ՍՈՒՍԻԿ-ՓՈՒՍԻԿ ՆԱԽԱՐԱՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ցանկացած կառավարության կազմում էկոնոմիկայի նախարարը համարվում է ամենաառանցքայիններից մեկը, քանի որ նրա գործունեությունը չափազանց կարեւոր է պետության համար: Հայաստանում, սակայն, այս ընդունված կարծրատիպը տեղ չունի, որովհետեւ շատ վաղուց մենք պատկերացում չունենք էկոնոմիկայի նախարարի գործառույթների մասին: Դրանք, իհարկե, հստակեցված են, սակայն նախարարի պաշտոնը զբաղեցնողներն այնքան են անցել ընդհատակ, այնքան չեն զբաղվել էկոնոմիկայի հարցերով, որ նախարարի պաշտոնն ու նախարարությունը դարձել են ավելորդ:
Դա հատկապես ակնհայտ դարձավ, երբ էկոնոմիկայի նախարար նշանակվեց Տիգրան Դավթյանը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի հերթական սիրելի «արբանյակը»: Տ. Դավթյանը, իհարկե, լուրջ ու հիմնավոր կրթություն ստացած անձնավորություն է. 1978-ին ընդունվել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետ, երրորդ կուրսն ավարտելուց հետո տեղափոխվել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ՝ տնտեսագիտական կիբեռնետիկա մասնագիտությամբ: 1984-ին վերադարձել է ծննդավայր Երեւան ու աշխատանքի անցել Հաստոցաշինական միավորումում որպես ճարտարագետ-տնտեսագետ: Բանակում չի ծառայել: Երեւի ծնողները կարողացել են լուծել բանակից ազատվելու հարցերը… 1987թ. տեղափոխվել է ՀԽՍՀ պետական պլանային կոմիտե ու զբաղեցրել առաջատար, ապա գլխավոր մասնագետի պաշտոնները: 1991-ին տեղափոխվել է նորակազմ էկոնոմիկայի նախարարություն, այստեղ մի շարք պաշտոններ զբաղեցրել եւ հասել վարչության պետի պաշտոնին: 7 տարի աշխատել է այստեղ, հետո նախարարությունը վերակազմավորվել է ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության, որտեղ էլ զբաղեցրել է  վարչության պետի տեղակալի, ապա  պետի պաշտոնները: 2001-ին նշանակվել է ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարի տեղակալ, 2001-2007թթ.՝ ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ, 2007-2008թթ.՝ «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, 2008-2010թթ.՝ ՀՀ ֆինանսների նախարար, իսկ 2010թ. դեկտեմբերի 17-ից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար: Այդ պաշտոնում նա վերանշանակվել է 2012թ. հունիսի 16-ին, եւ, ըստ ամենայնի, կվերանշանակվի նաեւ առաջիկա օրերին:
Ինչպես տեսնում ենք, ընթացքը եղել է հանդարտ, գուցեեւ՝ պատճառաբանված, որովհետեւ անցել է պաշտոնական բոլոր աստիճաններով, որեւէ անսպասելի թռիչք չի եղել նրա կյանքում: Արտաքուստ էլ չի նմանվում մի շարք նախարարների, որոնք երեւի զուգարան անգամ գնում են ծառայողական մեքենայով: Հաճախ է երեկոյան կնոջ ու երեխաների հետ քայլում Երեւանի փողոցներում… Տ. Դավթյանի ունեցվածքի ու դիզած հարստությունների մասին էլ ոչինչ չեն գրում ու խոսում: Նշանակում է՝ նրա ունեցվածքն այնքան չէ, որ աչք զարնի: Նրա կնոջ 1 տարվա եկամուտը կազմել է 5 մլն 400 դրամ: Սա արդեն վատ ցուցանիշ չէ, նշանակում է՝ նախարարը կարողացել է իր տիկնոջ համար այնպիսի աշխատանք գտնել, որի տարեկան հաշվեգումարը 3 անգամ գերազանցում է ակադեմիկոսի տարեկան աշխատավարձը: Նախարարի տարեկան եկամուտներն էլ կազմել են 3 մլն 255 հազար դրամ: Ոչ մեծ ընտանիքի համար (իսկ նախարարի ընտանիքը կազմված է չորս անձից` երկու անչափահաս երեխա ունի) 8 մլն 255 հազար 400 դրամը քիչ գումար չէ…
Դավթյանը կառավարությունում ունի հպատակվող, երբեք սեփական նախաձեռնություններով հանդես չեկող նախարարի համարում: Նա, ըստ էության, դարձել է վարչապետի հանձնակատարը, ու շատ հաճախ ինքն է դառնում հարձակումների թիրախ, երբ հատկապես խորհրդարան է բերում այնպիսի օրինագծեր, որոնք, մեղմ ասած, ընդունվում են որոշ խավերի թիկունքում: Այսպես, վերջերս բավական սկանդալային հնչողություն ունեցան «Շրջանառության հարկի մասին» եւ «Արտոնագրային վճարների մասին» օրինագծերը: «Ցանկացած հարկային փաթեթ չի երջանկացնում եւ ուրախացնում բիզնեսին: Իհարկե, այդ հատվածի համար դա տհաճ է, բայց այս երկիրն ունի սոցիալական խնդիրներ, որոնք պետությունը լուծելու համար պետք է մասնավորին էդ պարտավորությունների տակ դնի: Բյուջեն մեր բոլորի բյուջեն է, միայն կառավարության խնդիրը չէ: Բյուջեի եկամուտները համալրելը բոլորիս խնդիրն է»,-ի պաշտպանություն օրինագծի՝ ասել է Դավթյանը: Ի՞նչ է սա նշանակում, փոխանակ հոգ տարվի տնտեսության բարելավման, երկրում տնտեսական նոր համակարգի ձեւավորման, հարկային բեռի թեթեւացման մասին, նախարարի պաշտոնակատարը բյուջեի կատարումը պայմանավորում է հարկային խստացումներով, ինչը ցանկացած երկրում տանում է տնտեսության քայքայման: Ուրեմն պարզորեն կարող ենք ասել, որ Դավթյանը ոչ թե իր անմիջական գործառույթներն է իրականացնում, ոչ թե էկոնոմիկան ղեկավարող անձ է, այլ ընդամենը ֆինանսների նախարարին կցված անձնավորություն…
Բնականաբար, նա շատ ձեռնտու է վարչապետի ու երկրի նախագահի համար, որովհետեւ մինչեւ այսօր նրա գլխավորած նախարարությունը որեւէ հայեցակարգ կամ ամբողջական ծրագիր չի ներկայացրել տնտեսության հակամոնոպոլացման, բարերար գործարար դաշտի ձեւավորման մասին: Օրինակ՝ Գյումրիում ստեղծված Տեխնոպարկը պիտի դառնար հենց այս նախարարի ուշադրության գլխավոր թիրախներից մեկը, սակայն դրա գոյությունը Տ. Դավթյանին չի հետաքրքրում: Գուցե ինքն էլ է հասկացել վարչապետի բլեֆի ողջ էությունը, սակայն վախենում է այդ մասին բարձրաձայնել:
Որոշ ժամանակ առաջ «Կարֆուր»-ի՝ Հայաստան սպասվող մուտքի մասին նախարարը հայտարարեց. «Մենք չափազանց շահագրգռված ենք, որ «Կարֆուր»-ի նման հեղինակավոր ընկերությունը ներկայացված լինի Հայաստանում, որովհետեւ դա ոչ միայն ընկերություն է, դա նաեւ մշակույթ է, դա մրցակցության ավելացում է….»: Բայց տեսանք, թե ինչ կատարվեց. օլիգարխները հաղթեցին Տ. Դավթյանին եւ «Կարֆուր»-ին՝  թելադրելով իրենց կամքը:
Ի դեպ, Տ. Դավթյանին է պատկանում ներքոհիշյալ հայտարարությունը. «Հայաստանում արդյունաբերական ոլորտը 2012թ. տարին եզրափակեց 10% աճով՝ գերազանցելով 1 տրիլիոն դրամի ծավալը, որն արդյունաբերության աճի տեմպերով ամենաբարձր ցուցանիշներից է ոչ միայն տարածաշրջանում, այլեւ ԱՊՀ-ում»: Թե նախարարի պաշտոնակատարը որտեղ է տեսել այդ 10 տոկոս աճը, դժվար է ասել: Հավանաբար այդպես է գրված եղել վարչապետի պատրաստած հուշաթերթիկում:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս