ՊՆ-ն զինվորականների վերջնահաշվարկը չի տալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարության Գեղարքունիքի մարզի N զորամասի զինվորականները հայտնվել են անելանելի վիճակում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ արդեն երեք ամիս է, ինչ զինվորականները չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք աշխատավարձի վերջնահաշվարկը:

Եվ այսպես՝ «Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած զինվորականներից մեկը, որի անունը հարգելի պատճառով չենք հրապարակում, հայտնեց, որ արդեն երկար տարիներ աշխատում է ՀՀ պաշտպանության նախարարությունում, կոչումով ենթասպա է. «Գեղարքունիքի մարզի N զորամասում ծառայում եմ 2002 թվականից: Նախարարի հրամանը կա, երբ պայմանագիրդ վերջանում է, եւ նոր պայմանագիր ես կնքում, որ ցանկանում ես մնալ համակարգում, քեզ պարտավոր են աշխատավարձի վերջնահաշվարկ տալ: Ապրիլին իմ պայմանագիրը լրացավ եւ նորից պայմանագիր կնքեցի, որ ցանկանում եմ համակարգում մնալ: Ինձ պետք է վերջնահաշվարկ տային, բայց մինչ օրս չեն տալիս»:

Մեր զրուցակցի խոսքերով` իրեն հասանելիք վերջնահաշվարկի գումարը կազմում է մոտ 440 հազար դրամ. «Նախարարության ֆինանսաբյուջետային բաժնի հաշվապահ տիկին Գրետան մեզ մեկ ասում է, թե համապատասխան թղթեր կան պակաս, թղթերն ներկայացրեցի, դրանից հետո զանգահարում եմ, ասում է՝ երբ կլինի գումարը, հիմա ժամանակ չունեմ, չեմ կարող ասել, մի խոսքով, անընդհատ այսպես են պատասխանում ու, կոպիտ ասած, ականջի հետեւ են գցում: Արդեն երեք ամիս է՝ այս վիճակում եմ»:
Մեր զրուցակցից պարզեցինք, որ խնդրի հետ կապված դիմել է զորամասի հրամանատարական կազմին, ոտեղից պատասխանել են, թե սպասեք, կտան. «Սա առաջին դեպքը չէր, որ զինվորականները նման իրավիճակում են հայտնվում, եղել են դեպքեր, որ էլի ուշացրել են կամ չեն տվել»: Գեղարքունիքի մարզի N զորամասի զինվորականից տեղեկացանք, որ զորամասում մոտ 15 զինվորական կանգնած են այս նույն խնդրի առաջ. «Նույնիսկ կան մարդիկ, որ հունվարից սպասում են, բայց դեռ չեն ստացել»:

«Ժողովուրդ»-ը պարզաբանում ստանալու նպատակով զրուցեց ՀՀ պաշտպանության նախարարության ֆինանսաբյուջետայինի վարչության մասնագետ տիկին Գրետայի հետ, որը հայտնեց, թե ծավալը շատ մեծ է, ինքը հորդորել է զինվորականներին համբերել. «Բայց բողոքում են, ինչ անեմ, մարդիկ գումար չունեն, դրա համար էլ բողոքում են, բայց պետք է սպասեն իրենց հերթին, այլ բան չեմ կարող ասել»:
Զրուցեցինք նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության ֆինանսաբյուջետայինի վարչության հաշվարկային բաժնի պետ Լիլիթ Հակոբյանի հետ՝ հետաքրքրվելով, թե ինչով են պայմանավորված ուշացումները, ինչո՞ւ են ամիսներ շարունակ ուշացնում զինվորականների վերջնահաշվարկները. «Բայց ով ասեց, որ վերջնահաշվարկը ուշացնում են, կամ ով ասեց, որ իրենք բոլոր թղթերը ներկայացրել են, օդի մեջ տեղեկություն եք ասում: Եթե խնդիր ունեն, համակարգի աշխատող են, ոչ թե թերթին են դիմում, այլ պետք է դիմեն իրենց վերադասներին»:

Մեր այն դիտարկմանը, որ զինվորականները վերադասներին դիմել են, տրամաբանական բացատրություն չեն ստացել, դրա համար էլ մեզ են դիմել: Ի վերջո, թերթին որեւէ խնդրով դիմելը ինչո՞ւ է ՊՆ-ի համար անցանկալի արարք, Լիլիթ Հակոբյանը պատասխանեց. «Ես լավ ծանոթ եմ դեպքերին, եւ դրանք ընթացքի մեջ են, եթե որեւէ խնդիր կա, կրկնում եմ՝ թերթին չեն դիմում, այլ շտաբին են դիմում: Հաշվապահությունը չի ուշացնում: Ժամանակագրային առումով թղթերը մուտք են լինում, եւ հաշվարկներ են իրականացվում»: Ահա, այսպես ստեց Լիլիթ Հակոբյանը ու թերեւս չկարմրեց էլ իր այդ պահվածքի համար:

Մենք ստիպված եղանք զրուցել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ: Վերջինս անկեղծորեն ասաց, թե խնդրին ծանոթ չէ. «Գրավոր ուղարկե՛ք Ձեր հարցը, հասկանանք, թե ինչ խնդիր կա»: Այդպես էլ արեցինք. սպասում ենք ՊՆ-ի պատասխանին՝ հասկանալու համար, թե ինչու են միջին օղակներում մեկը մյուսի վրա գցելով՝ խույս տալիս պատասխանատվությունից: Ի վերջո, մարդիկ իրենց հասանելիք գումարն են ուզում ՊՆ-ից, այլ ոչ թե ողորմություն կամ նվեր:

Քնար Մանուկյան




Լրահոս