Երեկ՝ Ազգային Ժողովի արտահերթ նիստի ժամանակ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի միջեւ ուշագրավ հակամարտություն ծավալվեց: Փոստանջյանն իր ելույթի ընթացքում սկսեց դժգոհել դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեից եւ երկրում առկա մի շարք խնդիրներից, ինչը դուր չեկավ ՀՀԿ-ականներին: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն անջատելով պատգամավորի խոսափողը՝ հորդորեց ելույթ ունենալ այն թեմայի շրջանակներում, ինչի համար արտահերթ նիստ են հրավիրել: Սակայն կոնֆլիկտն այնքան հասունացավ, որ Շարմազանովը ստիպված եղավ ընդմիջում հայտարարել:
Կարծես ՀՀԿ-ականների համար սովորություն է դարձել անընդմեջ անջատել ընդդիմադիր պատգամավորների խոսափողը` թույլ չտալով նրանց ազատ արտահայտվել: Որպես կանոն` իրենց այդ քայլը նրանք պատճառաբանում են նրանով, թե ընդդիմադիրները շեղվում են օրակարգի թեմայից: Երեկ խորհրդարանում հերթական այդպիսի դեպքը արձանագրվեց, որն ունեցավ աննախադեպ զարգացում: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր ելույթի ընթացքում սկսեց քաղաքացիական անհնազանդության կոչեր հնչեցնել, այդ թվում հարկերը չմուծելու մասին: Վերջինս նաեւ անդրադարձավ Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքին եւ նշեց, որ դեպքը տեղի է ունեցել մեկ տարի առաջ, սակայն մինչեւ օրս իշխանությունները որեւէ գործուն քայլ չեն արել դրդապատճառները բացահայտելու համար: Փոստանջյանի սուր քննադատությունը 8 րոպե լսելուց հետո Աժ փոխխոսնակ Է. Շարմազանովի նյարդերը չդիմացան, եւ նա հրահանգեց անջատել պատգամավորի խոսափողը:
«Ձեր կապրիզները Ձեր շրջապատում արեք, Ձեր տանը խոսեք ամեն ինչից»,-ասաց Շարմազանովը` Փոստանջյանին խնդրելով լքել ամբիոնը: Սակայն Շարմազանովի խոսքերն ազդեցություն չունեցան, եւ Փոստանջյանը շարունակում էր համառորեն մնալ ամբիոնի մոտ ու պնդել, որ միացնեն իր խոսափողը, քանի որ իր ելույթի ժամանակը դեռ չի սպառվել: «Տիկի՛ն Փոստանջյան, սա մանկապարտեզ չի, խնդրում եմ Ձեզ: Էլ ոնց ասեմ, հորդորեմ: Մի ջենտլմեն չկա՞, որ գա, Ձեզ հրավիրի դուրս: Ես գիտեի՝ Դուք ադեկվատ մարդ եք: Արա՛, էս ով ա, արա՛»,- հետզհետե սկսեց հունից դուրս գալ Շարմազանովը: Ապա տեսնելով, որ այլ ելք չկա` քիչ անց նա հայտարարեց 30 րոպե ընդմիջում: «Ընդմիջում 30 րոպե, որովհետեւ այլ կերպ հնարավոր չէ»,-հայտարարեց փոխխոսնակը: Ընդմիջումից հետո, այնուամենայնիվ, Փոստանջյանին նորից հնարավորություն ընձեռնվեց շարունակել իր ելույթը, որի մեկնարկին նա ասաց. «Ոչ միայն խոսքի ազատությունն է վտանգավոր Հայաստանի Հանրապետությունում գործող ռեժիմի համար, այլ նաեւ մեր վերաբերմունքը, հետեւաբար մենք ենք վտանգ ներկայացնում հանցավոր ռեժիմի համար»:
Փոստանջյանի ելույթի ավարտից հետո ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահան Բաբայանն էլ, շարունակելով իշխանության ներկայացուցիչների «ասեղը թելել», սկսեց քննադատել Փոստանջյանին: «Կարճ անդրադառնամ որոշ շիզոֆրենիկ հայտարարությունների: Այս ամբիոնից քաղաքականությունից խոսում են այնպիսի մարդիկ, ովքեր Ազատության հրապարակում հարյուր հոգուց ավել չեն կարողացել հավաքել, ովքեր չեն կարողացել տեղամասերում իրենց ներկայացուցիչներն ապահովել: Դա ուղղակի ծիծաղելի է: Այս ամբիոնը մի՛ օգտագործեք էժանագին փիարի համար: Քաղաքականությունը ոչ թե ճղճղալով կամ գոռգռալով է, այլ լուրջ բաներ ասելով: Լուրջ քննադատե՛ք, մենք էլ Ձեզ լուրջ կքննադատենք»,-ասաց նա:
Ուշագրավ է, որ այս ամենը տեսնելուց հետո «Ժառանգություն» խմբակցության անդամները որեւէ կերպ չփորձեցին միջամտել` պաշտպանելով իրենց գործընկերոջը: Տեղից մի երկչոտ փորձ արեց միայն Ալեքսանդր Արզումանյանը` խոսելով ազատ արտահայտվելու իրավունքի մասին: Սակայն նրան անմիջապես լռեցրեց Է. Շարմազանովը` ընթերցելով Աժ կանոնակարգ օրենքը:
Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ, ով, սակայն, մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: Նույն խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ հորդորեց դիմել կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին: Իսկ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն ասաց. «Ես երբեւէ չեմ ցանկանա, որ որեւէ մեկը միջամտի իմ ելույթին եւ իմ խնդիրներին: Դրա համար էլ նույն վարքագիծն եմ ցուցաբերում, երբեւէ չեմ միջամտել: Պատգամավորն ազատ է իր խոսքի մեջ: Որեւէ մեկին չեմ համարում, որ իրավունք ունի խոսքից զրկելու: Ցավոք սրտի, կանոնակարգ օրենքը, որ այսօրվա դրությամբ կա, թույլ է տալիս նիստը վարողներին խոսքից զրկել կամ ժամանակը սեղմել: Ինձ թվում է՝ այդ ամբիոնը նրա համար է, որ կարողանան խոսք հասցնեն, ճիշտ չեմ համարում, որ անջատում են»:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ
13-ՐԴԸ ՉԵՆ ՏԱԼՈՒ
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի շրջանում ամենաշատ քննարկվող թեման շարունակում է մնալ 13-րդ աշխատավարձի խնդիրը: Բանն այն է, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը որոշել է այս տարի ԱԺ աշխատակազմին զրկել ամանորի շեմին իբրեւ «նվեր» վճարվող պրեմիայից, որը այլ կերպ կոչում են 13-րդ աշխատավարձ: «Ժողովուրդ»-ի հետ մասնավոր զրույցներում խորհրդարանի աշխատակիցներն ասում են, որ Գալուստ Սահակյանը հանձնարարել է աշխատակազմին տեղեկացնել, որ այս տարի «պրեմյայի» հույսեր չտածեն, քանի որ պետբյուջեի՝ խորհրդարանի համար նախատեսված միջոցները սպառվել են: Երեկ ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե երբ վերջնականապես պարզ կլինի՝ 13-րդ աշխատավարձը վճարվելու է, թե ոչ: «13-րդ աշխատավարձ հասկացողություն օրենսդրությունում չկա, քանի որ տարին ունի 12 ամիս»,- բառախաղով պատասխանեց Բաբայանը:
ՆԻՍՏ ԿԱՆԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 16-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի: Նախատեսում են քննարկել 2015 թ. նոյեմբերի 4-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը, հիմնական զեկուցողը կլինի ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Երկրորդ հարցը վերաբերում է 2015 թվականի մայիսի 14-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ Երեւանում Հայ-ռուսական համալսարանի գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը: Այս համաձայնագիրը կներկայացնի ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
ԷԺԱՆ ԿԱՎԻՃ
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը սկսել է աճուրդի հանել մաքսային պահեստների մնացուկները: ՀՀ ԴԱՀԿ-ն այս անգամ էլ աճուրդի է հանել 53 տոննա սպիտակ փոշի՝ կալցիումի կարբոնատ: Այլ կերպ ասած՝ կավիճի փոշի: Պարզվում է՝ այդ ապրանքը Հայաստան է ներմուծվել դեռեւս 2012 թվականի հունվարի 27-ին եւ արդեն ավելի քան երեքուկես տարի է՝ պահվում է «Ապավեն» մաքսային պահեստում: Ապրանքի մեկնարկային գինը, ըստ աճուրդի հայտարարության, սահմանվել է 28 հազար 300 դրամով: Այս պահին գնային որեւէ առաջարկ չկա: Ի դեպ, այն փաստը, որ 53 տոննա կավիճն այդ չնչին գնով է վաճառվում, ամենեւին էլ պատահական չէ: Բանն այն է, որ ըստ աճուրդի հայտարարության՝ գնորդը պարտավոր է լինելու վճարել ապրանքի պահատվության գումարը, որի չափն, ի դեպ, նշված չէ: Սակայն հաշվի առնելով այն փաստը, որ խոսքը 3 տարի, տասն ամսվա վարձի մասին է, հաստատ այն ավելի մեծ գումար է կազմելու, քան այդ ապրանքի արժեքն է:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
3 ՀԱԶԱՐ ԿՐԱԿՈՑ
Հանգստյան օրերին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 280 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 (33 արկ), 82 (53 արկ), 120 (10 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 (26 արկ) եւ ՌՊԳ-7 (1 արկ) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3 հազար կրակոց:
ՀԱՄԱԳՈՒՄԱՐ
Դեկտեմբերի 12-ին Երեւանի «Կոնգրես» հյուրանոցի մեծ դահլիճում տեղի է ունեցել «Նոր ժամանակներ» կուսակցության 8-րդ հաշվետու-վերընտրական համագումարը: Կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը համակողմանիորեն ներկայացրել է երկրում ընթացող քաղաքական պրոցեսները: Համագումարը միաձայն Արամ Կարապետյանին ընտրել է կուսակցության նախագահ: ՆԺԿ 8-րդ համագումարը հանգամանալից քննարկել է դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շուրջ ծավալվող գործընթացները եւ դրա հետ կապված հանդես եկել հայտարարությամբ:
ՈՉ ԱԴԵԿՎԱՏ
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության շուրջ միջազգային հանրության արձագանքը բացարձակապես ադեկվատ չէ: Armlur.am-ի հարցին ի պատասխան, անդրադառնալով սահմանային լարվածությանը, այդ մասին նշել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Ռուստամյանը: «Այստեղ խոսքը գնում է ոչ թե լարվածության մասին, այլ, ըստ էության, պատերազմական գործողությունների մասին: Սահմանների վրա թաքնված, մեղմ, սակայն, ըստ էության, պատերազմ է գնում: Բնականաբար, դրա դեմն առնելու միակ տարբերակը միշտ եղել է մեր զինուժը, մեր պաշտպանունակությունը, եւ դրա վրա է մեր հույսը», – հավելեց նա:
ՉՀԻՇԱՏԱԿՎԱԾ
Եվրոպական միությունը երեկ հաղորդագրություն է տարածել, որում ողջունել է նոյեմբերի 18-ին ընդունված «Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայում» փաստաթղթի ընդունումը, որը միտված է փոփոխություններին եւ հարեւանության շրջանում ծագող մարտահրավերներին արագ արձագանքելուն: ԵՄ-ն նշել է, որ ժողովրդավարական, կայուն եւ բարգավաճող հարեւանները ռազմավարական առաջնահերթություն եւ հիմնարար հետաքրքրություն են Եվրոպական միության համար: Նշենք, որ «Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայում փաստաթղթում» Հայաստանի մասին որեւէ հիշատակում չկա: Փաստաթղթից նաեւ դուրս են մնացել «Արեւելյան գործընկերություն» ծրագրի անդամներ Ադրբեջանն ու Բելառուսը:
ԱՆՑԿԱՑՐԻՆ
«Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ` կապված դեկտեմբերի 6-ի հանրաքվեի կեղծման հետ:
«Ընտրախախտումները կրել են զանգվածային եւ համակարգված բնույթ, ղեկավարվել են մեկ կենտրոնից, ընտրակեղծարարության հեղինակները գործել են բացարձակ անպատժելիության պայմաններում: Արդյունքում ամբողջովին նենգափոխել են քվեարկության արդյունքները, թույլ չեն տվել, որպեսզի տեղի ունենա հասարակության ազատ կամարտահայտում: Պաշտոնապես հայտարարված արդյունքները զուրկ են լեգիտիմությունից», – ասված է հայտարարությունում։