“Ժողովուրդ”-օրերս շրջայց կատարեց Երեւանի մի քանի դեղատներում եւ արձանագրեց որոշակի թանկացումներ հատկապես սրտանոթային, ճնշման, աչքի հիվանդությունների բուժման եւ տարբեր տեսակի ցավազրկող դեղամիջոցների դեպքում: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիթորինգի խումբը նույնպես դեղերի շուկայում արձանագրել է գների որոշակի բարձրացում: Մինչդեռ դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը բավարարվում է դեղերի շուկայում ընդամենը մեկ անգամ դիտարկում անցկացնելով:
Մեր կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզեցինք, որ “Սերվիեր” դեղագործական ընկերության “Նոլիպրել ֆորտե” կոչվող դեղը նախկինում վաճառվել է 7200 դրամով, իսկ հիմա այն վաճառվում է 8200-ով, “Դելտրալեքս 60”-ը 8200-ից դարձել է 8800 դրամ, “Պռեդուկտալ էմէեռ”-ը 7150-ից դարձել է 7800 դրամ, “Պրեստարիում 5 մգ”-ն՝ 4500-ից 5000 դրամ, “Պրեստանս 10/5”-ը՝ 8600-ից 9950 դրամ: Իսկ “Սանոֆի ավենտիս” դեղագործական ընկերության “Էսենցիալ” դեղամիջոցը 3450-ից դարձել է 4350, այնուհետեւ 4850 դրամ:
ՀՀ ՏՄՊՊՀ մամլո պատասխանատու Գայանե Սահակյանը “Ժողովուրդ”-ին փոխանցեց, որ հանձնաժողովը նույնպես թեժ գծով ստացել է մի քանի ահազանգ՝ կապված դեղորայքի գների բարձրացման հետ: Դրանց հետքերով հանձնաժողովի վերլուծական վարչության մասնագետները դեղատնային ցանցերում կատարել են մոնիթորինգ, բացի այդ, տեղեկատվություն են պահանջել տեղական արտադրողներից եւ ներկրողներից: Գների որոշակի բարձրացում արձանագրել է նաեւ ՏՄՊՊՀ մոնիթորինգի խումբը. “Քանի որ թե՛ ռեսուրսների եւ թե՛ ժամանակի առումով հնարավոր չէ ուսումնասիրություն իրականացնել շուկայում առկա մի քանի տասնյակ հազար դեղորայքների մասով առանձին-առանձին, հանձնաժողովի մասնագետներն առանձնացրել են սկզբնական փուլում 20, իսկ հիմա արդեն 26 անուն դեղորայք, որոնք առավել հայտնի են հանրությանը եւ լայն սպառում ունեն: Դրանք հիմնականում սրտանոթային, ճնշման, աչքի հիվանդությունների բուժման համար նախատեսված եւ տարբեր տեսակի ցավազրկող դեղամիջոցներ են: Հանձնաժողովն իրականացնում է ուսումնասիրություն կոնկրետ նշված դեղորայքների մասով հնարավոր մրցակցային խնդիրների բացահայտման նպատակով, ինչպես նաեւ պարզելու, թե ինչքանով է ներկրվող դեղորայքի գնաճը համահունչ միջազգային շուկայի գներին: Ուսումնասիրությունների ավարտին դրանց արդյունքների մասին կտեղեկացվի հանրությանըե”:
Նկատենք, որ դոլարը վերջին շաբաթվա ընթացքում էժանանում է, եւ տարակուսելի է, թե այդ դեպքում ինչու են ներմուծվող դեղերը շարունակում թանկանալ: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով՝ ընդամենը պետք է ստուգել, թե ինչ գներով են դեղերը ներկրվում Հայաստան, եւ ինչքանով են դրանք վաճառվում. “Պետք է գերշահույթ թույլ չտալ: Երբ դոլարն էժանանում է, բնականաբար, պետք է էժանանան նաեւ դեղերը”:
Իսկ դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը դեղերի շուկայում ամիսն ընդամենը մեկ անգամ է դիտարկում անցկացնում, այն էլ ներմուծող ընկերություններում: “Մենք առողջապահության նախարարի հանձնարարականով ենք մոնիթորինգ իրականացնում: Վերջում մոնիթորինգի տվյալները տրամադրում ենք տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, որն էլ մանրամասն ուսումնասիրելուց հետո կայացնում է իր որոշումները: Դիտարկումները հիմնականում կատարում ենք ներմուծման գների հետ կապված, այլ ոչ դեղատների”,-տեղեկացրեց կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը: Նա նաեւ նշեց, որ այս պահին կենտրոնում կատարվում են ուսումնասիրություններ, որոնց արդյունքներն այս ամսվա ավարտին կփոխանցվեն ՏՄՊՊՀ-ին:
Հ.Գ. Նշենք, որ Հայաստանում տարեցտարի աճում է սրտանոթային հիվանդություններով տառապողների թիվը: Իսկ որոշ տնտեսվարողներ, առիթից օգտվելով, շարունակում են թանկացնել հենց սրտանոթային դեղերը: Ցավալի է, բայց այդ թանկացումները դեռ որոշ ժամանակ կշարունակվեն, մինչեւ դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը կավարտի իր ուսումնասիրությունը: Իսկ մինչ այդ շատերը սոցիալապես ծանր պայմաններում դժվարանում են գնել իրենց համար այդքան կարեւոր դեղերը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 529 համար