Հայաստանի ազգային արխիվը ավելի քան 200 ժամ տեսագրություն ունի Ցեղասպանությունը վերապրածների ժառանգների պատմածներից: Սակայն Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն այսօր լուրջ խնդիր է բարձրացնում: Ըստ նրա, եթե մի գեղեցիկ օր թուրքերը բացեն որոշ արխիվներ օտար պատմաբանների համար, մենք կկանգնենք լուրջ խնդրի առաջ, քանի որ օսմանագետներ չունենք, որ մասնագիտանան այդ ուղղությամբ:
ՀԱՐՑ. Ըստ Ձեզ՝ ի՞նչն է այս իրավիճակի պատճառը: Հետաքրքրությո՞ւն չկա այս մասնագիտության նկատմամբ, թե՞ այլ պատճառներ կան:
ՊԱՏԱՍԽԱՆ. Մենք ունենք երկու օսմանագետներ, եւ մեզ համար այդպիսի խնդիր չկա: Հարցը քչի ու շատի մեջ չէ: Մենք ունենք օսմաներեն կարդացող, եւ այդպիսի խնդիր չկա:
ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆ
Հայոց ցեղասպանության
թանգարան-ինստիտուտի տնօրեն
ՊԱՏԱՍԽԱՆ. Շատ հետաքրքիր ու կարեւոր հարց եք բարձրացնում: Պրոբլեմը շատ կողմեր ունի ու համալիր լուծում է պահանջում:
ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ
ՀՀ կրթության եւ գիտության նախկին
նախարար, ՀՅԴ անդամ
ՊԱՏԱՍԽԱՆ. Շատ արդիական խնդիր է բարձրացրել Ամատունի Վիրաբյանը, եւ իսկապես մենք այս հարցում կարող ենք կանգնել լուրջ փաստի առաջ: Ես ինքս պաշտպանել եմ որպես օսմանագետ եւ 7-8 տարի առաջ մի շարք փաստաթղթեր եմ թարգմանել, սակայն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 50.000 դրամով ընտանիք պահել չես կարող: Այդ իսկ պատճառով վերաորակվել եմ ավելի արդի ժամանակների հարցերով, որտեղ աշխատանքի պահանջարկն ավելի մեծ է: Եթե մենք ընդունում ենք Հայոց ցեղասպանությունը եւ պահանջատիրության հարց ենք բարձրացնում, ապա առաջնայնությունը բառերով չպետք է դրսեւորվի: Այն նաեւ պետք է բյուջետային արտահայտություն ունենա, որ երիտասարդը, ընտրելով այդ մասնագիտությունը, հասկանա, որ նա, հայրենասիրությունից բացի, իր կենսական խնդիրներն էլ կարող է լուծել: Խնդիրը բավական բարդ է: Այստեղ պետական հոգածության պակաս կա:
ԱՐՏԱԿ ՇԱՔԱՐՅԱՆ
թուրքագետ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
“Ժողովուրդ” օրաթերթի 528 համար