ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՀՀԿ-ՈՒՄ «ՍԵՎ ԿԱՏՈՒՆԵՐ ՉՓՆՏՐԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդի» տեղեկություններով` Հանրապետական կուսակցությունում այս օրերին «թեժ» քննարկումներ են ընթանում: Բանն այն է, որ սահմանադրական հանրաքվեից հետո իշխանությունները պետք է «լծվեն» ընտրական օրենսգրքի փոփոխությանը` զուգահեռաբար ճշգրտելով, թե որտեղ ինչ փոխատեղումներ են լինելու: Ըստ նույն տեղեկությունների՝ ՀՀԿ-ում այժմ քննարկվում է, թե Սերժ Սարգսյանն ում եւ որտեղ է պատրաստվում «տեղավորել», եւ առաջիկայում որ թեւին է առավելությունը տրվելու: Ըստ ՀՀԿ-ականների` վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիմը ցայտնոտի մեջ է հայտնվել:

Երեկ «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցել է ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ:
-Պարո՛ն Շարմազանով, իշխող ՀՀԿ-ն ինչի՞ կարողացավ հասնել այս մեկ տարվա ընթացքում, ո՞րն է իշխանությունների ձեռքբերումը:
-Շատ հագեցած տարի էր, ամբողջ պետությունը ընդգրկված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կազմակերպման աշխատանքներում, որոնք իրականացվեցին պատշաճ մակարդակով: Արտաքին քաղաքական ասպարեզում բավականին մեծ հաջողություններ գրանցվեցին՝ Ցեղասպանության ընդունման հետ կապված, մենք տեսանք, որ եվրոպական բազմաթիվ կառույցներ դատապարտող հայտարարություններ ու բանաձեւեր ընդունեցին: Ամենակարեւորը փոխվեց ՀՀ Սահմանադրությունը, մենք այս 20-25 տարվա ընթացքում տեսանք, որ ՀՀ-ում կա ոչ միայն սոցիալական-տնտեսական հարցերի փոփոխման անհրաժեշտություն, այլ նախ եւ առաջ կա համակարգային բարեփոխումների անհրաժեշտություն: Կառավարման համակարգն արդյունավետ չէր ու իր մեջ վտանգներ էր պարունակում, ու մենք փորձեցինք այն հնարավորինս մոտեցնել ավելի արդյունավետ մոդելի, ու, փառք Աստծո, որ մեր հասարակությունն ընդունեց, ու 63 տոկոսից ավել մեր ՀՀ քաղաքացիներն այո ասացին նախագահի ներկայացրած բարեփոխումներին: Սա ամենակարեւոր ձեռքբերումն էր, որը գուցե մենք չենք գիտակցում, բայց ես միշտ նշել եմ, որ սահմանադրական բարեփոխումները երշիկի, պանրի, հացի թանկացման կամ էժանացման բարեփոխում չի, դա բարեփոխում է, որպեսզի մեր պետության ծառը, եթե մի տեղ ծռվել է ու ծուռ է աճում, ուղղենք ու ճիշտ ճանապարհով գնանք: Եթե մի բանը սխալ է աճում, ծուռ է, որքան ուզում ես՝ պատվաստի, ինքը չի բուժվում: Իսկ եթե դու ուղղում ես, ապա դրանում քչանում են ռիսկերը, որ նա կարող է ծուռ ճանապարհով գնալ:
-Ընդդիմությունը, սակայն, պնդում է, որ հնարավոր չէ ընտրակեղծիքներով որեւէ բան ուղղել, առավել եւս, որ այդ «ուղղումներն» էլ արվում են բացառապես սեփական աթոռները պահպանելու նպատակով: Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀԿ-ի ներսում արդեն իսկ մեկնարկել է աթոռակռվի նոր փուլը` առաջիկա քաղաքական պարտիայի համար:
-Սխալ տեղեկություններ են դրանք: Հայտարարում են, թե խորհրդային տարիների Սահմանադրությունն ամենալավն էր, գլուխը պատովն է տալիս այն մարդը, ով ասում է, որ դա ճիշտ է: Խորհրդային Սահմանադրությունում չկար բազմակարծություն, կար կոմունիստական կուսակցության իշխող դեր: Կոմունիստական կուսակցության ղեկավարման ընթացքում այլախոհությունը դատապարտվում էր. Անդրանիկ Մարգարյան, Աշոտ Նավասարդյան, նույն Պարույր Հայրիկյան, Ազատ Արշակյան, Ռազմիկ Զոհրաբյան այդ մարդիկ դատապարտվել են, որովհետեւ կոմունիստներին դեմ են եղել: Բան չեն արել, ընդամենն իրենց տեսակետն են ներկայացրել ու ասել են, որ իրենք դեմ են: Դա անգրագիտություն է, երբ նման հայտարարություն են անում, գուցե կոմունիստների տարիներին մարդկանց ստամոքսը կուշտ էր, բայց մենք տեսանք, թե 88 թվականին ինչ շարժում սկսվեց: Մարդիկ այդ սովի՞ց շարժումը սկսեցին, ո՛չ, սկսեցին ազատությունից, սկսեցին ազգային իղձերից: Սա նշանակում է, որ նյութականը կարեւոր չի, այլ կարեււոր է հոգեւորը, կարեւորը գաղափարն է, ու մենք այդ իմաստով տանում ենք այդ սահմանադրական բարեփոխումները: Մենք տանում ենք ոչ թե անձերի, այլ գաղափարների պայքար, մենք տանում ենք ոչ թե կուսակցությունների պայքար, այլ պայքար կուսակցական գաղափարների միջեւ:
-Այնուամենայնիվ, վերադառնալով ՀՀԿ-ի ներսում սկսած աթոռակռվի մասին հարցին` ի՞նչը չեք կարողանում «կիսել» կուսակցությունում, ինչո՞ւ է ՀՀԿ-ում մթնոլորտը թեժացել:
-Մենք մեր ներսում իրականացնում ենք նախագահի ծրագրերը, պետք չէ մեր կուսակցության ներսում սեւ կատուներ փնտրել, սեւ կատուներն այն մարդկանց ուսերին են, ովքեր որ ուզում են ՀՀԿ-ում ինչ-որ մութ բաներ փնտրել: Հանրապետականն ունի ղեկավար, հանրապետականն ունի գործադիր մարմին, ունի խորհուրդ, ունի ծրագրեր, ու մենք հենց այդ ծրագրերով էլ առաջ ենք շարժվում: Ինչի՞ մասին է խոսքը: Որեւէ կադրային քննարկում չի եղել, 2017 թվականին ժողովուրդը ցույց կտա արդյունքները, երբ ժողովուրդը ձայն կտա ՀՀԿ-ին, այն ժամանակ էլ ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստով կորոշվի` ով որտեղ աշխատի, ով ինչ անի, կորոշեն՝ Շարմազանովը գնա իրենց տուն, կգնա իրենց տուն, կորոշեն՝ մնա ԱԺ-ում, կմնա:
-Իսկ եթե ՀՀԿ-ն «որոշի», որ Սերժ Սարգսյանը պետք է մնա երկրի կառավարման համակարգում, այդ դեպքում ի՞նչ կինի:
-Սերժ Սարգսյանը մինչեւ 2018 թվականը երկրի նախագահն է, ինքն իր լիազորությունները կիրականացնի, որից հետո պարոն նախագահը կորոշի… Ես մի բան կարող եմ ասել, որ ես հպարտ եմ, որ Սերժ Սարգսյանը իմ կուսակցության առաջնորդն է, ու գտնում եմ, որ նա երկար տարիներ պետք է լինի մեր կուսակցության առաջնորդը, դրա անհրաժեշտությունը կա:

 

 

 

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏԻ ՍՏԵՂԾԵԼ

Երեկ խորհրդարանում մեկնարկեց ՀՀ կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստը, որի ժամանակ քննարկվեց «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանի ներկայացմամբ` այս նախագծով առաջարկում են, որ անմաքս առեւտրի գոտու ռեժիմից ՀՀ-ում օգտվեն ոչ միայն օդանավակայանի տարածքում գործող առեւտրի կետերը, այլ նման հնարավորություն տրվի նաեւ ցամաքային անցակետերում գործող կետերին: Սակայն ընդդիմադիր պատգամավորները հարցի շուրջ բանավիճեցին փոխնախարարի հետ:

Ըստ նախագծի՝ հնարավորություն է ընձեռվելու, որ Մեղրիում, Բավրայում եւ Բագրատաշենում տեղակայված առեւտրի կետերը նույնպես օգտվեն անմաքս առեւտրից: Նշենք, որ ներկայումս անմաքս առեւտրի կետերից միայն օդանավակայանի առեւտրի կետերն են ազատվում ԱԱՀ-ից, նախագծի ընդունումից հետո, սակայն, դա տարածվելու է նաեւ ցամաքային բոլոր անցակետերի վրա:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը փոխնախարարից փորձեց պարզել, թե ումից են կոնկրետ նման խնդրանք ստացել, ինչի համար որոշել են այդպիսի փոփոխությամբ հանդես գալ: «Նաեւ գրել եք, որ բյուջեի վրա այս օրենքի փոփոխությունը որեւէ ազդեցություն չի ունենալու, բայց եթե առաջ ԱԱՀ էր գանձվում, հիմա չի գանձվելու, ո՞նց կարող է դա բյուջեի վրա որեւէ ազդեցություն չունենալ»:
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանն իր պատասխանում նշեց, որ իրենց դիմել է «Դյութի ֆրի ալյանս» կոչվող ասոցիացիան, որը հանդիսանում է աշխարհում անմաքս առեւտրի կետերի միություն: «Այս կազմակերպության հիմնադիր ընկերություն կա գրանցված ՀՀ-ում, որը կոչվում է «Դյութի ֆրի ալյանս» ՍՊԸ: Նրանք դիմել են եւ ստացել թույլտվություն Մեղրիում անմաքս առեւտրի գոտում գործունեության համար»: Մելքոնյանը հավելեց, որ մեր հարեւանները՝ Վրաստանը, Իրանը, դա արդեն ունեն, եւ մեքենայով էլ Վրաստան մեկնելիս մարդիկ օգտվում են այդ ռեժիմից:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ խնդրեց իրեն տրամադրել նամակագրության պատճենը, որով «Դյութի ֆրին» դիմել է ՀՀ կառավարությանը: Փոխնախարարը խոստացավ այն տրամադրել Զ. Փոստանջյանին, որից հետո պատգամավորը հարց ուղղեց, թե արդյո՞ք Արցախի հետ սահմանին էլ է գործելու այդպիսի ռեժիմ: «Մենք մաքսային ձեւակերպումներ չենք իրականացնում Արցախի հետ սահմանում, որ մի հատ էլ անմաքս առեւտրի գոտի անենք: Դա կարող ենք անել ՀՀ տարածքում: Այն հարաբերությունների դեպքում, որ ունի Հայաստանը Արցախի հետ, անմաքս առեւտրի գոտու իմաստը չեմ տեսնում»,- եզրափակեց փոխնախարարը:
Նախագիծն այսօր դրվելու է քվեարկության:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

ՀԱՐՍՏԱՆՈՒՄ ԵՆ
ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Հարությունյանը պաշտոնապես հայտարարագրել է, որ 2014 թվականի դրությամբ ունի 8 մլն դրամ, 50 հազար դոլար եւ 20 հազար եվրո: Իհարկե, հասկանալի է, որ դատավորի ողջ ունեցվածքը չէ, որ հայտարարագրված է: Բայց հատկանշական է, որ Վարդան Հարությունյանը մշտապես սոցիալապես անապահով մարզերից մեկում աշխատելով եւ ստանալով ընդամենը 590 հազար դրամ՝ կարողացել է այդքան «փող դիզել»: Առավել ուշագրավը, սակայն, դատավորի կնոջ՝ Արմիկ Հարությունյանի ունեցվածքն է. նա պաշտոնապես հայտարարագրել է 15 մլն դրամ, 30 հազար դոլար եւ 10 հազար եվրո դրամական միջոց: Ու քանի որ դատավորի կինն աշխատանքի վարձատրության մասին ոչ մի նշում չի կատարել, ուստի նշանակում է, որ նա զբաղված է տնային տնտեսուհու «գործով»: Համաձայնեք, որ դատավորի կնոջ դեպքում տնային տնտեսուհու «գործն» ավելի եկամտաբեր է, քան ցանկացած այլ աշխատանք:

 

ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ԿԳՐԱՎԱԴՐԵՆ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախատեսում է վաղը կայանալիք նիստում թույլատրել «Յուքոմ» ընկերության բաժնետոմսերի մի մասի առքուվաճառքի գործարք իրականացնել, ինչպես նաեւ բաժնետոմսերի մեկ այլ մասն էլ գրավադրել: Ըստ այդ, ՀԾԿՀ նիստի օրակարգում ընդգրկված նախագծից տեղեկանում ենք, որ «Յուքոմ» ՍՊԸ-ին պատկանող 11.3 տոկոս բաժնեմասի 0.6-ական տոկոս բաժնեմասերը կվաճառվեն Հայկ Եսայանին եւ Ալեքսանդր Եսայանին, իսկ 5.5 տոկոսը` «ԱՅՅՈՒ ԹԵԼԵՔՈՄՅՈՒՆԻՔԵՅԹ» ՍՊԸ-ին, 4.6 տոկոսն էլ՝ Արամ Խաչատրյանին: Բացի այդ՝ ՀԾԿՀ-ն պատրաստվում է թույլատրել «Յուքոմ»-ին Արամ Խաչատրյանին պատկանող բաժնեմասի 16 տոկոսը, Ալեքսանդր Եսայանին եւ Հայկ Եսայանին պատկանող 5-ական տոկոսները եւ «ԱՅՅՈՒ ԹԵԼԵՔՈՄՅՈՒՆԻՔԵՅԹ» ՍՊԸ պատկանող 49 տոկոսը գրավադրել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ում:

 

ԾԵԾԻ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Ինչպես հայտնի է՝ այս տարվա հուլիսի 6-ին Սիլիկյան թաղամասում գործող «Հայր եւ որդի Մարտիրոսյաններ» ՍՊԸ սեփականատեր Մարտիրոսյաններն իրենց ընտանիքի գրեթե ողջ արական սեռի ներկայացուցիչներով հարձակվել էին հարեւան Մելքոնյանների տան վրա: Քանի որ Մելքոնյանների ընտանիքի անդամներից մեկը հանդգնել էր Մարտիրոսյանի երիտասարդ թոռանը նկատողություն անել՝ ավտոմեքենան փողոցով արագ վարելու համար: Այս ծեծկռտուքի արդյունքում Հրանտ, Աշոտ եւ Հրաչյա Մարտիրոսյաններին մեղադրանք առաջադրվեց՝ խուլիգանության հատկանիշներով: Չնայած ի սկզբանե քրեական գործով բոլոր մասնակիցներն ու մեղավորները հայտնի են եղել, մեղադրյալներն իրենց մեղքը չեն էլ թաքցրել, այնուամենայնիվ, ՀՀ քննչական կոմիտեին շուրջ հինգ ամիս էր անհրաժեշտ, որպեսզի այս գործն ի վերջո դատարան ուղարկեին: Բայց պարզվում է` դատական նիստերը տեղի չեն ունենում, այս անգամ արդեն մեղադրողի դատարան չներկայնալու պատճառով. դատախազը վատառողջ է, իսկ Մարտիրոսյանները` կալանքի տակ:




Լրահոս