Հարկերի եւ տուրքերի գծով բյուջեի եկամուտներն այս տարվա տասը ամիսներին գրեթե այնքան են, որքան պետք է լինեին ինն ամիսների պլանով: Պետբյուջեի մուտքերը` հարկեր եւ տուրքերի տեսքով, տասը ամիսների կտրվածքով կազմել են 878 միլիարդ 839 միլիոն դրամ: 2015 թվականի պետական բյուջեի պլանի համաձայն՝ այս տարվա ինն ամիսների արդյունքում բյուջետային ընդհանուր մուտքերը պետք է կազմեին 903 միլիարդ 818 միլիոն դրամ, իսկ ծախսերը` կրկին նույն ժամանակահատվածի համար պետք է կազմեին 1 տրիլիոն 54 միլիարդ 441 միլիոն դրամ:
Իսկ իրականում ունենք հետեւյալ պատկերը՝ ինն ամսում պետբյուջեի ծախսերը կազմել են 961 միլիարդ 680 միլիոն դրամ, այսինքն՝ ծախսային պլանն ինն ամիսների կտրվածքով արդեն իսկ թերակատարվել է 92 միլիարդ 761 մլն դրամի չափով: Ինչը բնական է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինն ամիսներին հարկեր եւ տուրքերից պետք է հավաքագրվեր 827 միլիարդ 459 միլիոն դրամ, բայց հավաքագրվել է 785 միլիարդ 595 միլիոն դրամ, եւ ինչպես վերը նշել ենք, միայն տասը ամիսների արդյունքներով են կարողացել ինն ամսվա պլանային մուտքերն ապահովել:
Փաստորեն միայն նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին հարկերի եւ տուրքերի գծով պետբյուջեի եկամուտները պետք է կազմեն 261 միլիարդ 473 միլիոն դրամ, որպեսզի այս տարվա պլանավորված պետբյուջեն կատարվի: Նման ցուցանիշը ի սկզբանե կարելի է բացառել, քանի որ նախորդ տարիների փորձից հայտնի է, որ նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին պետբյուջեի մուտքերը` հարկեր եւ տուրքերի գծով, լինում են ամսական 90 միլիարդ դրամի սահմաններում: Այսինքն՝ արդեն իսկ ակնհայտ է, որ հարկեր եւ տուքերի գծով պետբյուջեի մուտքերը տարվա վերջին պլանավորվածից պակաս կլինեն 70-ից 80 միլիարդ դրամի չափով: Ի դեպ, ՀՀ իշխանություններն արդեն իսկ սկսել են հարկ եւ տուրքերի պակասուրդը փոխհատուցել տնտեսվարողներին տուգանելու միջոցով, կամ այլ կերպ ասած՝ «հարկային տեռորի» ճանապարհով: Սակայն այս մեթոդով պետբյուջեի մուտքերը լավագույն դեպքում հնարավոր կլինի լրացուցիչ ավելացնել մոտ տասը միլիարդ դրամով: «Հարկային տեռորի» ցուցանիշը վերը նշվածից ավել մեծացնելու դեպքում հարյուրավոր տնտեսվարողները կարող են ուղղակի սնանկանալ եւ դադարեցնել իրենց գործունեությունը, ինչը եկող տարվա կտրվածքով պետբյուջեի մուտքերի վիճակն ավելի կբարդացնի:
Ի դեպ, հարկային մուտքերը աճել են միայն երկու հիմնական հարկատեսակների` մաքսատուրքերի եւ եկամտահարկի գծով: Մասնավորապես, անցած տարվա տասը ամիսների արդյունքներով մաքսատուրքերը կազմել են 41 միլիարդ 796 մլն դրամ: Այս տարի տասը ամսվա մաքսատուրքերը կազմել են 51 միլիարդ 671 միլիոն դրամ, որից 44 միլիարդ 108 միլիոնը ստացվել է եվրասիական տնտեսական միության բյուջեից: Այլ կերպ ասած՝ ԵՏՄ-ի անդամակցության արդյունքում տասը ամիսների կտրվածքով մաքսատուրքերն ավելացել են մոտ 10 միլիարդ դրամով: Եկամտահարկը անցած տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 244 միլիարդ 259 միլիոն դրամ, այս տարի այդ ցուցանիշը դարձել է 258 միլիարդ 680 միլիոն դրամ: Այս աճը հիմնականում պայմանավորված է կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման արդյունքում աշխատավարձերի բարձրացման փաստով:
Փոխարենը ավելացված արժեքի հարկի՝ անցած տարվա տասը ամսվա արդյունքը, որը եղել է 369 միլիարդ 657 միլիոն դրամ, այս տարի դարձել է 351 միլիարդ 668 մլն դրամ: Այսինքն՝ ԱԱՀ-ի գծով անկումը կազմել է շուրջ 18 միլիարդ դրամ: Շահութահարկի գծով այս տարվա տասը ամիսների մուտքերը կազմել են 86 միլիարդ 752 միլիոն դրամ: Անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ հարկատեսակի մուտքերը կազմել են 94 միլիարդ 151 միլիոն դրամ: Շահութահարկի գծով էլ անկումը կազմել է մոտ 7,5 միլիարդ դրամ: Ինչպես հայտնի է՝ ԱԱՀ-ն եւ շահութահարկը համարվում են տնտեսության վիճակը բնորոշող հիմնական գործոնները: Այսինքն՝ եթե այդ հարկատեսակների մուտքերը նվազում են, նշանակում է՝ տնտեսությունը գնում է անկման, եւ որքան կտրուկ են նվազել ԱԱՀ-ն եւ շահութահարկը, այնքան ավելի վատ է տնտեսության վիճակը:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԻՆՍՏԻՏՈՒՏ ՉԿԱ
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից ստեղծված «Լուսավոր Հայաստան» նախաձեռնությունը իր հերթական տեսանյութով հանրությանը ներկայացրել է ընտրողների ու քվեարկողների ինստիտուտը: Նախաձեռնության անդամ Հակոբ Կոնջորյանը նշում է, որ Հայաստանում քաղաքական համակարգում առկա են թերություններ, որոնցից մեկն այն է, որ մինչեւ հիմա չի ձեւավորվել ընտրողի ինստիտուտը: Նախաձեռնության մեկ այլ անդամի Նորայր Մովսիսյանի խոսքով էլ Հայաստանում գործող քաղաքական ուժերը գիտակցաբար կամ անգիտակցաբար չեն ստեղծել ընտրողի ինստիտուտ, որի առջեւ նրանք կստանձնեն պատասխանատվություն, եւ որը հարկ եղած դեպքում նրանց կզրկի իշխանությունից: «Փոխարենը նրանք ստեղծել են քվեարկողի ինստիտուտ, որի առջեւ նրանք պատասխանատվություն չեն կրում, եւ որը չի ձեւավորում նրանց կայուն ընտրազանգվածը: Այդ իսկ պատճառով Հայաստանի իշխանությունները երբեմն բավականաչափ պատասխանատու չեն եղել ընտրողների առջեւ, իսկ ընտրությունը չի կարող հասնել իշխանափոխության: Կայուն ընտրազանգվածի բացակայությունը ընդդիմությանը զրկել է սոցիալական հենարան ունենալուց, որը պետք է կարողանա հասնել իշխանափոխության»,-նշել է նախաձեռնության անդամը:
ՄԵՐԺԵԼ ԵՆ
«Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ նոյեմբերի 30-ին տեղի ունենալիք ոչ-ի երիտասարդական ֆորումը չի կայանալու, քանի որ իշխանությունների կողմից ճնշումների պատճառով «Double Tree by Hilton» հյուրանոցը մերժել է նրանց: «Հյուրանոցները նախ հաստատում են (համաձայնում են տարածք տրամադրել, խմբ.) հետո իշխանությունների հրահանգով խախտում մեզ հետ ունեցած պայմանավորվածությունները` հարուցելով խնդիրներ ոչ-ի քարոզչության համար»,-նշեց Մուսախանյանը:
ՀԱՄԵՍՏ ՀԱՐՈՒՍՏԸ
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին ընդունված է համարել համեմատաբար «համեստ» պաշտոնյա: Իսկ պատճառն այն է, որ նրա անունը այդքան էլ հաճախակի չի շոշափվում կոռուպցիոն պատմությունների մեջ: Սակայն Հարությունյանի ունեցվածքը վկայում է այն մասին, որ նա պարզապես գիտի ինչպես թաքցնել ունեցվածքը: Հարությունյանը 2014 թվականի տարեվերջի դրությամբ հայտարարագրել է 6.5 մլն դրամ եւ 20 հազար դոլար: Նրա ամսական աշխատավարձը կազմում է ավելի քան կես մլն դրամ: Նախարարի կինը՝ Նորինե Մանուկյանը, հայտարարագրել է 50 հազար դոլար, իսկ նրա տարեկան աշխատավարձը կազմել է ընդամենը 720 հազար դրամ: Սակայն առավել ուշագրավն այն է, որ Դավիթ Հարությունյանը պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է 6 բնակարան, մեկ անհատական բնակելի տուն եւ մեկ ամառանոց եւ մեկ հողամաս: Ու եթե Հարությունյանին էլ հարցնեն, թե որտեղից այդքան անշարժ գույք, կասի՝ պապուց է նվեր ստացել:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
10 ՄԻԼԻՈՆ` ԱՐՑԱԽԻՆ
Հինգշաբթի օրը Լոս Անջելեսում անցկացված «Մեր տունը» խորագրով համահայկական «Հեռուստամարաթոն 2015»-ը արձանագրել է 10 միլիոն 378 հազար 465 դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում: Հավաքագրված գումարը կուղղվի Արցախում 5 եւ ավել երեխաներ ունեցող ընտանիքներին տներով ապահովելուն, ինչպես նաեւ՝ բարերարների կողմից ընտրված նպատակային ծրագրերի իրականացմանը Հայաստանում եւ Արցախում:
ԶԵԿՈՒՑԵԼ Է
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին՝ Սահմանադրության փոփոխությունների՝ դեկտեմբերի 6-ի հանրաքվեի հետ կապված դատախազության իրավասությանն առնչվող հարցերի շուրջ զեկույցի համար: Գլխավոր դատախազը նախագահին զեկուցել է, որ դատախազությունում ստեղծվել է աշխատանքային խումբ` քարոզչության, բուն հանրաքվեի եւ դրան հաջորդող գործընթացների շրջանակներում քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը եւ իրենց դիրքորոշումը արտահայտելուն որեւէ ապօրինի միջամտության վերաբերյալ յուրաքանչյուր ահազանգի պատշաճ արձագանքելու նպատակով:
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԵԿԵԼ
Ֆրանսիան եւ Ռուսաստանը հետախուզական տվյալներ կփոխանցեն «Իսլամական պետության» (ԻՊ) եւ այլ զինյալ խմբավորումների վերաբերյալ՝ բարձրացնելու Սիրիայում իրենց օդային հարվածների արդյունավետությունը: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նախօրեին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո: Օլանդը հայտարարել է, որ իրենք համաձայնության են եկել Սիրիայում միայն «Իսլամական պետություն» եւ այլ ջիհադիստական խմբավորումներին հարվածներ հասցնելու հարցում:
ԷՐԴՈՂԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե ՌԴ-ի կողմից Սիրիայի կառավարությանը ցուցաբերվող օգնությունը լրջագույն սխալ է: ««Իսլամական պետության» դեմ պայքարի առիթով հարվածներ հասցնել ընդդիմադիր խմբավորումներին, որոնք ունեն միջազգային ճանաչում, «խաղ է կրակի հետ»: Մենք սրտանց խորհուրդ ենք տալիս Ռուսաստանին «չխաղալ կրակի հետ»»,¬ ասել է Թուրքիայի նախագահը:
ՆՈՐ ԴԵՍՊԱՆ
Երեկ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Դանիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստիան Դոնս Քրիստենսենը (նստավայրը՝ Կիեւ): Ս. Սարգսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:
ՉԵՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ
«Չեք անցկացնի» նախաձեռնությունը, որը պայքարում է սահմանադրական փոփոխությունների դեմ, նոյեմբերի 30-ին պետք է անցկացներ ոչ-ի երիտասարդական ֆորում, որը չի կայանա, քանի որ իշխանությունների կողմից ճնշումներ են առկա: Այս մասին երեկ ահազանգել է նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը: «Մեզ ասացին, որ հրահանգ է եղել վերեւից, որ դահլիճ չտրամադրեն մեզ: Իրենք էլ վախեցել են վտանգել իրենց բիզնեսը»,- ասել է նա: