Լևոն Զուրաբյանը կրկնեց Նիկոլ Փաշինյանի առաջարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում Մարդու իրավունքների օրվա կապակցությամբ Հայ ազգային կոնգրեսը կազմակերպել էր իր ավանդական բողոքի ցույց-երթը, որին միացան նաեւ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք պատրաստվում են ստեղծել «ազնվության բանակ»` հավաքագրելով բոլոր նրանց, ովքեր պայքարել են ազատ եւ արդար հանրաքվեի համար: Այսպիսով, ըստ էության, ՀԱԿ-ը ազդարարեց, որ պատրաստվում է 2017 թվականի Ազգային ժողովի ընտրություններին:

Նախքան երթի մեկնարկը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ պատրաստվում են ձևավորել «ազնվության բանակ», որը պետք է դառնա ազատ եւ արդար ընտրությունների երաշխավորը: Նկատենք, որ Զուրաբյանի այս նախաձեռնությունն իր էությամբ հիշեցնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ տարվող գաղափարը` երկրում ինստիտուցիոնալ ընդդիմություն ստեղծելու անհրաժեշտության մասին: Եւ ՀԱԿ խմբակցության ղեկավարի՝ երեկվա ելույթը կարծես թե բուն ասելիքի մասով խիստ որոշակի աղերսներ ուներ անցած մայիսի 30-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր համաժողովում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարության հետ:

«Մենք ձեւավորում ենք ազնվության բանակ, որի առաջին ջոկատները ձեւավորվել են դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ժամանակ: Մենք քաղաքացիական հասարակության, քաղաքական ուժերի հետ սկսելու ենք այդ բանակի ձեւավորումը: Լուրջ ծրագիր ունենք: Պետք է հասնենք նրան, որ ընտրությունների ժամանակ՝ լինեն արտահերթ կամ հերթական, ազնվության բանակն ամեն տեղամասում ունենա վիդեոկամերա եւ օն-լայն ցուցադրի, թե ինչ է կատարվում տեղամասերում: Սա շատ ռեալիստական ծրագիր է»,- ներկայացրեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

Իսկ Նիկոլ Փաշինյանը նշում էր. «Անկախ խոստումների քանակից եւ հաճախականությունից՝ Հայաստանում իշխանափոխություն տեղի չի ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ չի ձեւավորվել ինստիտուցիոնալ ընդդիմություն: Եւ ուրեմն, երկրում փոփոխություններ իրականացնելու առաջին քայլը ինստիտուցիոնալ ընդդիմության ձեւավորումն է»: Հիշեցնենք, որ Փաշինյանը չցանկացավ միանալ այս հանրաքվեից առաջ Ազատության հրապարակում հանրահավաքային պայքար սկսած ուժերին հենց այն հիմնավորմամբ, որ քանի դեռ չկա ընտրակեղծիքների դեմն առնելու եւ իշխանափոխության իրականացման համար հստակ մեխանիզմ եւ ճանապարհային քարտեզ, այդ պայքարը ժողովրդին հերթական անգամ տանելու է հիասթափության:

«Ժողովուրդ»-ը փորձեց ՀԱԿ խմբակցության անդամներից պարզել` արդյոք «ազնվության բանակի» ստեղծման մասին Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը, ըստ էության, չի նշանակում, որ ՀԱԿ-ում կիսում են Նիկոլ Փաշինյանի կարծիքը` տարբեր ձեւակերպումներով միեւնույն մտքին հանգելով, սակայն ՀԱԿ անդամներից ոչ ոք չցանկացավ մեր այս հարցին պատասխանել:

«Ժողովուրդ»-ը զրուցեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանի հետ` պարզելու համար վերջինիս տեսակետն այս կապակցութամբ: «Զուրաբյանն իր հայտարարության մեջ նույն բանն է կրկնել, ինչ-որ մենք, պարզապես իրենց ձեւակերպմամբ: Ողջունելի է, որ թեկուզ այդքան ժամանակ անց իրենք եկան նույն մտքին, ինչ-որ մենք ասում ենք: Թեկուզ անունով չանվանեցին ինստիտուցիոնալ ընդդիմություն, բայց փաստացի խոսքը նույն բանի մասին է գնում, ինչի մասին մենք խոսել ենք: Ավելի լավ կլիներ, որ ազնվություն լիներ, եւ իրերը կոչեին իրենց անունով, ասեին, որ նույն բանը նկատի ունեն»,-նշեց Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ Լեւոն Զուրաբյանը «քաղաքական լուզերի» դասական օրինակ է, «Քաղաքական գործիչը կարող է իր պատմության մեջ մերթ ընդ մերթ պարտվել, սխալներ անել, սովորել, դասեր քաղել իր սխալներից եւ գնալ առաջ, իսկ երբ որ դու բռնվում ես յուրաքանչյուր գործընթացից՝ միայն մի նպատակ ունենալու համար, որպեսզի արդարացնես քո գոյությունը որպես քաղաքական ուժ, դու արդեն «քաղաքական լուզերի» ես վերածվում: Նա այսօր իրեն թույլ է տվել անդրադառնալ սահմանադրական փոփոխությունները կեղծ օրակարգ համարող ուժերին եւ միեւնույն ժամանակ ապացուցել է, այն, ինչ-որ մենք ասել ենք, որ առանց ինստիտուցիոնալ ընդդիմության իշխանափոխություն հնարավոր չէ: Շատ լավ է, որ գոնե հիմա նրանք եկել են այդ գիտակցությանը, որ պետք չէ ուղղակի ամպագոռգոռ տեքստեր հնչեցնել, պետք է գործ անել»:

Այնուամենայնիվ, Ալեն Սիմոնյանը չբացառեց ՀԱԿ-ի հետ համագործակցության հնարավորությունը. «Մենք բազմիցս ասել ենք, որ եթե առաջարկ լիներ համագործակցության, մենք դա պատրաստ էինք քննարկել: Բայց կրկին որեւէ առաջարկ չեղավ, ինչ-որ մեղադրանքներ, լոզունգներ հնչեցին»:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս