Անհանդուրժողականության դրսևորման ձևերը մեր օրերում հատուկ են ոչ միայն մեծահասակներին, այլև՝ դպրոցական երեխաներին: Ասվածի վառ օրինակը նախորդ տարի Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի կրթահամալիրում տեղի ունեցած արտառոց դեպքն էր:
Այսպես, կրթահամալիրի երեք աշակերտներ դատապարտվել են ազատազրկման իրենց ուսուցչի առողջությանը խուլիգանությամբ միջին ծանրության վնաս պատճառելու համար:
Մեսրոպը, Աբրահամը և Արկադին մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով. Մեսրոպը դատապարտվել է մեկ տարվա, իսկ Աբրահամը և Արկադին՝ 6 ամսվա ազատազրկման:
Ընդ որում, դատարանը որպես ամբաստանյալ Մեսրոպի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է արձանագրել «հանցագործության կատարման մեջ առանձնապես ակտիվ դեր ունենալը»:
Ըստ մեղադրանքի՝ Մեսրոպը Վարդենիկ գյուղի կրթահամալիրի դահլիճում, ֆիզկուլտուրայի դասաժամին, իր հետ դահլիճ է տարել բազե տեսակի թռչուն, այնուհետև շարքում ծամածռվել, որի համար ուսուցիչ Ս. Բադալյանը նրան դիտողություն է արել:
Մեսրոպը մյուս աշակերտների ներկայությամբ վիրավորել է ուսուցչին և Աբրահամի հետ միասին դուրս գնացել դահլիճից: Դասաժամի ավարտից հետո կրթահամալիրի միջանցքում Մեսրոպը հայհոյանքներ է տվել ուսուցչի հասցեին և Աբրահամի ու Արկադիի հետ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հավաքված շուրջ 6-7 անձանց՝ կրթահամալիրի աշակերտների և աշխատակիցների նկատմամբ, բռնություն գործադրել Ս. Բադալյանի նկատմամբ՝ դրանով իսկ խաթարելով կրթահամալիրի աշխատանքների բնականոն ընթացքը՝ վախի զգացում առաջացնելով աշակերտների մոտ:
Մեսրոպը, Աբրահամը և Արկադին դպրոցի միջանցքում գոռգոռացել, քաշքշել և բռունցքներով հարվածել են ուսուցչի մարմնի տարբեր մասերին: Ներկա գտնվող աշակերտների և վիճաբանության աղմուկից նրանց մոտեցած կրթահամալիրի աշխատակից կանանց միջամտությամբ վեճը դադարել է, Մեսրոպը, Աբրահամը և Արկադին դուրս են եկել դպրոցից:
Սակայն դրանով բռնությունը չի դադարել. շուրջ 25 րոպե անց նշված երեք տղաները մոտեցել են կրթահամալիրի բակում 6-րդ դասարանի աշակերտների հետ ֆիզկուլտուրայի դասաժամ անցկացնող ուսուցիչ Բադալյանին և 7-8 աշակերտների ներկայությամբ ծեծի ենթարկել նրան՝ ձեռքերով և ոտքերով հարվածելով վերջինիս մարմնի տարբեր մասերին` պատճառելով միջին ծանրության մարմնական վնասվածքներ:
Բռնության հետևանքով ուսուցիչը կորցրել է գիտակցությունը և վայր ընկել գետնին, իսկ աշակերտների մոտ առաջացել է վախի զգացում, որից հետո Մեսրոպը, Աբրահամը և Արկադին դիմել են փախուստի:
Մեսրոպը հայտնել է, որ ինքն է հարվածել ուսուցչին, նա և մյուս երկու ամբաստանյալներն առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչել, հրաժարվել են ցուցմունք տալուց: Բոլոր երեք ամբաստանյալները հայտարարել են, որ դեպքից հետո իրենց դպրոցի և գյուղի խոսակցություններից տեղեկացել են, որ քննիչի կողմից գործի քննության ընթացքում իրենց դպրոցի տնօրենը և նրա եղբայր Ս. Բադալյանն ազդել են հարցաքննված բոլոր վկաների վրա:
Դատարանը, սակայն, գտել է, որ ամբաստանյալներն իրենց դիրքորոշմամբ նպատակ են հետապնդում խուսափել քրեական պատասխանատվությունից և պատժից: Դատարանը միաժամանակ թվով 4 վկաների դատաքննական ցուցմունքները համարել է անարժանահավատ, քանի որ վկաները, դատարանի գնահատմամբ, «փորձել են այլուրեքության քող ստեղծել, որպեսզի ամբաստանյալները խուսափեն քրեական պատասխանատվությունից և պատժից»: