Օրեր առաջ Մալաթիայի տոնավաճառի հարյուրավոր աշխատակիցներ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով վերանայել տեղի վարձավճարի չափը: Նրանց խոսքով՝ վերջին ամիսների ընթացքում առեւտուր չկա, ինչի պատճառով իրենք ոչ միայն չեն կարողանում եկամուտ ստանալ, այլեւ մեծ վնասներ են կրում: Ինչպե՞ս հանգուցալուծվեց խնդիրը:
Հիշեցնենք, որ բարձրացված աղմուկն իր այցով մեղմեց նախ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ անակնկալ հայտարարելով, որ իր գրպանից վաճառականների փոխարեն կվճարի 13 հազար դրամ: Ինչո՞ւ դա չարեցին շուկայի սեփականատերերը: Սա հարց է, որ «Ժողովուրդ»-ի թղթակիցը փորձեց պարզել հենց նրանցից:
Մալաթիայի տոնավաճառի փոխտնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ավետիսյանի համոզմամբ` առեւտրի նվազման պատճառը միգրացիան է. «Միգրացիան է, նաեւ՝ նոր խանութների բացումը: Մարդկանց ձեռքը գումար չկա, հազիվ հասցնում են սննդի գումար հայթայթել, հագուստի ժամանակը չէ»: Վաճառողները եւս նշում են, որ վերջին շրջանում վարձավճարի ավելացում չի եղել, պարզապես հիմա առեւտուր չկա, եւ իրենք այլեւս չեն կարողանում վճարել այդ գումարները:
48-ամյա վաճառող Կարինեն նույնպես մասնակցել է նախօրեի բողոքի ակցիային. «Տեղի գումարների համար բոլորս միասին ենք դժգոհում: Մենք չենք պահանջում հարկային դաշտից դուրս գալ, գոնե եղած ծախսերը մի փոքր նվազեցնեն: Առեւտուր չկա, վաճառք չենք կարողանում ապահովել: Մաքսային ծառայությունները նույնպես թանկացել են: Էս երկրում ամեն բան թանկացել է, դրա պատճառով էլ հայտնվել ենք վատ վիճակում: Այլ աշխատանք գտնել հնարավոր չէ, ի՞նչ անենք, չգիտենք, ելք չկա: Ու տարին տարվա վրա ժողովրդի վիճակը վատանում է»:
Տիկին Կարինեն ափսոսանքով է նկատում, որ սրանից տարիներ առաջ վաճառողները ամիսը մեկ անգամ են մեկնել Չինաստան եւ Թուրքիա` ապրանք բերելու, իսկ վերջին երկու տարում հինգ ամիսը մեկ են գնում. «Մինչդեռ մարդիկ սկսում են ավելի պահանջկոտ ու բծախնդիր դառնալ: Ձգտում են նորաձեւ հագնվել, իսկ մենք էլ չենք կարողանում ապահովել նրանց այդ ցանկությունը»:
Իսկ 33-ամյա Մարիան նշեց, որ չի կարողացել գնալ իր երեխայի այբբենարանի միջոցառմանը. «Էրեխու այբբենարանի հանդեսն է այսօր, որին, ցավոք, ներկա չեմ կարող լինել, որովհետեւ թեկուզ մեկ վայրկյանով էլ չեմ կարող հավաքել հագուստը: Այնքան է լինում, որ օրերով ոչինչ չենք վաճառում: Եթե այսպես շարունակվի, ապա կհավաքեմ ամեն ինչ ու կթողնեմ կգնամ, ինչի՞ս է պետք՝ մնամ էս երկրում, որի ղեկավարությունը չի կարողանում օգնել ու ընդառաջել մարդկանց»:
Մեկ այլ վաճառող՝ 51-ամյա Գագիկը, վրդովված նկատեց, որ սննդամթերքի խանութներն աստիճանաբար վերածվում են հագուստի խանութների. «Անորակ հագուստն էժան գներով բերում վաճառում են, մեր որակով հագուստն էլ մնում է»:
Տոնավաճառի փոխտնօրեն Սամվել Ավետիսյանն էլ իր հերթին ասաց, որ առեւտուրը նվազել է: «Այս ամսվա վերջին առեւտուր չի լինի, նաեւ՝ ամռանը, մինչեւ օգոստոսի վերջ, դրանից հետո կսկսի մի փոքր ակտիվանալ: Մենք պետք է կանգնենք ժողովրդի կողքին»,-նկատեց նա՝ ընդգծելով, որ այս ընթացքում մոտ 30 հոգի արդեն հավաքել է իր ապրանքն ու հեռացել տոնավաճառից: Փոխտնօրենի տեղեկություններով` նրանք մեկնել են Ռուսաստանի Դաշնություն:
Ս. Ավետիսյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց նաեւ, որ տոնավաճառի աշխատակիցները ստորագրահավաք են սկսել, որը ներկայացնելու են ՀՀ կառավարությանը. «Բայց դա կառավարության հետ կապ չունի, մեզ հետ է կապված: Վարձավճարներն իջեցրել ենք, սակայն դա էլ օգնություն չէ: Մենք հայտարարել ենք, որ մոտ 20 հազար դրամի չափով կիջնի, իրենք հիմա գիտեն, թե դա մեկ ամսով է լինելու, բայց դա մեկ ամսով չէ: Դա շարունակվելու է: Ճիշտն ասած` մենք այդ մասին դեռ չենք հայտարարել վաճառողներին, որովհետեւ շատերը դա կարող են կապել ավագանու ընտրությունների հետ: Չքաղաքականացնելու համար որոշել ենք ընտրություններից հետո այս մասին հայտարարել»:
Իսկ Մալաթիայի տոնավաճառի սեփականատեր, Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի եղբայր Վարոս Զատիկյանը «Ժողովուրդ»-ին հավաստիացրեց, որ տոնավաճառը փակելու մտադրություն չկա. «Առաջին օրվանից մենք վաճառողների հետ մի ընտանիքի նման ենք եղել: Ճիշտ է` վարձավճարները նվազեցնելու հետեւանքով մենք լուրջ վնասներ կկրենք, բայց կընդառաջենք նրանց»: Մեր հարցին, թե վատ չի զգում, որ իրենց փոխարեն բողոքի ակցիային միջամտեց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ իր գրպանից օգնելով վաճառականներին, Զատիկյանը պատասխանեց. «Մեր տունը ղեկավար չունի»:
Հ.Գ. Կան ընկերություններ, որոնք իրենց հավաքագրած գումարների որոշակի մասը ստվերային կերպով մուծում են ինչ-որ կառույցի: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Մալաթիայի տոնավաճառի հավաքագրած վարձավճարների մի մասը հենց այդ ձեւով է ծախսվում: Այսինքն՝ մի մասը վճարվում է սեփականատերերին՝ Կառլեն Սարգսյանին (Ռադիկ Սարգսյան), Սամվել Ավետիսյանին, Վարոս Զատիկյանին, իսկ մյուս մասը տրվում է ՀՀ ուժային կառույցներին (քողարկված բյուջե)՝ լրացուցիչ ծախսերի համար: Սա հայտնի երեւույթ է, որը սկիզբ է առել դեռ 1990-ականներից, երբ ազատ շուկայական հարաբերություններ ձեւավորվեցին, ու Երեւանում բացվեցին առաջին բացօթյա, հետո՝ տաղավարների տեսքով տոնավաճառները: Սամվել Ավետիսյանն ու Վարոս Զատիկյանն այս տեղեկությունները բնականաբար հերքեցին:
ՏՆՕՐԵՆՆԵՐՆ ԱԶԴՎԵԼ ԵՆ Ս. ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ՔԱՅԼԻՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ