Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մնացել է երկու օր, եւ արդեն իսկ կարելի է կանխատեսել, որ այս քվեարկությունը չի տարբերվելու նախորդներից: Անկախ գրանցվելիք արդյունքներից` մի բան հստակ է. խորհրդարանական կառավարումը չի կարող արդյունավետ լինել կուսակցական համակարգ չունեցող երկրում:
Այն, որ խորհրդարանական կառավարման համակարգը Հայաստանի համար ամենեւին էլ դրական ապագա չի խոստանում, փաստում է պատմությունը: ԽՍՀՄ անկումից հետո Հայաստանում առաջացան կուսակցություններ, որոնք հիմնված էին անձերի կամ բարձր պաշտոն ստանալու փափագի վրա: Գաղափարական հենք ունեցող կուսակցությունների բացակայությունը հստակորեն խաթարում է խորհրդարանական համակարգը: Դրա վառ վկայությունը հենց Իտալիան է, որտեղ Ներկայացուցիչների պալատում ներկայացված են 10, իսկ Սենատում` 9 խմբակցություններ: Այսպիսի ժողովրդավարությունը վատ եւ ոչ պրոֆեսիոնալ կառավարման պարագայում անխուսափելիորեն հանգեցնում է անիշխանության, եւ արդյունքում կառավարության գործունեության արդյունավետությունը նվազում է, իսկ քաղաքական դաշտը վերածվում է քաոտիկ խառնաշփոթի, ինչպես հենց նույն Իտալիայում:
Իսկ, ահա, Հայաստանում գաղափարական հենքով կուսակցական համակարգ ստեղծելու տապալված փորձը եղավ 1990-ականներին: ՀՀՇ-ի ու Կոմկուսի միջեւ ծավալված գաղափարական պայքարին հաջորդեցին նույնօրինակ հակասությունները հենց ՀՀՇ-ի ներսում եւ արդյունքում ծագեց ՀՀՇ-ԱԺՄ հակադրությունը: ՀՀՇ-ն գաղափարական հակադրության մեջ էր նաեւ ՀՅԴ-ի հետ: 1995թ. խորհրդարանական ընտրություններում իշխանությունը ներկայացնող «Հանրապետություն» միավորումը հավակնում էր դառնալ աջ ուժերի լոկոմոտիվը, իսկ Տեր-Պետրոսյանը կանխատեսում էր, որ ձախ եւ մարգինալ բլոկների ձեւավորումից հետո քաղաքական ինստիտուտները Հայաստանում վերջնականապես ձեւավորված կլինեին: Սակայն 1998թ. հունվարին հաշված ժամերի ընթացքում «Հանրապետությունը» դարձավ փոքրամասնություն:
Արհեստականորեն ձեւավորված «Միասնություն» դաշինքն էլ հոկտեմբերի 27-ից հետո պառակտվեց ու եկավ կուսակցական համակարգի անապատացման շրջափուլը, որ ծաղկում է նաեւ մեր օրերում: Հատկանշական է, որ ՀՀՇ-ի կորիզը՝ ի սկզբանե ձեւավորված գաղափարական հենքի վրա, իշխանություն լինելով հանդերձ` տուրք էր տալիս գաղափարական հակադրությանը, ինչով եւ բացատրվում է ՀՀՇ-ԱԺՄ եւ ՀՀՇ-ՀՅԴ պայքարը: «Միասնություն» դաշինքն էլ կառուցված էր բացառապես Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի անհատականությունների վրա եւ միայն բանակն իր թիկունքում ունենալով էր պահում իշխանությունը: Քոչարյանը գաղափարական գործիչ չէր, ուստի կայացած կուսակցական համակարգ նրան ամենեւին հարկավոր չէր, ինչի պատճառով էլ սկսեց մեկիկ-մեկիկ քանդել ու մանրացնել ցանկացած միավորում: Սերժ Սարգսյանը շարունակեց կուսակացությունները մասնատելու ծրագիրը այն տարբերությամբ, որ այդ բեկորները չի թողնում գետնին, այլ կենտրոնացնում է իր ամպհովանու տակ:
Արդյունքում` այս պահին Հայաստանում կայուն ընտրազանգված ունեցող կուսակցություն որպես այդպիսին չկա, թերեւս բացի ՀԱԿ-ից ու ՀՅԴ-ից, այն էլ խոսքը ոչ ավելի, քան 3-6 տոկոսի մասին է: Ամենից հետաքրքիրն այն է, որ խորհրդարանական համակարգը քարոզում են կուսակցությունները թաշկինակի պես փոխած, օրվա նախագահին աստված համարող, կերակրատաշտին ամեն գնով մոտ լինելու մարմաջով անսկզբունքային գործիչները, որոնք Կոմկուսի, ՀՀՇ-ի, ՀՀԿ-ի անդամատոմսերը շարունակում են թաքցնել պահարանում` հայտնի ֆիլմի` «опять власть меняется» լոզունգով:
Արդ, նման քայքայված, առանց փողի համակիրների խնդիր ունեցող, ապագաղափարական կուսակցություններով խորհրդարանական կառավարման ենք անցնում: Եթե անգամ վեր կանգնենք Սերժ Սարգսյանի` գենսեկ դառնալու տեսությունից եւ կենտրոնանանք զուտ խորհրդարանական կառավարման վրա, ակնհայտ է, որ դրա կարեւորագույն բաղադրիչը համարվող կուսակցական համակարգը Հայաստանում գոյություն չունի: Ուստի խորհրդարանական կառավարումը այսպիսի պայմաններում բացի վնասից, որեւէ այլ արդյունք չի ունենա:
Սահմանադրական փոփոխությունների ամենակարեւոր հանգամանքը, սակայն, այն է, որ նախաձեռնողը` Սերժ Սարգսյանը եւս դեմ է խորհրդարանական համակարգին: Դեռեւս 2014թ. ապրիլին Սարգսյանը հայտարարեց, որ ինքը նախընտրում է կիսանախագահական համակարգը, իսկ արդեն 2015թ. մարտին պնդեց, որ խորհրդարանական համակարգը չի ապահովում Հայաստանի ներքին ու արտաքին անվտանգությունը: Սա ակնհայտորեն անբնական իրավիճակ է, որովհետեւ չի կարող գործընթացի նախաձեռնողն անձամբ դեմ լինել դրան: Ավելին` Սերժ Սարգսյանի կուսակիցները, որ նրա որոշումներին անգամ խեթ հայացք ձգելու իրավունք չունեն, պարզվում է՝ սոխակ են դարձել ու գովում են իրենց առաջնորդին մտահոգություն պատճառող համակարգը:
Կասկած չկա, որ ՀՀԿ-ականները հրապարակային ասում են այն, ինչ ցանկանում է Սերժ Սարգսյանը: Ստացվում է, որ կա՛մ Սարգսյանը անկեղծ չէ իր հրապարակային պնդումներում, կա՛մ ՀՀԿ-ականները վերջապես հաղթահարել են իրենց սարսուռը Սերժ Սարգսյանից: Իրականում, սակայն, Սերժ Սարգսյանը լիովին կողմ է խորհրդարանական համակարգին, քանզի հակառակ դեպքում այդ նախաձեռնությամբ հանդես չէր գա: Չի գտնվի գեթ մեկ մարդ, որ հավատա, թե իբր Գագիկ Հարությունյանն ու իր հանձնաժողովը կարողացել են համոզել Սերժ Սարգսյանին խորհրդարանական կառավարման արդյունավետության մեջ: Պարզապես, այս համակարգով Սերժ Սարգսյանն իրեն դարձնում է անփոխարինելի, իսկ ժողովրդին` ՀՀԿ-ի տատի, որ օրուգիշեր պիտի աղոթի իր համար: Այս ամենի մեջ հստակ է միայն մեկ բան` այո-ի հաղթանակի դեպքում դեկտեմբերի 7-ին արթնանալու ենք նեո-սովետական Հայաստանում` «վերջիբոլշեւիկյան» վատագույն ավանդույթներով:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Նախորդ մասը` այստեղ