ԶԻՆՎՈՐՆԵՐՆ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՆ ԵՂԵԼ ՃՆՇՄԱՆ ՏԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ մեկ շաբաթվա ընթացքում ինքնասպանության եւ ինքնասպանության փորձի 2 դեպքեր գրանցվեցին զինծառայողների շրջանում: Նոյմեբերի 28-ին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայող, շարքային Գեւորգ Խաչատրյանն էր ինքնասպան եղել, իսկ ավելի վաղ` նոյմբերի 9-ին, ինքնասպանության փորձ էր կատարել ՀՀ ՊՆ զորամասի ժամկետային զինծառայող Ռազմիկ Աբրահամյանը:

Դեռեւս 2013 թվականի ՀՀ ՊՆ N զորամասում ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի եւ նրա ծառայակից ընկերների միջեւ մի «պզուկի» պատմության հետեւանքով տեղի ունեցած սպանության դեպքը կարծես թե դաս չեղավ ինչպես ՊՆ-ի, այնպես էլ զինվորների համար:
2015 թվականի հունվարի 29-ին` հայոց բանակի կազմավորմանը օրը նշելուց մեկ օր անց, գազանաբար սպանվեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանը: Ապագա սպան, որը պետք է բանակում ապահովեր բարոյահոգեբանական մթնոլորտը, կարգավորեր զինվոր-հրամանատար անհասկացվածությունը կամ, առհասարակ, զսպեր բանակում «լավ տղա կարգվելու» դրսեւորումները, դարձավ հենց դրա զոհը: Այս օրերին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննությունը շարունակվում է:
2015թ. նոյեմբերի 28-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, սահմանապահ ուղեկալի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գեւորգ Խաչատրյանը, լինելով պետական սահմանի պահպանության սահմանապահ վերակարգի կազմի մեջ, իրեն ամրակցված ինքնաձիգով ինքնասպան էր եղել:
Ավելի ուշ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնի կողմից այս գործով կապիտան Մ. Ոսկանյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քր. օր. 364.1-ին հոդվածի 2-րդ մասի (զինծառայողի կողմից մոլեխաղեր կազմակերպելը), 375-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանությունը չարաշահելը) 360-րդ հոդվածի 2-րդ մասի (զինծառայողին վիրավորանք հասցնելը), ավագ լեյտենանտ Հ. Վարդեւանյանին՝ 375-րդ հոդվածի 1-ին մասով եւ 375-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանությունը չարաշահելը), շարքայիններ Հ. Մուրադյանին՝ 364.1-ին հոդվածի 1-ին մասի (զինծառայողի կողմից մոլեխաղեր կազմակերպելը), 359-րդ հոդվածի 1-ին մասի (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը), 360-րդ հոդվածի 1-ին մասի (զինծառայողին վիրավորանք հասցնելը), Ա. Սարգսյանին՝ 359-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Տեղեկացնենք, որ կապիտան Ա. Ոսկանյանի եւ շարքային Հ. Մուրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ Հ. Վարդեւանյանի եւ Ա. Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ քննիչների միջնորդությունները դատարանի կողմից չբավարարվեց:
Գեւորգ Խաչատրյանի ինքնասպանության դեպքից «Ժողովուրդ»-ին մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես թե ինչ մոլեխաղեր են կազմակերպել գործով անցնող կապիտանը, ավագ լեյտենանտն ու երկու շարքայինները, եւ ինչո՞ւ էր շարքային Գեւորգ Խաչատրյանը գնացել ինքնասպանության: Ըստ մեզ հասած տեղեկությունների` վերոնշյալ օրը Գեւորգ Խաչատրյանը կապիտան Ոսկանյանը, ավագ լեյտենանտ Հ. Վարդեւանյանը եւ շարքայիններ Հ. Մուրադյանը եւ Ա. Սարգսյանը թղթախաղ են խաղացել եւ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ պարտվողը պետք է անի այն, ինչ հաղթողները կամենան: Գեւորգը խաղը պարտվել է, եւ վորոնշյալ անձինք նրան ծիծաղելի առաջադրանք են տվել, ինչը նա պայմանի համաձայն կատարել է:
Օրինակ՝ չոքեչոք գնա կապիտանի շան մոտ ու նրան կերակրի կամ այլ նմանօրինակ առաջադրանքներ: Նշենք, որ ի սկզբանե, խաղը սկսելուց առաջ, տղաները պայմանավորվածություն են ձեռք բերել, որ եթե պարտվողը չանի, ապա նշանակում է, որ դրժում է տղամարդավարի տված իր խոսքը: Եվ, ահա, Գեւորգը պարտվելուց հետո որոշել է տեր կանգնել տղամարդու իր խոսքին ու կատարել է տղաների զվարճալի առաջադրանքը: Սակայն այսքանով պատմությունը չի ավարտվել: Ու այդ խաղը ճակատագրական դարձավ շարքային Գեւորգի համար: Բանն այն է, որ խաղից հետո ծառայակից տղաները սկսել են ծաղրել, անընդհատ հիշեցնել, թե ինչպես ծնկաչոք կեր տվեց կապիտանի շանը եւ այլն: Ըստ էության, Գեւորգին դուր չի եկել ծառայակից ընկերների կողմից իրեն ծաղրելու դրսեւորումները, եւ նա զգուշացրել է` դադարեցնել ծաղրանքը: Սակայն նրա խոսքը տեղ չի հասել, եւ նրան ծաղրելու փորձերը շարունակվել են, ինչի արդյունքում Գեւորգ Խաչատրյանը իրեն ամրակցված զենքով ինքնասպան է եղել:
Հավելենք, որ այս դեպքից մեկ շաբաթ անց` դեկտեմբերի 9-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռազմիկ Աբրահամյանն ինքնասպանության փորձ կատարեց: Նախնական տվյալներով՝ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11:55-ի սահմաններում, Ռ. Աբրահամյանը մտել է զորամասի հետախուզական վաշտի պահեստանոց, վերցրել հետախուզական վաշտի դասակի հրամանատար, լեյտենանտ Հ. Եղիազարյանին պատկանող ԱԿՍ-74 տեսակի ինքնաձիգը, զրահաբաճկոնների համար նախատեսված պայուսակից հանել 1 հատ 5.45 տրամաչափի փամփուշտ, լիցքավորել է այն, կրակել սրտին:
Ավելի ուշ հայտնաբերվել էր նամակը, որտեղ նա իր հայրիկին հայտնել է, թե իրեն ինքնասպանության են դրդել համածառայակիցները: Այս գործով ձերբակալվել են զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Ա. Կարապետյանը, Ս. Մելքոնյանը եւ Վ. Տեր-Վարդանյանը: Չի բացառվում, որ այս դեպքում էլ ավելի ուշ պարզվի, որ գործ են ունեցել զինվորների կողմից մեկը մյուսին ծաղրելու կամ ինքնահաստատվելու փորձի հետ:
Այս պահին Ռազմիկ Աբրահամյանը գտնվում է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Վերջինիս վիճակը գնահատվում է ծանր: Հուսանք` նա կապաքինվի:
Ստացվում է, որ զորամասի ներսում առկա ներքին իրավիճակին որեւէ աշխատակից չի տիրապետում: Եւ այն աստիճան անտեղյակ ու անտարբեր մթնոլորտ է զորամասերում, որ զինվորը իր արժանապատվությունը փրկելու միակ ելքը տեսնում է ինքնասպանության մեջ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՀԱՅՏՆԻ ԶԱՆԳԻ ՄԱՍԻՆ
Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը լրագրողների հետ հանդիպմանը հավաստիացրեց, որ դեկտեմբերի 6-ին՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը, արձանագրված ընտրախախտումների մասով հարուցված քրեական գործերի քանակը չի կարող հիմք հանդիսանալ հանրաքվեի արդյունքները վիճարկելու համար. «Մենք ունենք անհատապես կատարված հանցագործություններ, եւ քննության արդյունքում կպարզվեն՝ արդյո՞ք դրանք ունեցել են կազմակեպված բնույթ, թե՞ անհատական դրսեւորման արդյունք են»:
Նշենք, որ նախորդ համապետական ընտրությունների` 2013 թվականի փետրվարի 18¬ի նախագահական ընտրությունների ընթացքում ընտրական իրավունքին առնչվող իրավախախտումների վերաբերյալ հարուցվել է 13 քր. գործ, որից 6¬ն ուղարկվել է դատարան` մեղադրական եզրակացություններով: ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված խախտումների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազություն ստացվել է 461 հաղորդում, որից 189¬ի մասով այս պահի դրությամբ քրգործի հարցումը մերժելու որոշում է կայացվել, իսկ 16¬ով քրեական գործ է հարուցվել:
Ինչպես հայտնի է՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը այո-ի բարձր ցուցանիշը չապահոված Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի նկատմամբ արդեն քրեական գործ է հարուցվել` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հիմքով: Երեկ «Ժողովուրդ»-ը ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանից փորձեց պարզել՝ արդյո՞ք հաջորդը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն է, որը եւս խայտառակ ցուցանիշ ապահովեց. «Ես հասկանում եմ, կարող է՝ այդպիսի տպավորություն լինել, որ գործի հարուցումը պայմանավորված է դրական գործընթացների հետ, բայց հավատացնում եմ, որ ոչ: Ցանկացած հանցագործության մասին հաղորդումով քրեական գործ հարուցելը կամ հարուցելու մասին որոշում պետք է կայացվի 10 օրվա ընթացքում: Այդ դեպքի կապակցությամբ հանցագործության մասին հաղորդումը ներկայացվել էր 10 օր առաջ: Հետեւաբար ընտրական գործընթացի հետ կապել հիպոտետիկ առումով հնարավոր է, բայց ֆորմալ տեսակետից հիմք չկա»:
Այս պահին քննության փուլում է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի դիմումի հիման վրա կաշառքի գործով հարուցված քրեական գործը, որի շրջանակներում կալանավորվել է ՀՀԿ-ական, Կենտրոն վարչական շրջանի աշխատակից Զավեն Միրիջանյանը: Հաշվի առնելով, թե նա քաղաքական որ ուժի ներկայացուցիչն է, արդյո՞ք հայտնի զանգը կարող է Միրիջանյանին փրկել պատասխանատվությունից: «Ժողովուրդ»-ի այս հարցին Գեւորգ Կոստանյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ հիմք եմ տվել նման հարցադրում անելու համար, քանի որ հայտնի կամ անհայտ զանգեր նման հարցերում չեն լինում: Քրեական պատասխանատվությունն առաջ է գալիս համապատասխան ապացույցների դեպքում եւ դադարեցվում է համապատասխան ապացույցների դեպքում: Այս պահի դրությամբ տվյալ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքերը եղել են բավարար, եւ այս պահին վերջինիս անմեղությունը ապացուցող որեւէ հիմնավորում ձեռք չի բերվել: Համենայնդեպս, հանգիստ եղե՛ք, տենց զանգեր չեն եղել»:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԿԼԻՆԻ
ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, անդրադառնալով Գյումրիում Ավետիսյանների ընտանիքին սպանելու մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավարությանը լրատվամիջոցների մասնակցությանը, երեկ հրավիրած ասուլիսում ասել է, որ այդ հարցը պետք է որոշի դատարանը: Լրագրողների դիտարկմանը՝ արդյոք արտագնա նիստ հրավիրելու հանգամանքը չի՞ անդրադառնա գործի հրապարակայնության վրա, Գեւորգ Կոստանյանը նկատել է, որ արտագնա նիստ հրավիրելու իրավական հիմքը կա. «Սա չի կարող հրապարակայնությանը խոչընդոտել: Անկախ նրանից, թե դա որտեղ է, հրապարակայնությունը երաշխավորվելու է նույն կերպ: Հրապարակայնության բոլոր դրսեւորումները կլինեն»: Նշենք, որ թեեւ դատավարությունը իրականացնելու է հայկական կողմը՝ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորը, սակայն նիստերը տեղի են ունենալու Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայում:

 

ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ
Շանթ Հարությունյանի եւ համախոհների ազատության համար պայքարի դուրս եկած եւ 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի հայրը բարձրաձայնել է հացադուլ հայտարարած որդու եւ իր ընտանիքի նկատմամբ ճնշումների եւ սպառնալիքների մասին: «Այս բոլոր անօրինական գործողությունները ծրագրվում են ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից: Հայկ Կյուրեղյանը փաստացի պատանդի կարգավիճակում է, եւ իր պաշտպանության միակ միջոցը մնացել է հացադուլը»,- հայտարարել է Արմենակ Կյուրեղյանը:

 

ԳԱՍՊԱՐԻԻ ԴԵՄ
Քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 9/15 տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ։
«2015 թվականի դեկտեմբերի 6-ին թիվ 9/15 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ թիվ 9/16 տեղամասի դիտորդ Վարդգես Գասպարին թիվ 9/15 տեղամասում պարբերաբար աղմկել է, հայհոյել եւ իր վարքագծով խոչընդոտել տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքին, մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը»,-ասված է Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդագրությունում:




Լրահոս