1988 թվական, դեկտեմբերի 7: Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որը հետագայում անվանվեց Սպիտակի երկրաշարժ: Երկրաշարժն ընդգրկեց Հայաստանի մոտ մեկ երրորդը` ցնցելով Երևանից հետո երկու ամենամեծ քաղաքները՝ երկրի մշակութային մայրաքաղաք Գյումրին ու Վանաձորը, և դրանք վերածեց աղետի գոտու:
Երկրաշարժի հետևանքով փլուզվեցին և ավերակների վերածվեցին հազարավոր շինություններ, զոհվեցին տասնյակ հազարավոր մարդիկ:
Անսպասելի աղետը հանկարծակիի բերեց ծայրահեղ իրավիճակում գործելու կոչված կազմակերպություններին և ծառայություններին: Կազմակերպված փրկարարական աշխատանքները հունի մեջ մտան 2-3 օր հետո: Երկրաշարժի առաջին րոպեներից անձնուրաց աշխատում էր ազգաբնակչությունը: Սակայն նրանց փորձի և շատ հաճախ ծայրահեղ իրավիճակներում գործելու տարրական գիտելիքների պակասը բացասաբար էին անդրադառնում փրկարարական աշխատանքների արդյունավետության վրա, երբեմն` պատճառ դառնում անտեղի զոհերի: Խիստ զգացվում էր անհրաժեշտ փրկարարական տեխնիկայի պակասը:
Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից, զոհված կամ կենդանի, հանվել է ավելի քան 45000 մարդ, հոսպիտալացվել` 12500 մարդ:
Սպիտակի երկրաշարժը խլեց 25-30 հազար կյանք, հարյուր-հազարավոր մարդիկ կորցրին իրենց տանիքը: Մինչև այսօր դեռևս կան չլուծված բազմաթիվ հարցեր և հազարավոր տխուր ու լավ ապագայի հույսը կորցրած բազմաթիվ մարդիկ: