Վերջին օրերին բուռն քննարկումների թեմա է դարձել Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` այլ ակումբ տեղափոխվելու հեռանկարը:
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ մեր հայրենակիցը դժգոհ է «Շախտյոր»-ում իր աշխատավարձից: Նա նախորդ տարի ստանում էր տարեկան 1 միլիոն եվրո, աշխատավարձի բարձրացման խնդրանքով դիմել էր գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուին, սակայն վերջինս այդ թեմայով չէր խոսել ակումբի սեփականատեր Ռինատ Ախմետովի հետ:
Այս տարվա սկզբում Մխիթարյանը կրկին դիմել է Լուչեսկուին` ասելով, որ կցանկանար տարեկան 2,5 միլիոն եվրո ստանալ: Լուչեսկուն էլ պատասխանել է, որ դա իրատեսական չէ: Մխիթարյանը որոշում է կայացրել հեռանալ «Շախտյոր»-ից, սակայն չի բացառվում, որ մրցաշրջանի ավարտից հետո Հենրիխի պայմանագրի կետերը կվերանայվեն:
Մեկ այլ լրատվամիջոց էլ հաղորդում է, որ անգլիական «Լիվերպուլ» ակումբը պատրաստ է վճարել Մխիթարյանի համար պահանջվող 40 մլն եվրոն։ Հայ ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, «Լիվերպուլ»-ում կփոխարինի Լուիս Սուարեսին, որը որոշել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ թիմից։
Հիշեցնենք, որ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան ուրուգվայցի ֆուտբոլիստին որակազրկել էր 10 խաղով՝ «Չելսի»-ի պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին կծելու համար, ինչից հետ ուրուգվայցին այլ ակումբ տեղափոխվելու որոշում է կայացրել։
ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՆԱԵՎ ԿԾՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ