ՀԱՐՑ. Մենք տանն ունենք պետական շահով փոխառության պարտատոմս՝ 1994թ. 2-րդ թողարկում, որն ուժի մեջ է մինչեւ 2014թ. հունվարի 1-ը: Խնդրում եմ՝ մի փոքր տեղեկացրեք, թե ինչ է իրենից ներկայացնում դա, ուր կարող ենք դիմել, որպեսզի ստանանք դրան համարժեք գումարը: Եվ խնդրում եմ՝ նշեք, թե ինչ է իրենից ներկայացնում դա: Ամեն մարդ կարո՞ղ է ունենալ, եթե այո, ապա դա ի՞նչ կարող է տալ քաղաքացուն: Ի՞նչ է պետք դրա ձեռքբերման համար:
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ կառավարության 1992թ. սեպտեմբերի 9-ի N 471 որոշման համաձայն՝ 1993թ. սեպտեմբերից շրջանառության մեջ են դրվել 1993թ. առաջին թողարկման պետական ներքին շահող փոխառության պարտատոմսեր 20 տարի ժամկետով, 1000 ռուբլի եւ 500 ռուբլի անվանական արժեքներով: 1994թ. շրջանառության մեջ են դրվել 1993թ. երկրորդ թողարկման պետական ներքին շահող փոխառության պարտատոմսեր 500 դրամ անվանական արժեքով (ժամկետը՝ մինչեւ 2014թ.):
Հետագայում ՀՀ կառավարության 1998թ. մայիսի 29-ի «ՀՀ 1993թ. պետական ներքին շահող փոխառության երկրորդ թողարկման պարտատոմսերի հետգնման մասին» N 324 որոշմամբ դադարեցվեցին պարտատոմսերի վաճառքը, շահումների խաղարկությունների անցկացումը: Նույն որոշմամբ սահմանվեց, որ պարտատոմսերի հետգնումն իրականացվում է 1998թ. հունիսի 1-ից մինչեւ 1999թ. դեկտեմբերի 31-ը: Այդ ժամանակահատվածում շրջանառության մեջ գտնվող պարտատոմսերի ամբողջ ծավալը բնակչության կողմից չներկայացվեց մարման, եւ ՀՀ կառավարության 2000թ. հունիսի 7-ի N 291 որոշմամբ պարտատոմսերի մարման ժամկետ սահմանվեց 2000թ. դեկտեմբերի 31-ը: Այդ ընթացքում եւս պարտատոմսերի ամբողջ ծավալը բնակչության կողմից չներկայացվեց մարման, եւ ՀՀ կառավարության 2003թ. սեպտեմբերի 11-ի N 1132 որոշմամբ պարտատոմսերի մարման ժամկետ սահմանվեց 2014թ. հունվարի 1-ը:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ
հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պետական պարտատոմսերը բնակչության որոշակի շրջանում հետաքրքրություն են ներկայացնում, եւ քիչ չեն նրանք, ովքեր փորձում են իրենց եկամուտները պարտատոմսերի միջոցով կոնսերվացնել: