ՄԱՐՈՒՔՅԱՆԸ ՆՈՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺՈՎ ՊԱՅՔԱՐ Է ՍԿՍՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից ստեղծված «Լուսավոր Հայաստան» նախաձեռնությունը որոշել է դեկտեմբերի 12-ին՝ ժամը 14.00-ին, համագումար հրավիրել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս օրերին Մարուքյանի թիմակիցները զբաղված են համագումարի նախապատրաստման աշխատանքներով, որտեղ պետք է ներկայացվեն կուսակցության ծրագրերը, ուղղվածությունն ու անելիքները: Հիշեցնենք, որ դեռեւս մեկ ամիս առաջ «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ Է. Մարուքյանի կողմից ստեղծված «Լուսավոր Հայաստան»-ը դեկտեմբերին համագումարի է պատրաստվում:

Երեկ «Լուսավոր Հայաստան»-ը տարածել էր իր 8-րդ տեսանյութը, որտեղ նշվում է, թե իրենք գտնում են, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ձգտի Եվրոպական Միության լիիրավ անդամակցությանը. «Մենք գիտակցում ենք, որ սա երկարատեւ գործընթաց է, հետեւաբար լիիրավ անդամակցության եւ եվրոպական ընտանիքին միանալու առաջին քայլը պետք է կատարել այսօր»,- ասվում է տեսանյութում:
«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ՝ պարզելու համար «Լուսավոր Հայաստանի» անելիքները համագումարից հետո:
-Պարո՛ն Մարուքյան, արդեն հայտնի է, որ դեկտեմբերի 12-ին տեղի է ունենալու «Լուսավոր Հայաստան»-ի առաջին համագումարը, որո՞նք են լինելու նորաստեղծ կուսակցության անելիքները:
-Երբ մենք հայտարարել էինք «Լուսավոր Հայաստան» նախաձեռնության մասին, նշել էինք, որ նախաձեռնության հիմնական, գաղափարական հենքը կներկայացվի տեսանյութերի միջոցով: Ինչպես որ ասել էինք, այդպես էլ արվել է: Մենք արդեն հրապարակել ենք նաեւ Հայաստանի եվրոպական մոդելի երկիր լինելու մասին մեր տեսլականը: Ինչպես նաեւ արդեն լինելու է մեր հիմնադիր համագումարը, որի ժամանակ որոշում կկայացվի կուսակցության հիմնադրման մասին, կհաստատվի ծրագիրը, կանոնադրությունը, կընտրվի ղեկավար մարմին ու արդեն պաշտոնական մակարդակում, քանի որ մինչեւ այժմ ոչ ֆորմալ մակարդակում ենք գործել:
-Այս ժամանակահատվածում նաեւ հանդիպումներ եք ունեցել ՀՀ քաղաքացիների հետ, նրանց եք ներկայացրել Ձեր գաղափարախոսությունը, արդյո՞ք հանրությանը հետաքրքրում է այն, մի՞թե ժողովուրդը հետաքրքրվում է նոր կուսակցությունների ստեղծմամբ, ի վերջո, ՀՀ-ում մի քանի տասնյակից ավել կուսակցություններ կան:
-Այո՛, այս վերջին մի քանի ամիսների ընթացքում հանդիպումներ ունեցել ենք, այո՛, շատ լուրջ հետաքրքրություն կա, մենք ունենք նաեւ սոցիալական որոշակի հետազոտություններ, կարծիքներ այդ ամենի վերաբերյալ: Հայաստանում 30 տոկոս կայուն ընտրազանգված կա, որը կիսում է այն արժեքները, որոնք «Լուսավոր Հայաստան»-ի հիմնական գաղափարախոսական հենքն են լինելու: Այսինքն՝ մենք կարող ենք հստակ այդ 30 տոկոս ընտրազանգվածի վրա աշխատել ու մարդկանց հետ ամենօրյա բացատրական աշխատանքով այս ընտրազանգվածը մեծացնել:
-Քաղաքական դաշտում տեսակետ կա, որ Ձեր նախաձեռնությունում ընդգրկվել են հիմնականում երիտասարդներ, որոնք իրենց անփորձության պատճառով վստահություն չեն ներշնչում: Դա Ձեզ չի՞ անհանգստացնում, չե՞ք կարծում, որ այդ նույն պատճառով Ձեզ թերահավատորեն կվերաբերվի նաեւ հանրությունը:
-Դա այդպես չի, մենք խոսում ենք սերնդափոխության մասին եւ ավելի արժեքային սերնդափոխության մասին է խոսքը, ոչ թե տարիքային: Երկրորդն էլ, այո՛, հիմնական թիմը ձեւավորված է երիտասարդ մարդկանցից, բայց մենք այս պահին մինչեւ 50 եւ դրանից բարձր տարիքի անդամներ ունենք, որոնք պետք է մասնակցեն մեր աշխատանքներին: Եթե մենք նայենք 1988 թվականի մեր ազգային զարթոնքի շարժմանը, մի հատ, խնդրում եմ նայեք մեր հերոսներին, օրինակ՝ Մովսես Գորգիսյանը քանի տարեկան է եղել այդ տարիներին: Այսինքն՝ տարիքային առումով ես զարմանում եմ, որ նման տեսակետներ են հնչում: Ես չեմ կարծում, թե վստահություն չի լինելու, քանի որ հանրության մոտ արդեն շատ հստակ, ձեւավորված պահանջարկ կա քաղաքական սերնդափոխության, մարդիկ արդեն հոգնել են այն դեմքերից, ովքեր 20-25 տարի ՀՀ-ի քաղաքական արենան զբաղեցնում են ու ազատելու մտադրություն չունեն:
-2017 թվականին Դուք մասնակցելու եք խորհրդարանական ընտրություններին, ի՞նչ ակնկալիքներ ունեք, Ձեզ կհաջողվի՞ մուտք գործել խորհրդարան:
-Մենք հրապարակավ ասել ենք, որ թե՛ ՏԻՄ ընտրություններին, թե՛ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ենք: Խորհրդարանական ընտրությունների հետ կապված մեր ակնկալիքը հետեւյալն է՝ ձեւավորել մի լուսավոր ընդդիմադիր քաղաքական ուժ, որը ներկայացնելու է արդեն իմ կողմից նշված 30 տոկոս ընտրողներին: Ու աշխատանքի արդյունքում միայն կերեւա, թե մենք որքանով կարողացանք այդ ընտրողների վստահությունը շահել, մենք գիտենք, որ այդքան ընտրող կա, որը կիսում է այդ արժեհամակարգը: Մենք հանդես ենք գալիս դասական քաղաքական մոտեցումներով ու գտնում ենք, որ բոլոր այն ուժերը, որոնք որ իշխանության հետ մաս չեն կազմում կառավարությանը եւ չունեն պորտֆելներ՝ իրենց ծրագրերը իրականացնելու համար, այդ բոլոր ուժերը ընդդիմադիր դաշտում են: Իսկ ինչ վերաբերվում է մեզ, ապա մենք ընդդիմադիր քաղաքական միավոր ենք, որը որ ամեն ինչով ընդդիմադիր է ու չի կիսում գործող քաղաքական մեծամասնության թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը:

 

 

 

 
ԲՀԿ-ԱԿԱՆՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՐՈՂԱՑԱՆ ՀԱՍՏԱՏԵԼ

Երեկ ՀՀ կառավարության անդամները Ազգային ժողով էին ներկայացել, քանի որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանին իր խոսքն էր ասելու 2016 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ: Վարչապետի ելույթից անմիջապես հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նախագիծը դրեց քվեարկության եւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների շնորհիվ կառավարությանը հաջողվեց այս անգամ էլ «անցկացնել» բյուջեն:

Նախ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը 2016 թվականի բյուջեի նախագծի քննարկումները որակեց շահագրգիռ եւ նշեց, որ հնչել են նաեւ ծանրակշիռ տնտեսական ու քաղաքական հարցադրումներ. «Ինչպես եւ աշխարհի ցանկացած երկրում, Հայաստանում էլ տարեկան բյուջեն հնարավորություն չի ունենում ընդգրկել բոլոր ցանկությունները: Ի վերջո, տարվա գլխավոր ֆինանսական փաստաթութը ոչ միայն ֆինանսական, այլեւ քաղաքական առաջնահերթությունների, հնարավորությունների ու ցանկությունների հնարավորինս համադրման փաստաթուղթ է»:
ՀՀ վարչապետը նշեց, թե ՀՀ-ն հայտնվել է համաշխարհային նոր տնտեսական զարգացումների մեջ, առկա մարտահրավերներն իրենց բովանդակությամբ միայն տնտեսական չեն, այլ աշխարհաքաղաքական եւ քաղաքական: Աբրահամյանը շեշտեց նաեւ, որ մեր տարածաշրջանն ավելի բարդ վիճակում է, քան եղել է 2008-ի ճգնաժամի տարիներին: Վերջինս հայտարարեց, թե ոմանք ոչ պրոֆեսիոնալ ձեւով քննարկում են հայրենի կառավարությանը հատկացված վարկերի թեման: «Լսելով նրանց՝ տպավորություն է ստեղծվում, որ երկարատեւ բանակցությունների արդյունք հանդիսացող վարկերը կառավարությունը միանգամից նախաձեռնեց ու 1-2 ամսում ստորագրեց: Իրականությունն այլ է, այդ վարկերը քննարկվում են երկար ժամանակ»:
ՀՀ կառավարության ղեկավարի ելութից հետո 2016 թվականի բյուջեի նախագիծը դրվեց քվեարկության, որից առաջ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե իրենք կողմ են քվեարկելու նախագծին: Արդյունքում` 97 կողմ, 12 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց ՀՀ 2016 թվականի բուջեի մասին օրենքը:
Գալիք տարվա բյուջեին դեմ քվեարկած պատգամավորներն են Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանը, Թեւան Պողոսյանը, Զարուհի Փոստանջյանը, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, պատգամավորներ Լեւոն Դոխոլյանը, Մհեր Շահգելդյանը, Իշխան Խաչատրյանը եւ Հովհաննես Մարգարյանը, ինչպես նաեւ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն եւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Ձեռնպահ քվեարկեցին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանն ու Էլինար Վարդանյանը:
ԱԺ ՀՅԴ-ը խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը, իսկ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ու պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը բոյկոտել են այս նստաշրջանը:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 
ՀԵՐԹԱԿԱՆ ՎԱՐԿԸ
ՀՀ ֆինանսների նախարարությունը կառավարության հաստատմանն է ներկայացրել հերթական վարկային պայմանագիրը: Ըստ այդմ, Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը 2015 թվականի նոյեմբերի 18-ին ստորագրված «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագիր» վարկային համաձայնագրով Հայաստանին կտրամադրի 21 մլն դոլար: Գումարը նախատեսվում է ծախսել հանրային ֆինանսական հաշվետվությունների որակի եւ ընտրված էլեկտրոնային կառավարման կատարելագործված ծառայությունների հասանելիության բարելավման համար: Վարկը տրամադրվելու է 25 տարով, որից 14.5 տարիները լինելու են արտոնյալ: Կառավարության հավանությանը արժանանալուց հետո համաձայնագիրը կներկայացվի ՀՀ Սահմանադրական դատարան, այնուհետեւ կուղարկվի խորհրդարան:

 

ՆՈՐ ՓԱԹԵԹԸ՝ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը այսօր կառավարությանը կներկայացնի ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման օրենսդրական փաթեթ: Ըստ այդմ, առաջարկվում է վերանայել «Հատուկ համարանիշներ» օգտագործողների շրջանակը՝ բացառելով գերատեսչությունների վարչատնտեսական եւ տեխնիկական աշխատանքներում ներգրավված ավտոմեքենաների հետագա շահագործումը որպես «հատուկ համարանիշներով» ավտոմեքենաներ: ՀՀ ոստիկանությունը եւ օպերատիվ համարանիշներ օգտագործող մարմինները պետք է բացառեն օպերատիվ համարանիշները օպերատիվ հետախուզական գործունեության հետ առնչություն չունեցող անձանց տրամադրելու հնարավորությունը: Բացի այս, ՀՀ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է բացահայտեն արտասահմանյան գրանցում ունեցող մեքենաների՝ առանց մաքսային ձեւակերպման ՀՀ պետական սահմանը հատելու դեպքերը: Օրենսդրական փաթեթով կխմբագրվեն նաեւ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի մի շարք դրույթներ: Ըստ այդմ, հստակեցվելու է ավտոմեքենաների դիմային հողմապակու թաղանթապատման համար վարչական տույժի ենթարկելու դրույթը, ինչպես նաեւ կխստացվեն տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու համար նախատեսված տուգանքները:

 

ԱԶԱՏ ԿԱՐՁԱԿԵՆ
Ինչպես հայտնի է՝ ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի դիմումի հիման վրա Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակից Զավեն Միրիջանյանին ՀՔՇ-ն մեղադրանք է առաջադրել ՀՀ ՔՕ 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ընտրակեղծարարություն): Միրիջանյանի պաշտպան փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանը «Ժողովուրդ»-ին անցած շաբաթ ասել էր, որ իր պաշտպանյալը վատառողջ է, եւ մեկուսարանում նրա վիճակն ավելի է սրվել, ու այդ պատճառով նա չի կարողացել քննչական գործողություններին մասնակցել: «Ժողովուրդ»-ը երեկ փորձեց փաստաբանից ճշտել՝ արդյո՞ք Զավեն Միրիջանյանն, ի վերջո, ցուցմունք տվել է, սակայն պաշտպանը հրաժարվեց մեր հարցերին պատասխանել՝ ասելով, թե առաջիկա օրերին պարզ կլինի:




Լրահոս