության հեղինակների, արտահերթ նիստի համար պատգամավորների կեսից ավելիի մասնակցության քվորում սահմանելը հակասում է Սահմանադրությանը, քանի որ սահմանադրական նորմը իմպերատիվ է:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, որը ներկայացնում էր ԱԺ պատգամավորների դիմումը, հայտարարեց, թե Սահմանադրության 70-րդ հոդվածը խորհրդարանական փոքրամասնության` ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու լիազորության իրագործումը չի պայմանավորում խորհրդարանական մեծամասնության կամքով, այլ դա իմպերատիվ բնույթ ունի: Ուստի, ըստ նրա, հարկավոր է արտահերթ նիստի համար քվորում չսահմանել, այլապես, Ջհանգիրյանի գնահատմամբ, խորհրդարանական փոքրամասնությունն ԱԺ-ում չի կարողանում իրագործել իր սահմանադրական լիազորությունները` ԱԺ պատգամավորների 1/3-րդի առկայության պայմաններում արտահերթ նիստ հրավիրել: ՍԴ-ում որպես պատասխանող ներկայացած ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, սակայն, հակառակն էր պնդում:
Ինչեւէ, ՍԴ-ն խորհրդակցական սենյակից դուրս գալուց հետո ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչեց ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող: Փոխարենը ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց ԱԺ կանոնակարգ օրենքի 99-րդ հոդվածի 4-8-րդ մասի դրույթները: Խոսքը վերաբերում է ԱԺ պատգամավորների անհարգելի բացակայության դեպքում նրանց լիազորությունների դադարեցմանը: ՍԴ որոշման համաձայն` «Այն մասով, որով առկա ընթացակարգերը պատգամավորի «լիազորությունների դադարում» սահմանադրական ինստիտուտը գործնականում փոխակերպում են ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ նրա «լիազորությունների դադարեցման» ինստիտուտի, ճանաչել ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածին հակասող եւ անվավեր»: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը ՍԴ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե իրենք առաջիկայում ԱԺ կանոնակարգ օրենքում կկատարեն համապատասխան փոփոխություններ:
Նկատենք, որքան էլ ՀՀ Սահմանադրությունը հնարավորություն սահմանի պատգամավորների 1/3-րդի նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար, միեւնույն է, նիստի կայանալ-չկայանալը կախված կլինի իշխող մեծամասնության ցանկությունից: Այլ կերպ ասած` Սահմանադրության դրույթը տեսական նշանակություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքական դաշտում մենաշնորհ է:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս