ՆԱՋԱՐՅԱՆԸ ԿՐԿԻՆ «ՓՈՇՄԱՆԵԼ» Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014 թվականի ապրիլի 10-ին՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծը մշակած հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ, Սերժ Սարգսյանն ասել էր. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես` Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվելու նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդ երկու անգամից ավել իր կյանքի ընթացքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»: Այս տարվա հուլիսի 17-ին էլ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ դրանից մեկ օր առաջ տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Սահմանադրության փոխվելուց հետո ինքն ԱԺ նախագահի պաշտոնին եւս չի հավակնում: Բայց կարծես թե Սերժ Սարգսյանը փոշմանել է եւ նախօրեին մի քանի հեռուստալրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով իր ապագայի մասին՝ ասել է. «Այսօր այդ հարցը իրենից այդքան հետաքրքրություն չի ներկայացնում: Ես բոլորին եւ ձեզ անձամբ խոստանում եմ 17 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո շատ մանրամասն պատասխանել բոլոր հարցերին, որովհետեւ այն ժամանակ է որոշվելու: Ես ինչու եմ ասում 17 թվականից հետո, որովհետեւ լրջորեն խոսել վարչապետ դառնալու կամ կառավարություն ձեւավորելու մասին, կարելի է այն ժամանակ, եթե դու խորհրդարանում մեծամասնություն ունես: Իսկ եթե խորհրդարանում մեծամասնություն չունես, Սահմանադրությունը փոխված է, փոխված չէ, ինչպես պետք է վարչապետ աշխատես, ինչպես պիտի վարչապետ դառնաս, չկա այդ հնարավորությունը»: Երբ լրագրողը հետաքրքրվեց.«Դուք այժմ հրաժարվո՞ւմ եք ձեր խոսքերից», Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Ես իմ խոսքերից հիմնականում չեմ հրաժարվում, լինի դա կենցաղում թե քաղաքականության մեջ: Ես խոստանում եմ ընտրություններից (2017-ի ԱԺ ընտրություններից,- խմբ.) հետո մանրամասն խոսել իմ ծրագրերի մասին»: Այսպիսով՝ Սերժ Սարգսյանը կրկին անգամ ապացուցեց, որ անգամ ինքն իր խոսքերին լուրջ չի վերաբերվում. այսօր ասում է, վաղը փոշմանում:

 

 

 

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, որն ընդամենը 40 տարեկան է, իր աշխատանքային գործունեության ողջ ընթացքում եղել է պետական կառավարման համակարգի ծառայող: Սակայն դա նրան չի խանգարել, որպեսզի պետական մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձով կարողանա 15 մլն դրամ, 80 հազար դոլար եւ 2 հազար եվրո դրամական միջոց կուտակել: Այդ տվյալները նշված են նրա պաշտոնական հայտարարագրում: Դժվար է ասել, թե Վիգեն Սարգսյանը վերջին տարիներին ինչու հատկապես դարձավ իշխանական վերնախավի սիրելին. գուցե այն պատճառով, որ նա ե՞ւս սկսեց պետական պաշտոն զբաղեցնելով՝ հարստանալ, թե՞ ԱՄՆ-ի հետ ունեցած նրա կապերն են այդ «վստահության» պատճառը: Հիշեցնենք, որ տարիներ առաջ Վիգեն Սարգսյանի անվան շուրջ մամուլում սկանդալային հրապարակումներ տարածվեցին, որոնցում ակնարկվում էր Սարգսյանի եւ ամերիկյան հատուկ ծառայությունների «փոխադարձ սիրո» մասին:

 

 

 

 

Հանցավոր խումբ ստեղծելու եւ ծանր հանցագործություններ ծրագրելու մեջ մեղադրվող անձանց՝ նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում ձերբակալելու պատմությունը մինչ օրս բազմաթիվ չպարզաբանված հարցեր ունի: Այդպես էլ չի պարզաբանվում, թե այդ ինչպես է ստացվել, որ մեծ քանակությամբ զենքերի եւ պայթուցիկների պայմաններում ձերբակալության ժամանակ ոչ մի կրակոց եւ դիմադրություն չի եղել: «Ժողովուրդ»-ը կալանավորվածների փաստաբաններից տեղեկություններ ստացավ այն մասին, որ իրավապահները մինչեւ բնակարան մուտք գործելը կասկածյալների նկատմամբ հատուկ միջոց հանդիսացող ձայնալուսային նռնակներ են օգտագործել: Այդ հատուկ միջոցը նախատեսված է փակ տարածքներում զինված հանցագործներին վնասազերծելու համար: Նռնակի պայթյունից հետո մարդն առնվազն տասը րոպե իրականության զգացողությունը կորցնում է եւ չի գիտակցում, թե շուրջ բոլորն ինչ է կատարվում: Եթե վերը բերվածին ավելացնենք, որ գրոհը վաղ առավոտյան էր իրականացվել, հասկանալի կդառնա, որ խմբի անդամներն արձագանքելու շանս անգամ չեն ունեցել:

 

 

 
Այսօր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչության վերջին օրն է: Վաղը՝ որոշիչ «ճակատամարտից» առաջ, իշխանությունները վերջին պատրաստությունները պետք է տեսնեն: Ինչպես հայտնի է՝ պաշտոնապես արդեն հայտարարվել է, որ դեկտեմբերի 6-ին նշանակված սահմանադրական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող ընտրողների թիվը կազմում է 2 միլիոն 552 հազար: Իսկ սահմանադրական փոփոխությունները անցկացնելու համար իշխանությունները պետք է ապահովեն առնվազն 640 հազար այո: Ոչ-ի կողմնակիցները, բնականաբար, չպետք է թույլ տան, որ դա տեղի ունենա: Մյուս տարբերակով էլ ոչ-ի կողմնակիցները պետք է կարողանան այնպես անել, որ սահմանադրական փոփոխություններին դեմ ձայների թիվը ավելի մեծ լինի, քան կողմերի թիվը: Իհարկե, արդեն հայտնի է, որ իշխանությունները հիմնական շեշտը դնելու են գյուղական համայնքների վրա, ինչպես 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ, որպեսզի հասնեն իրենց համար ցանկալի արդյունքի:

 

 

 

 

ՋԱՅԼԱՄԱՅԻՆ

Սահմանադրական փոփոխություններից ընդամենը 3 օր առաջ հրապարակված իր հեռուստահարցազրույցում Սերժ Սարգսյանն այդպես էլ որեւէ կերպ չանդրադարձավ դեկտեմբերի 1-ից Ազատության հրապարակում ընդդիմության սկսած պայքարին (ընդ որում, ուշագրավ էր, որ նրան այդ մասին որեւէ հարց չուղղեցին մեր բազմաթիվ անկախ, բայց տարեցտարի է՛լ ավելի պատասխանատու դարձող հեռուստաընկերությունների ներկայացուցիչները): Եթե Ս. Սարգսյանը սրանով փորձեց ցույց տալ, որ լուրջ չի ընդունում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատին անդամակցող ուժերին, դա անհասկանալի եւ արհեստական կեցվածք է, քանի որ նախ` ՀՀ-ն այնքան փոքրիկ երկիր է, որ անգամ մի քանի հազար մարդու ներկայությունը Ազատության հրապարակում չի կարող եւ չպետք է անտեսվի երկրի նախագահի կողմից, ով, ի դեպ, իրեն հայտարարել էր Հայաստանի բոլոր քաղաքացիների նախագահը` անկախ նրանց կատարած ընտրությունից: Ուրեմն իրեն նաեւ Ազատության հրապարակում սառչող քաղաքացիների նախագահը համարող Սարգսյանն ուղղակի պարտավոր էր իր խոսքն ուղղել նրանց` այդպիսով ցույց տալով, որ զգում է իր պատասխանատվությունը նաեւ այդ քաղաքացիների հանդեպ:
Իհարկե, Ս. Սարգսյանի այդ հարցազրույցը կարող էր եւ նկարահանված լինել մինչեւ դեկտեմբերի 1-ը: Ի վերջո, նախագահականի «տղաները» ահագին աշխատանք էին տարել` մոնտաժելով այդ երկարաշունչ նյութը, սակայն արդեն դրան հաջորդած երեկվա ՀՀԿ ԳՄ նիստում եւս ընդդիմության գործողութունները անտեսելով` հանրապետականներն առավել ընդգծված կերպով փորձեցին ցույց տալ, որ իրենց ամենեւին չեն մտահոգում Ազատության հրապարակից հնչող «մահ ռեժիմին» կոչերն ու «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հայտարարած հեղափոխությունը:
Թե որքանով է նման կեցվածքը ճիշտ հանրապետականների դեպքում, գնահատելն անշնորհակալ գործ է, սակայն, այնուամենայնիվ, Մելիք Ադամյանում պետք է որ գիտակցեին՝ այսօր Սերժ Սարգսյանի «ռեժիմին մահ» ասողները եւ նրա առաջարկած սահմանադրական փոփոխությունների նախագիծը մերժողները վստահաբար շատ ավելի մեծ թիվ են կազմում, քան այն մի քանի հարյուր կամ հազար քաղաքացիները, ովքեր սառչում են Ազատության հրապարակում:
Եւ եթե հեղափոխության իրականացման շանսերը ՀՀԿ-ում զրոյական են համարում` նկատի ունենալով նաեւ իրենց տիրապետության ներքո գտնվող իրավապահ համակարգի ռեպրեսիվ գործիքակազմը, որը նրանք կկիրառեն անհրաժեշտ պահին, ապա չարժի նույնքան հանգիստ լինել սահմանադրական փոփոխություններին ոչ ասողների թվաքանակի հարցում: Ըստ ամենայնի, սա հասկանում են ՀՀԿ-ում, որտեղ «ջայլամային» կեցվածք ընդունելով հանդերձ` դեկտեմբերի 1-ից սկսած` ավելի հաճախ են սկսել կրկնել, որ այս սահմանադրական հանրաքվեն իրենց համար կյանքի-մահու խնդիր չէ, եւ որ ՀՀԿ-ի համար ողբերգություն չի լինի, եթե այն չանցնի:




Լրահոս