Հոկտեմբերի ցուցանիշները ևս Հայաստանի տնտեսության համար ոչ մի լավատեսեւթյուն չեն պարունակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա 10 ամիսների սոցիալ-տնտեսկան վիճակի վերաբերյալ պաշտոնական վիճակագրության արդյունքները, ըստ որոնց՝ հոկտեմբերի ցուցանիշները եւս Հայաստանի տնտեսության համար ոչ մի լավատեսեւթյուն չեն պարունակում:

Նախ սկսենք նրանից, որ, ինչպես նախորդ ժամանակաշրջաններում, հոկտեմբերին եւս առեւտրի շրջանառության անկում է արձանագրվել: Մասնավորապես, այս տարվա տասն ամիսների արդյունքներով առեւտրի շրջանառությունը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 6,4 տոկոսով, կամ նույնն է թե` 124 միլիարդ 217 միլիոն դրամի չափով: Ըստ այդմ, կարող ենք արձանագրել, որ անցած տարվա համեմատ Հայաստանի սպառողի գնողունակությունը նվազել է հենց վերը նշված թվի չափով: Ի դեպ, հատկապես մանրածախ առեւտուրը, որն ընդհանուր առետրի 58 տոկոսն է կազմում, նվազել է 8,3 տոկոսով: Այսինքն՝ առեւտի անկում հիմնականում բաժին է հասնում հենց մանրածախ առեւտրին, ասել կուզի, որ գնողունակությունը հատկապես նվազել է հենց բնակչության մոտ, իսկ մեծածախ առեւտրի դեպքում պատկերը համեմատաբար բարվոք է:

Ինչ վերաբերում է արտաքին առեւտրաշրջանառության ցուցանիշներին, այս տարվա տասն ամիսների արդյունքներով արտահանումը նվազել է 2,2 տոկոսով: Ի դեպ, այս ցուցանիշը հնարավոր է եղել ապահովել պղնձի խտանյութի արտահանման մոտ 50 տոկոս աճի պայմաններում: Եթե պղնձի խտանյութի արտահանման ծավալներն այդքան կտրուկ չաճեին, ապա իրավիճակի ողբերգականությունը նույնիսկ պաշտոնական վիճակագիրները չէին կարողանա թաքցնել: Ինչեւէ, դեպի ԱՊՀ երկրներ արտահանման ծավալները տասն ամիսների արդյունքով նվազել են 27,5 տոկոսով: Արտաքին առեւտրաշրջանառության տեսանկյունից ԱՊՀ երկրներից Հայաստանի հիմնական գործընկերը Ռուսաստանն է: Հայաստանից դեպի ՌԴ արտահանումն այս տարվա տասն ամիսների արդյունքներով, անցած տարվա համեմատ, նվազել է մոտ 30 տոկոսով:

Անցած տարվա տասն ամիսներին Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 253 մլն 773 հազար դոլարի ապրանք, այս տարի այդ ցուցանիշը կազմել է 179 մլն 140 հազար դոլար: Եվրամիության երկրների դեպքում արտահանման անկումն ընդամենը կազմել է 0,9 տոկոս: 2014-ի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Հայաստանից ԵՄ երկրներ է արտահանվել 371 միլիոն 941 հազար դոլարի ապրանք, այս տարի այդ թիվը եղել է 368 միլիոն 649 հազար դոլար: Ի դեպ, այս տարվա տասն ամիսներին ներմուծման ցուցանիշը եւս նվազել է 26,6 տոկոսով, կամ նույնն է թե՝ 970 մլն 471 հազար դոլարի չափով: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի գնողունակությունը, անցած տարվա համեմատ, մոտ մեկ միլիարդ դոլարի չափով նվազել է:

Միակ ցուցանիշը, որ ամեն ամիս շարունակում է հաստատուն աճել, Հայաստանի պարտքի չափն է: Տասն ամիսների արդյունքով Հայաստանի արտաքին պարտքը դարձել է 4 միլիարդ 827 մլն դրամ: Միայն հոկտեմբերին Հայաստանի պարտքն աճել է 48 մլն 496 հազար դոլարով: Ի դեպ, այս տարվա տասն ամիսների ընթացքում ՀՀ կառավարությունը ստորագրել է 15 վարկային համաձայնագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան մեկ միլիարդ դոլար: Այդ գումարների մի մասը նոր-նոր պետք է ստացվի, ուստի արդեն իսկ կարող են կանխատեսել, որ տարեվերջին Հայաստանի պարտքը էլ ավելի կաճի եւ կգերազանցի հինգ միլիարդ դոլարի սահմանագիծը: Հարկ է նշել, որ ներկա վիճակում Հայաստանի պետական պարտքը ՀՀ պետական բյուջեն գերազանցում է մոտ երկու անգամ:

Ի դեպ, այս տարվա տասն ամիսներին բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը, անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, մնացել է նույնը: Սակայն առանձին տրանսպորտային միջոցների կտրվածքով բեռնափոխադրումների անկում է արձանագրվել: Մասնավորապես, երկաթուղային բեռնափոխադրումները նվազել են 19 տոկոսով, երկաթուղային բեռնափոխադրումները 18 տոկոսով, իսկ խողովակաշարային բեռնափոխադրումը, կամ այլ կերպ ասած՝ գազի փոխադրումը նվազել է մոտ 2 տոկոսով: Աճել է միայն ավտոմոբիլային բեռնափոխադրումը` 11,2 տոկոսով: Հենց այս ցուցանիշի շնորհիվ էլ հնարավոր է եղել խուսափել ընդհանուր ծավալի անկում արձանագրելուց:

Մի խոսքով, պաշտոնական վիճակագրության տվյալներն ուսումնասիրելիս հնարավոր չէ գտնել լավատեսության հույսեր տվող գործընթացների վերաբերյալ հուշող ինչ-որ տվյալներ: Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի ողջ տնտեսությունը ներկայումս ընդամենը մեկ խնդիր է փորձում լուծել` հիմնահատակ չփլվել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս