ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ սկզբունքով է որոշվում Վրաստանից Հայաստան ներկրվող մեքենաների մաքսային գումարը: Նկատի ունեմ մեքենայի թիվը, մակնիշը, շարժիչի ուժը եւ այլն:

Օֆելյա Եփրեմյան (28 տարեկան, մարքեթոլոգ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ ՄՕ-ի 81-ից 96-րդ հոդվածներով սահմանված դրույթներով, որոնք մաքսային արժեքի որոշման վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն են պարունակում: Մաքսային արժեքի որոշման մեթոդները, ՀՀ ՄՕ-ի 94-րդ հոդվածի համաձայն, կիրառվում են ըստ հերթականության, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
ՀՀ «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ԱՏԳԱԱ 8703 ծածկագրին դասվող մարդատար ավտոմեքենաների ներմուծման դեպքում մաքսատուրքի դրույքաչափը սահմանված է 10% ապրանքի մաքսային արժեքի նկատմամբ:
«Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով մարդատար ավտոմեքենաների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկը սահմանված է 20%, ինչը հաշվարկվում է ապրանքի մաքսային արժեքի, մաքսատուրքի եւ ակցիզային հարկի հանրագումարի  նկատմամբ: Մաքսավճարը վճարվում է ՀՀ ՄՕ-ի 110-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերին համապատասխան:
«Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածում սահմանված են շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների դիմաց վճարի դրույքաչափերը, որտեղ ավտոմեքենաների ներմուծման դեպքում դրույքաչափերը, կախված թողարկման տարեթվերից, տարբեր են: Նշենք, որ այս դեպքում դրույքաչափը հաշվարկվում է ապրանքի մաքսային արժեքի նկատմամբ:
Տեղեկացնենք, որ հնարավոր է՝ առաջանա ակցիզային հարկի վճարման պարտավորություն եւս` «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերին համապատասխան, եթե ապրանքը բավարարում է «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածում նշված պահանջներին:

ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության
հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, անձը, մեքենա գնելուց բացի, ստիպված է նաեւ  մաքսազերծման նպատակով կատարել մի շարք հարկային պարտավորություններ, ինչից հետո նոր միայն կարող է մեքենան ներկրել Հայաստան:




Լրահոս