Այսօր Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայանալու է «Անուշ» օպերայի նոր բեմադրությունը: Նախագիծը իրականացրել են Հայաստանի եւ Ֆրանսիայի մշակույթի նախարարությունները, «Դելտա քալչր» ասոցիացիան, «Նանտեռի Ամանդյե» թատրոնը, Օ-դը-Սենի գլխավոր խորհուրդը:
Իհարկե, վերոնշյալ անունների թվարկումը շատ քիչ բան կտա ընթերցողին, բայց օպերան գիտեն գրեթե բոլորը, ուստի պատահական չէ, որ շատերը հանկարծակիի են եկել այդ նոր բեմադրությունից, որի, այսպես ասած, փակ դիտումը կայացել է երեկ: Այն հիմնականում վատ է ընդունվել: Ներկայացումը դիտած մեր գործընկերներից մեկը մասնավորապես նշեց, որ թե՛ ձեւավորումը, թե՛ պարերը, թե՛ օպերան ընդհանրապես որեւէ առնչություն չունեն Հովհաննես Թումանյանի եւ Արմեն Տիգրանյանի ստեղծագործության հետ: «Ժողովուրդ»-ն արդեն անդրադարձել էր Կոմիտասի ստեղծագործությունների խեղաթյուրման փաստերին, այժմ էլ ստիպված ենք խոսել մեկ այլ խեղաթյուրման մասին:
Իհարկե, բեմադրության եւ լիբրետոյի հեղինակ Սերժ Ավեդիկյանը նշել է, որ «սա ադապտացված գործ է, այն «Անուշ»-ը չէ, որ դիտել են տասնամյակներ շարունակ, դասական ձեւով»: Իսկ թե ինչ է ստացվել դրանից իրականում, կասեն մասնագետները, որոնց կարծիքները կներկայացնենք «Ժողովուրդ»-ի առաջիկա համարներից մեկում:
ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ «ԱՆՈՒՇ»-ԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ