100 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԸ ԴԱՐՁԱՎ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքային ծառայության պետ Վարդուհի Գեւորգյանին երեկ ձերբակալեցին:

Ինչպես երեւում է՝ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար, ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի՝ թոշակների յուրացման գործը դաս չեղավ սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակիցների համար:
Միգուցե սոցիալական ապահովության պետական ծառայությունում աշխատող պաշտոնյաները՝ լավ տեղեկանալով, որ Վազգեն Խաչիկյանին ազատազրկման դատապարտեցին ոչ թե թոշակների յուրացման գործով կամ համակարգում կոռուպցիոն երեւույթները կանխելու համար, այլ Վազգեն Խաչիկյանի պատժելու որոշումը քաղաքական որոշում էր՝ իշխանության ամենաբարձր օղակներից իջեցված:
Եվ, ահա, այս ամենի վառ ապացույցը սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքային ծառայությունում տեղի ունեցած դեպքն է: Երեկ գրել էինք, որ Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքային ծառայության պետ Վարդուհի Գեւորգյանի գլխին սեւ ամպեր են կուտակվել, եւ չի բացառվում, որ վերջինիս ձերբակալման որոշում կայացվի: Եվ, ահա, շաբաթը ուրբաթից շուտ եկավ, եւ երեկ ՀՀ քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննաչական բաժինը որոշում է կայացրել Վարդուհի Գեւորգյանին ձերբակալել:
Իսկ ինչ կաշառքի մասին է խոսքը: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի մի բնակչուհի դիմել է ազգային անվտանգության ծառայություն եւ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել: Վերջինս ԱԱԾ-ում պատմել է, որ ցանկացել է թոշակ ստանալ ու շատ քաշքշուկների մեջ չնկնելու, ավելորդ փաստաթղթեր չտանելու համար դիմել է սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքային ծառայության պետ Վարդուհի Գեւորգյանին: Արդյունքում, տարածքային ծառայության պետն ասել է, թե այդ գործը սարքելու համար 100.000 դրամ գումար տուր. «Գումարը կտաս, ամեն ինչ նորմալ կանենք, դու էլ թոշակդ կստանաս»:
Այս պայմանավորվածությունից հետո բնակչուհին գնացել է տուն, փորձել է 100 հազար դրամ գումար խնդրել հարազատներից, սակայն վերջիններս ասել են, թե չունեն: Եւ, ահա, գումար չունենալու պատճառով Վարդուհի Գեւորգյանի առաջարկը մոռացության է մատնել: Սակայն կարճ ժամանակ անց նրան է զանգահարել Վարդուհի Գեւորգյանը եւ հետաքրքրվել, թե ինչո՞ւ չի գալիս, ինչո՞ւ չի բերում գումարը, կինը պատասխանել է, թե գումարը չկա, եւ ինքն էլ կսպասի այնքան ժամանակ, մինչեւ ըստ կարգի կստանա իրեն հասանելիք թոշակը:
Չի բացառվում, որ միգուցե քաղաքացին խնդրել է ծառայության պետին՝ թղթերը պատրաստի, ինքը մի քանի ամիս ստանա թոշակը եւ այդ գումարը տուն չտանի, այլ տա պետին, սակայն մերժում է ստացել, թե փողը «նաղդ» է պետք: Միգուցե այս մերժումն էլ պատճառ է դարձել, որ կինը դիմի ԱԱԾ եւ կատարվածի մասին պատմի իրավապահներին:
Իսկ ինչպես են իրավապահները հիմնավորվել, որ քաղաքացին իրականությունն է պատմում: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ ԱԱԾ-ն կնոջ հետ նախապես պայմանավորվածություն է ձեռք բերել եւ նրան տվել է 100.000 դրամ՝ հատուկ մշակված թղթադրամներով, որտեղ քաղաքացու մատնահետքերը մնում են: Քաղաքացու վրա էլ ամրացրել են հատուկ տեխնիկա եւ ասել՝ գնա ու կատարի Վարդուհի Գեւորգյանի առաջարկը: Տիկինն էլ գնացել, գումարը տվել է Վարդուհի Գեւորգյանին: Ավելի ուշ ԱԱԾ-ն բոլոր ապացույցներն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ քննիչները ուսումնասիրել են գործը եւ Վարդուհի Գեւորգյանին ձերբակալման որոշում կայացրել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐ ԿՌԻՎ
ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ վարչական շրջանի քննչական բաժնի եւ նույն վարչական շրջանի դատարանի միջեւ կռիվ է հասունանում: Պատճառը դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած ավազակային հարձակումն է գործարար, «էլիտ Շանթ» ՍՊԸ-ի սեփականատեր Յուրա Ղարիբյանի առանձնատան վրա: Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական վարկածի՝ ավազակային հարձակում իրականացնող Գեւորգ Սարգսյանի եւ տան անդամների միջեւ կռիվ էր սկսել, ընտանիքի անդամները դիմադություն էին ցույց տվել Գեւորգ Սարգսյանին, ինչի արդյունքում վերջինս վնասվածք էր ստացել եւ մահացել: Դեպքից հետո ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ նախաքննություն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան տուն ներխուժած անձի՝ Գեւորգ Սարգսյանի բնակության վայրում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ, որը, ըստ մեզ հասած տեղեկությունների, դատարանը մերժել է: Իսկ ի՞նչ հիմնավորմամբ է դատարանը մերժել քննչական մարմնի միջնորդությունը:
Աջափնյակ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը գտել է, որ Գեւորգ Սարգսյանը մահացած է, զենքը կա, հայտնի է նրա գործողության նպատակը, էլ ի՞նչ կարիք կա, որ նրա բնակարանում խուզարկություն իրականացվի:
Այս փաստը խիստ զայրացրել է նախաքննություն իրականացնող մարմնին: Բանն այն է, որ վերջիններս գործի քննության անհրաժեշտությունից ելնելով՝ պետք է պարզեն՝ արդյո՞ք Գեւորգ Սարգսյանը այլ հանցակիցներ ունեցել է, թե ոչ, կամ, առհասարակ, Աջափնյակ վարչական շրջանում մինչ այս ավազակային հարձակումների հետ ինչ կապ է ունեցել Գեւորգ Սարգսյանը: Միգուցե նրա տանը այնպիսի մի փաստաթուղթ կա, ըստ որի՝ հնարավոր է գտնել նրա եւ գործարարի իրական կապն ու հանցանքի դրդապատճառը: Ինչեւէ, ՀՀ քննչական կոմիտեն կբողոքարկի դատարանի այս միջնորդությունը, քանի որ համարում է, որ դատարանը խոչընդոտում է քննության ընթացքին:
Նշենք, որ դատական համակարգում եւս այս դեպքի մասով լուրջ քննարկումներ են ծավալվում: Ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների՝ դատավորը մերժել է նախաքննություն իրականացնող մարմնի միջնորդությունը, քանի որ չի բացառում այն վարկածը, որ Գեւորգ Սարգսյանը գործարար Յուրա Ղարիբյանի տուն գնացել է ոչ թե ավազակային հարձակման, այլ «ռազբորկա» անելու: Եւ նրա մահվան հանգամանքն արդեն առեղծված է. ո՞ւմ հարվածից է մահացել հարձակվողը:
Իսկ թե ինչ հանգուցալուծում կունենա դատարանի եւ նախաքննություն իրականացնող մարմնի այս հակասությունը, ցույց կտա ժամանակը:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԷԼԻ ԽԱԽՏԵԼ ԵՆ
Դեկտեմբերի 16-ին եւ լույս 17-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է ավելի քան 180 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 (144 արկ), 82 (117 արկ), 120 (3 արկ) միլիմետրանոց ականանետերից, «Մուխա» (2 արկ), ՀՀՆ-9 (5 արկ), ՀԱՆ-17 (55 արկ) եւ ՌՊԳ-7 (6 արկ) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1800 կրակոց:

 

ՓՈՐՁԵԼ ԵՆ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի՝ Էջմիածին քաղաքում երեկ հրավիրած հանրահավաքը փորձ է արվել խոչընդոտել: «Ազատության» փոխանցմամբ` Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթի ժամանակ գեներալ Մանվել Գրիգորյանի ղեկավարած «Երկրապահ կամավորական միության» շենքից դուրս են եկել մի խումբ անձինք՝ մոտ 5 տասնյակ տարեց կանայք եւ տղամարդիկ, եւ մոտենալով հրապարակին` սկսել են կոպիտ բառեր վանկարկել՝ պահանջելով, որ ընդդիմադիրները հեռանան իրենց քաղաքից։ Նրանցից մեկն անգամ վերցրել է բարձրախոսը Րաֆֆի Հովհաննիսյանի ձեռքից եւ ասել, որ Էջմիածին քաղաքը քվեարկել է այո-ի օգտին, իրենք էլ սիրում են Սերժ Սարգսյանին։ Սակայն չնայած դրան՝ ընդդիմադիրները շարունակել են իրենց ելույթները։ Ուշագրավ է, որ նրանք պահանջել են հրապարակի տարածքում գտնվող ոստիկաններից միջամտել, սակայն վերջիններս ոչինչ չեն ձեռնարկել:

 

ՆՈՐ ԴԻՎԵՐՍԻԱ
Անցած գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան հատվածի երեք ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, եւ կորուստներ պատճառելով՝ ետ շպրտել իրենց ելման դիրքերը: Նահանջող հակառակորդը գործողությունների վայրում է թողել հատուկ նշանակության գործողության համար նախատեսված մի շարք միջոցներ: Ծավալված փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել:

 

ԿԵՐԿԱՐԱՁԳԵՆ
Եվրամիության բոլոր 28 երկրները մտադիր են երկարաձգել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները եւս կես տարով: Պատժամիջոցների երկարաձգման հարցով քվեարկությունը կկայանա դեկտեմբերի 18-ին եւ կանցնի առանց բանավեճերի:

 

ՎԱՐՁԱՏՐՎՈՒՄ Է
Կառավարությունը երեկ որոշում է կայացրել «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին երեք տարի ժամկետով ազատել ՀՀ ներմուծված սարքավորումների դիմաց մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի վճարումից: Ըստ կառավարության` «Ջերմուկ Գրուպ»-ը մտադիր է Ջերմուկ քաղաքում նոր, ժամանակակից սարքավորումներով հագեցած գործարան կառուցել: Նկատի առնելով այն, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի «պրոտեժե» Աշոտ Արսենյանը Վայոց ձորում փաստացի 97 տոկոս մասնակցություն ապահովեց հանրաքվեի ընթացում, թերեւս պետք է օրինաչափ համարել այն, որ հիմա էլ կառավարության կողմից ստանում է «պարգեւավճար»` ԱԱՀ-ից ազատվելու տեսքով:




Լրահոս