«ԱՐԴԵՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ՉԻ՞ ՄՆԱՑԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացած «Անուշ» օպերայի նոր բեմադրությունը, որն իրականացրել են Հայաստանի եւ Ֆրանսիայի մշակույթի նախարարությունները, «Դելտա քալչր» ասոցիացիան, «Նանտեռի Ամանդյե» թատրոնը, Օ-դը-Սենի գլխավոր խորհուրդը, հիմնականում բացասական գնահատականների է արժանացել:
Կամերային երաժշտության ազգային կենտրոնի Մենակատարների պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար Զավեն Վարդանյանը մեզ հետ զրույցում մասնավորապես ասաց. «Օգտագործել են Արմեն Տիգրանյանի երաժշտությունը, բայց ինչ-որ բաներ փոփոխության են ենթարկել եւ, իմ համոզմամբ, անհարկի: Ժամանակակից դարձնել` չի նշանակում ամեն տեսակի անթույլատրելի միջամտություններ անել: Ոճական միասնականություն էր պետք, տարբեր գույնի շորեր հագցնելով` ստեղծագործությունը ժամանակակից չի դառնում: Կամ, ասենք, երգում են եւ հետո արտասանում, դա ինձ համար հասկանալի չէ: Իմ կարծիքով` չի ստացվել, սա ո՛չ մյուզիքլ է դարձել, ո՛չ լուրջ օպերա, ո՛չ օպերետա, չգիտեմ` ինչ է սա: Եվ դերակատարներն էլ մեզ չեն համոզում իրենց կերպարներով, այսինքն` ես չեմ հավատում, որ դա Անուշ է, եթե չասեն` Անուշն է: Իրենք Անուշ չեն, Սարո չեն, Մոսի չեն (կարող եք տալ ցանկացած հերոսի անունը). չեն կարող մեզ հավատացնել, կերպարի մեջ չեն մտնում»:
Պարոն Վարդանյանը հավելեց, որ, օրինակ, Մոսկվայում ցուցադրել են «Տրավիատա»-ն` ժամանակակից ոճով, որտեղ զգեստների ոճական, բեմական ամբողջականություն կար, իսկ Անուշի դեպքում, կարծես թե, սիրողական մարդիկ են այն ներկայացնում, դրամատուրգիական զարգացում չկա, առանձին-առանձին պատկերներ են: Բեմի վրա շարժուձեւերը չեն համոզում: «Կարծում եմ` իրենք էլ պատկերացում չունեն, համոզված չեն, թե ինչ են անում, ինչպես պետք է անեն, այսինքն` անձամբ հերոսների հետ կամ մասսայական տեսարաններում ռեժիսորական աշխատանքը չի երեւում: Ամեն մարդ խաղում է այնքան, որքան ինքը կարողանում է, ես չգիտեմ` այդտեղ Սերժ Ավետիքյանի դերը որն է: Իսկ զգեստների պարագայում էլ այնպիսի տպավորություն էր, որ ով ինչ ուներ, այն էլ հագել էր: Կարծում եմ` իրավունք չունեն փչացնել Տիգրանյանի երաժշտությունը, որը նա կատարելության է հասցրել… Շատերին հիմա փողոցում հարցնեք «Ամպի տակից» երգի մասին, կասեն` ժողովրդական է, այսինքն` հանճարի մակարդակ է: Եվ ինչպե՞ս կարելի է այդ սրբությանն այսպիսի ամենաթողությամբ մոտենալ: Արդեն սրբություն չի՞ մնացել»,-վրդովմունքով ավարտեց Զավեն Վարդանյանը:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս