«Ժողովուրդ»-ի խմբագրություն այցելած քույր ու եղբայր Ռազմիկ եւ Ջուլիետա Դավթյանները, երկար տարիներ բացակայելով հայրենիքից ու սեփական բնակարանը հանձնելով հարազատներից մեկի հսկողությանը, այսօր կանգնել են լուրջ խնդիրների առաջ:
1997թ.-ին Ռազմիկ եւ Ջուլիետա Դավթյանները աշխատելու նպատակով անորոշ ժամանակով մեկնում են Բելառուսի Հանրապետություն եւ իրենց տան բանալիները հանձնում բարեկամներից մեկին` Գեւորգ Բարսեղյանին: «Մի անգամ հանձնել էինք մեր բնակարանը, ու նա մեզ մոտ մեծ վստահություն ուներ: Այս անգամ էլ հանձնելիս որոշեցինք տան արժեքավոր իրերը, այդ թվում նաեւ քրոջս` Ջուլիետայի ոսկեղենը, թողնել տանը: Արժեքավոր իրերը մենք տեղավորել էինք մեր անձնական սենյակում ու սենյակի դուռն էլ բանալիով կողպել»,-պատմեց Ռազմիկ Դավթյանը:
Մեկնելուց առաջ Դավթյաններն իրենց «վստահելի» բարեկամին խնդրել էին, որ ժամանակ առ ժամանակ այցելի բնակարան եւ ստուգի` արդյոք ամեն ինչ կարգին է. «Մեր խնդրանքը նրանից միայն դա էր, ուրիշ ոչ մի նպատակով` վարձակալության կամ բնակվելու, մենք չէինք տրամադրել մեր տան բանալիները Գեւորգին»:
Ինչեւէ, Ռազմիկն ու Ջուլիետան որոշ խնդիրների պատճառով 2009թ. որոշում են վերադառնալ հայրենիք եւ հայտնվում ոչ նախանձելի վիճակում. «Հասանք Երեւան ու անընդհատ Գեւորգին ենք ման գալիս, որ բանալիները բերի, մտնենք տուն: Տան հեռախոսին պատասխանում են երեխաները` ասելով, թե մաման ու պապան տանը չեն: Մտանք մեր հարեւաններից մեկի տուն, ու հարեւաններից Աիդան մեզ պատմեց, որ Գեւորգը մեր տունը վարձով է տվել»:
Հուսախաբ եղած տանտերերը, ոչ մի կերպ չգտնելով Գեւորգին եւ լսելով տան շուրջ հարեւանների խոսակցությունները, այլ ելք չեն գտնում, ու Ռազմիկը հարեւաններից վերցնում է համապատասխան գործիքները եւ բացում է իր սեփական տանը դուռը: «Ամեն ինչ տակնուվրա էր արված: Այն սենյակի դուռը, որը մենք կողպել էինք, եւ որի բանալիները միայն մենք ունեինք, այդ դուռը նույնպես բացված էր, ու մեր արժեքավոր իրերն անհետացել էին: Ոնց որ գոմ մտած լինեինք»,-հուզված ներկայացրեց տիկին Ջուլիետան:
Կատարվածից զայրացած` Ռազմիկն ու Զուլիետան դիմում են ոստիկանություն, ապա դատարան: Սակայն, ըստ մեր զրուցակիցների, Գեւորգ Բարսեղյանը, հանդիսանալով ՊՆ քննչական ծառայության քննիչ եւ աշխատելով ԼՂՀ-ում, օգտագործում է իր ծառայողական դիրքը եւ ամեն ինչ անում, որ իր դեմ ուղղված հայցերը մերժվեն: «Նա մեզ հասցված վնասը, որը կազմում է 5-6 մլն դրամ, ոչ մի կերպ չի փոխհատուցում, ու մենք հայտնվել ենք այսպիսի իրավիճակում: Մի՞թե արդարություն չկա»,-բողոքեցին Ռազմիկն ու Ջուլիետան:
Զրուցեցինք նաեւ Գեւորգ Բարսեղյանի հետ: Վերջինս նշեց, որ երբեք իր պաշտոնական դիրքը չի չարաշահել, եւ դատարաններն օբյեկտիվ որոշում են կայացրել. «Արդեն 4 տարի է, ինչ նրանք ընկել են իմ հետեւից: Ինձ ասում են` քննիչ ես, քեզ համար 5-6 միլիոնն ի՞նչ է, որ չես տալիս: Դա էլ դեռ հերիք չէ, ինձ նամակ են ուղարկել, թե ամեն ինչ անելու ենք` քեզ խայտառակելու համար: Դուք ինքներդ եթե ուսումնասիրեք այս գործը, կհամոզվեք ե՛ւ դատարանների օբյեկտիվության, ե՛ւ իմ խոսքերի մեջ: Այդ տանը կնոջս ու իմ ծանոթներն են մնացել կարճ ժամանակ, բայց վստահեցնում եմ՝ մի կոպեկ փող չեն տվել մեզ: Իրենք պնդում են, թե ոսկեղենը չկա եւ այլն, բայց մի պահ պատկերացրե՛ք՝ Հայաստանից ընդմիշտ գնացող ընտանիքը տանը ոսկեղեն կթողնի՞»:
Ինչեւէ, երկու ընտանիքների միջեւ վեճը լուծում չի ստացել, եւ պայքարը շարունակվում է:
ՊՆ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ՉԱՐԱՇԱՀՈ՞ՒՄ Է ԴԻՐՔԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ