Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակության անդամները, որոնք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն էին իրականացնում, քվեարկության ընթացքի վերաբերյալ իրենց նախնական զեկույցում մի շարք ընտրախախտումների մասին են գրել: Մասնավորապես, նախօրեին հրավիրված ասուլիսում դիտորդները անդրադարձել էին ընտրական ցուցակների խնդրին՝ նշելով. «Ցուցակներում ընդգրկված են մշտապես արտերկրում բնակվող կամ մահացած քաղաքացիների անուններ: Այս հանգամանքը թույլ է տալիս ենթադրել, որ ոմանք մի քանի անգամ են քվեարկել»: Դիտորդների աչքից չէր վրիպել նաեւ ընտրակաշառքների խնդիրը. «Կան ահազանգեր այն մասին, որ տեղի է ունեցել քվեների առք, «կառուսելի» կարգով քվեարկություն եւ ճնշումներ ընտրողների վրա»: Մի խոսքով, ԵԽԽՎ դիտորդների աչքից ոչինչ չէր վրիպել, նրանք ֆիքսել էին իրականությունը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանություններին այս փաստը անչափ մտահոգել է. պատվիրակության հայտարարությունը նրանց համար անակնկալ է եղել: Դրա համար էլ ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանին հանձնարարվել է հնարավոր բոլոր ջանքերը ներդնել եւ «աշխատել», որպեսզի ԵԽԽՎ վերջնական զեկույցն ավելի մեղմ բովանդակություն ունենա: Երեկ Հ. Նաղդալյանը եվրոպացի պատվիրակների զեկույցի առնչությամբ հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես նշել է. «Սա կարճաժամկետ եւ ոչ դիտորդական առաքելություն է եւ ի սկզբանե չի ունեցել նախընտրական միսիա, այսինքն՝ հնարավորություն ողջ տեղեկատվությունը տիրապետելու համար: Մենք այժմ պետք է իրենց կողմից նշված խնդիրների վերաբերյալ պատրաստենք մեր օրենսդրական եւ այլ տեղեկատվությունը, որպեսզի դրանց հիման վրա մեր եվրոպացի գործընկերները բյուրոյին ներկայացնեն նախատեսվելիք հուշագիրը»:
Ի դեպ, ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելությունը ղեկավարել է Շվեյցարիայի պատգամավոր Անդրեաս Գրոսը, պատվիրակության կազմում են եղել Դորիս Ֆիալանը (Շվեյցարիա) ու Ալան Միլը (Մեծ Բրիտանիա):
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանական վերնախավում եւ հատկապես խորհրդարանի ՀՀԿ-ականների շրջանում արդեն երկու օր է՝ գլուխ են կոտրում, թե ինչպես անեն, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ագրեսիայով լեցուն ելույթները կանխեն: Խորհրդարանական վերնախավը հասկացել է, որ անընդհատ Զարուհի Փոստանջյանի խոսափողն անջատելը լուծում չէ: ՀՀԿ-ականները նույնիսկ ինչ-ինչ ուղիներ են փնտրում, որպեսզի կարողանան Փոստանջյանին ընդհանրապես արգելել մասնակցել ԱԺ նիստերին, կամ նրան ելույթի իրավունք չտալ: Բայց միաժամանակ իրենք էլ գիտակցում են, որ ԱԺ կանոնակարգը նման հնարավորություն չի տալիս, եւ միակ «սանկցիան», որը կարող են կիրառել, խոսափողն անջատելն է մնում: Բայց մյուս կողմից էլ ամեն անգամ, երբ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը Սերժ Սարգսյանի եւ իշխանության վերնախավի հասցեին հերթական կոպիտ արտահայտությունը կամ անեծքն է հնչեցնում, ՀՀԿ-ականների նյարդերը տեղի են տալիս:
Այս տարվա տասնմեկ ամիսներին, ըստ «Ժողովուրդ»-ին հասած պաշտոնական տեղեկությունների, Հայաստանի «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններով մեկնել ու չի վերադարձել 29 հազար 220 ուղեւոր: Հաշվի առնելով այն փաստը, որ վերջին տարիներին հատկապես դեպի Ռուսաստան արտագաղթող ՀՀ քաղաքացիները հիմնականում օգտվում են ավտոբուսներից, ուստի վերը բերված թվերն արտագաղթի ամբողջական պատկերը չեն արտացոլում: Այդ ցուցանիշը պարզ կդառնա եկող տարվա սկզբին, երբ պաշտոնական վիճակագիրները կհրապարակեն Հայաստանից սահմանահատումների թվերը: Ի դեպ, այս տարվա 11 ամիսների արդյունքներով Զվարթնոցի ուղեւորափոխադրումների թիվը, այսինքն՝ օդանավակայանից մեկնած եւ ժամանած ուղեւորների ընդհանուր թիվը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 170 հազարով: Այս թիվը հիմնականում պայմանավորվում է ավտոբուսներով ուղեւորափոխադրումների թվի կտրուկ աճով: Ի դեպ, վերը բերված անկման պատճառով «Զվարթնոցի» ֆինանսական հոսքերը մոտ 7,5 մլն դոլարով պակասել են:
ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ սահմանադրական հանրաքվեի քվեարկության օրը տեղի ունեցած օրինախախտումների փաստով երեկվա դրությամբ հարուցվել է վեց քրեական գործ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ քրեական գործերից մեկը հարուցվել է մեր լրագրողների լրագրողական հետաքննության արդյունքների հիման վրա: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ի լրագրողները դեկտեմբերի 6-ին փորձել էին անձնական օրինակով համոզվել, թե արդյոք ընտրողը կարող է ուրիշի նույնականացման քարտով անարգել քվեարկել, եւ արդյո՞ք հանձնաժողովներում այդ մասով ներքին պայմանավորվածություն կա: Մեր լրագրողներին հաջողվել էր քվեարկության բոլոր գործընթացներն անցնել: Սակայն «Ժողովուրդ»-ի թղթակիցը քվեախցիկին մոտենալուց հետո քվեարկելու փոխարեն, քվեաթերթիկի վրա գրել էր «հանուն լրագրողական հետաքննության» բառերը եւ քվեատուփ գցելու փոխարեն հենց տեղամասում ընտրական հանձնաժողովի անդամներին հայտնել էր իր ով լինելը: Այնուհետեւ քվեաթերթիկը բերել է խմբագրություն: Ի դեպ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քրեական գործը հարուցվել է ուրիշի փոխարեն քվեարկելուն օժանդակելու հատկանիշներով:
ԿՐԿԻՆ ՓՈՐՁԵՆՔ
Սահմանադրական հանրաքվեի թոհուբոհի մեջ կարծես թե փոքր-ինչ աննկատ անցավ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը, որը նախօրեին Բրյուսելում ազդարարեցին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Եվրամիության դիվանագիտության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Այսպիսով` անցած դեկտեմբերի սկզբին ԵՏՄ-ին անդամակցության քվեարկությունից մեկ տարի անց Հայաստանի իշխանությունները փորձում են Եվրամիության հետ հարաբերությունները վերաֆորմատավորել` հասնելով գոնե Ասոցացման համաձայնագրի քաղաքական դրույթները պարունակող շրջանակային համաձայնագրի ստորագրմանը:
Թե որքան կտեւի այս նոր գործընթացը եւ ինչով կավարտվի, այս պահին դժվար է հստակ ասել՝ հատկապես աչքի առաջ ունենալով 2013թ. սեպտեմբերի 3-ի «մեկ գիշերում կայացված» որոշումը: Բայց այն, որ եվրաինտեգրումը դարձյալ դառնում է ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի առաջնային հարցերից մեկը, ինքնին դրական զարգացում է թեկուզ մեր արտաքին քաղաքական շփումների դիվերսիֆիկացման տեսանկյունից:
Այսօր արդեն փորձագետների մեծ մասը հոռետեսական գնահատականներ է հնչեցնում ընդունվելիք շրջանակային փաստաթղթի քաղաքական կշռի վերաբերյալ` պնդելով, որ այն անհամեմատ պակաս կարեւորություն ունեցող եւ համագործակցության հնարավորություններ տվող փաստաթուղթ է լինելու, սակայն ինչպես հաճախ են սիրում կրկնել հանրապետականները` քաղաքականությունը հնարավորի արվեստ է, եւ երբեք պետք չէ ասել երբեք հատկապես աշխարհաքաղաքական սրընթաց փոփոխությունների այս ժամանակաշրջանում:
Ի վերջո, ԵՄ արեւելյան գործընկերության ծրագրի վերանայումից եւ անդամ երկրների նկատմամբ տարազանված քաղաքականության որդեգրումից հետո մի կողմից Ադրբեջանի եւ ԵՄ միջեւ վերջին շրջանի լարված հարաբերությունները, ինչի արդյունքում հարեւան խանությունն այլեւս հարկ չի լինի դիտարկել Հայաստանի հետ նույն հարթության վրա, մյուս կողմից էլ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ հետզհետե սրվող հակամարտությունը էականորեն բարձրացնում են Հայաստանի դերակատարությունն ու կշիռը: Այսօր Հայաստանը առավել կարեւոր գործընկեր է դառնում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրոպայի համար, որն այեւս չի կարող իրեն թույլ տալ այս տարածաշրջանում եւս մեկ երկիր կորցնել:
Եվ այս իրավիճակում Հայաստանի իշխանություններից է կախված, թե որքանով նրանք կկարողանան կիրառել հակասությունների համադրման արվեստը եւ իրապես վարել «եւ-եւ-ի» քաղաքականություն: Ամեն դեպքում, եւս մեկ հնարավորությունը տրված է: