Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի օրը «Ժողովուրդ» օրաթերթի եւ ArmLur.am լրատվական կայքի լրագրողների կողմից իրականացված լրագրողական հետաքննությունը տարաբնույթ մտահոգությունների առիթ է դարձել: Տեսակետ կա, թե լրագրողներն այդ քայլով օրենք են խախտել, եւ հնարավոր է` ՀՀ գլխավոր դատախազության կողմից հարուցված քրեական գործը շուռ գա հենց նրանց դեմ:
Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը լրագրողական հետաքննություն էր իրականացրել՝ հասկանալու համար, թե արդյոք ID քարտերի նկատմամբ ուշադրություն կա, թե այն ընդամեն ընտրակեղծիքների ու կրկնակի քվեարկության հնարավորություն է: Եվ պարզվեց, որ հեշտությամբ հնարավոր է ուրիշի նույնականացման քարտով քվեարկություն կատարել:
-Հարգելի՛ պարոն Զոհրաբյան, խնդրում ենք պարզաբանել՝ արդյոք հետաքննությունն իրականացրած լրագրողի նկատմամբ քրեական գործ հարուցելու առիթ կարո՞ղ է լինել:
-Իմ կարծիքով` «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի կողմից կատարված արարքը, որը դրսեւորվել է այլ անձի փոխարեն քվեարկելու փորձի միջոցով, չի կարող համարվել հանցագործություն։ Քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի համաձայն՝ կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որեւէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից երեք տարի ժամկետով:
-Դուք նշեցիք, որ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքում է հնարավոր պատիժ սահմանել: Այստեղ հարկ ենք համարում նկատել, որ լրագրողը չի քվեարկել, քվեաթերթիկը քվեատուփի մեջ չի գցել: Սա որեւէ կերպ կանդրադառնա՞ հետագա ընթացքի վրա:
-Այո՛, այս հանցագործությունը կատարելու համար անհրաժեշտ է, որ անձը մեկ այլ անձի փոխարեն քվեարկի։ ՀՀ ընտրական օրենսգրքի 65-րդ եւ 66-րդ հոդվածներից հետեւում է, որ քվեարկությունն անցնում է քվեաթերթիկ ստանալու, քվեաթերթիկը լրացնելու եւ քվեաթերթիկը համապատասխան արկղում տեղադրելու փուլերով։ Նույն օրենսգրքի 65-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ քվեարկելուց հետո ընտրողն անհապաղ պետք է դուրս գա տեղամասային կենտրոնից: «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը միայն մեկ փուլն է անցել եւ երկրորդ ու երրորդ փուլին՝ քվեաթերթիկի վրա այո կամ ոչ նշում անելուն ու քվեատուփի մեջ տեղադրելուն չի հասել իր կամքով։ Հետեւաբար, չի կարելի պնդել, որ լրագրողը քվեարկել է։
-Այսպիսով՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ հանցակազմի բացակայություն կա լրագրողի արարքում:
-ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ քրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանք, այսինքն՝ այնպիսի արարք կատարելն է, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները: Հանցակազմի չորս հատկանիշներից մեկը դա սուբյեկտիվ կողմն է։ Տվյալ դեպքում, հանցագործություն համարելու համար պետք է հաստատվի, որ լրագրողը գործել է ուղղակի դիտավորությամբ եւ ցանկացել է քվեարկել այլ անձի փոխարեն՝ քվեարկության պայմանական երեք փուլերն անցնելու միջոցով։
-Իսկ որպես հանցափորձ կարելի՞ է որակել:
-Լրագրողի արարքը չի կարող տեղավորվել նաեւ հանցափորձի կամ հանցագործության նախապատրաստության մեջ, քանի որ երկու դեպքում էլ անձը կամովին չի հասցրել արարքը իր ավարտին (ընդ որում, նախապատրաստության համար անհրաժեշտ է, որ հանցագործությունը լինի ծանր կամ առանձնապես ծանր)։ Ամփոփելով վերը հիշատակվածը՝ գտնում եմ, որ լրագրողի արարքում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ կողմերը, հետեւաբար արարքը հանցագործություն չի կարող համարվել։
Տաթև Հարությունյան