Դեռեւս մեկ տարի առաջ մենք անհանգստությամբ գրում էինք, որ մեր քաղաքացիական ավիացիայի հեռանկարը վտանգված է, ինչի համար մեղավոր էինք համարում առաջին հերթին քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանին: Որեւէ բան չէինք չափազանցնում, չէինք խտացնում գույները: Նրա թողտվությամբ էր «Արմավիա»-ն իրականացնում իր գործունեությունը` ոտնահարելով հայաստանցիներիս շահերն ու իրավունքները: Նրա թողտվության հետեւանքով էր Էռնեկյանը խոչընդոտում հայկական ավիացիայի գործունեությունը` օդային տրանսպորտն ամբողջապես առնելով իր ենթակայության ներքո: Ու ստացվում էր, որ Մովսիսյանը մի պաշտոնյա է, որին նստեցրել են իր աշխատասենյակում` բացառապես Էռնեկյանի ու Բաղդասարովի շահերի պաշտպանության համար, ինչի դիմաց նա գուցե նաեւ որոշակի «հոնորարներ» է ստանում:
46 տարեկան Արտյոմ Մովսիսյանը կյանքում շատ հաջողակ մարդ է: Ճիշտ է, մինչեւ բուհ ընդունվելն աշխատել է որպես թիթեղագործի օգնական, խառատ, բայց 1990թ.՝ Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի արդյունաբերական էլեկտրոնիկայի ֆակուլտետն ավարտելուց հետո, բանակ գնալու փոխարեն ընտրվել է ժողովրդական պատգամավորների Արաբկիրի շրջանային խորհրդի պատգամավոր, մի քանի ամիս վայելել բուհն ավարտելու բերկրանքը, ապա 1991թ. աշխատանքի անցել ՀՀ էկոնոմիկայի պետական կոմիտեի գյուղատնտեսության եւ վերամշակման արդյունաբերության բաժնում որպես առաջին կարգի մասնագետ: Այսինքն՝ ունենալով էլեկտրոնիկայի բնագավառի մասնագետի որակավորում՝ իրեն նետել է գյուղատնտեսության ոլորտ: Հավանաբար այդտեղ է ծանոթներ կամ բարեկամներ ունեցել: Մեկ տարի աշխատելուց հետո տեղափոխվել է ՀՀ կառավարության ագրարային ռեֆորմի եւ սեփականաշնորհման կենտրոնական պետական հանձնաժողովի աշխատակազմ` առաջատար մասնագետի պաշտոնով: Այստեղ էլ է մոտ մեկ տարի աշխատել, բայց երեւի հասկացել է, որ քիչ են վարձատրում, լրացուցիչ եկամուտներ չկան, ուստի տեղափոխվել է ՀՀ հարկային տեսչություն որպես գլխավոր մասնագետ: Անհասկանալի է, թե հարկային դաշտում երբեք չաշխատած մարդուն ինչպես են նշանակել գլխավոր մասնագետ, սակայն գուցե պետք չէ հարց տալ կամ զարմանալ, որովհետեւ այդ տարիներին մեզ մոտ շատ տարօրինակ նշանակումներ էին արվում, իսկ երիտասարդ պաշտոնասերն էլ օգտվում էր դրանից:
Երեւի հարկայինում վիճակը լավ էր, որ Արտյոմ Մովսիսյանն այստեղ աշխատեց երեք տարի, իսկ 1996-ին տեղափոխվեց ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության իշխանության հանրապետական մարմինների բաժին դարձյալ որպես առաջատար մասնագետ: Արդեն իսկ պաշտոնների թվարկումը հուշում է, որ այս մարդը լավ հովանավորներ է ունեցել ու կարողացել է միշտ տեղավորվել եկամտաբեր պաշտոններում: Այսինքն՝ այնտեղ, որտեղ կոռուպցիոն ռիսկերը չափազանց մեծ են:
Ինչեւէ, Մովսիսյանն այստեղ էլ աշխատեց մեկ տարի, ապա շարունակեց որպես ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության իշխանության հանրապետական մարմինների բաժնի գլխավոր մասնագետ: 1998-ին, «արտադրությունից չկտրված», ավարտեց Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետն ու մի քանի ամիս աշխատեց որպես ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության` արդեն նշված բաժնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար: Սակայն նրան այդպես էլ բաժնի վարիչ չնշանակեցին, ավելին, 1999-ից մինչեւ 2004 թվականը պահեցին որպես խորհրդատու:
Սակայն 2004-ին անսպասելիորեն Ա. Մովսիսյանը նշանակվեց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ: Իսկապես հրաշքի էր նման այս թռիչքը, որովհետեւ աննշան պաշտոն ունեցող մեկը հանկարծ դարձավ ողջ քաղավիացիայի պատասխանատուն` գնալով մի ոլորտ, որից ոչինչ չէր հասկանում: Մինչդեռ օդագնացության միջազգային կանոնակարգը հաստատում է, որ ավիացիայի ստորաբաժանումները եւ կառավարման օղակները պիտի ղեկավարեն ոլորտի մասնագիտական կրթություն ունեցող մարդիկ: Ա. Մովսիսյանը ոլորտի հետ կապ չուներ, սակայն ուներ այն ղեկավարելու մեծ ցանկություն: Դե, որքան էլ Հայաստանում քաղաքացիական ավիացիա, ըստ էության, գոյության չունի, այնուհանդերձ, կան օղակներ, որոնք բավականաչափ գայթակղիչ են ու եկամտաբեր` հատկապես իրենց պետի համար, որն արդեն 9 տարի մնում է իր պաշտոնում:
Մինչեւ վերջերս, երբ արդեն հայտնի էր, որ ազգային փոխադրող «Արմավիա»-ն գնում է սնանկացման, Ա. Մովսիսյանը լռում էր: Իսկ ահա սնանկացման մասին հայտարարությունից մի քանի օր առաջ հանկարծ հրապարակավ ասաց, որ նման տերմին՝ ազգային փոխադրող, սահմանված չէ: Արդյոք քաղավիացիայի պետը նոր էր բացահայտել «Արմավիա»-ի կեղծիքը: Չենք կարծում, որովհետեւ Բաղդասարովի ընկերությունը պաշտոնապես ներկայանում էր որպես ազգային փոխադրող, ու ոչ ոք անցած տասը տարիներին դա չէր հերքում: Շատերն են պնդում, որ Բաղդասարովի ընկերության սնանկացման գործարքը կյանքի է կոչվել Ա. Մովսիսյանի գործուն մասնակցությամբ` այդպիսով «Արմավիա»-ին ազատելով բազմաթիվ հարկային պարտավորություններից: Իսկ թե ինչպիսի գումարներ են շրջանառվել այս գործարքը կյանքի կոչելու ճանապարհին, կարելի է միայն ենթադրել:
Նշենք, որ բավական երկար ժամանակ Ա. Մովսիսյանի պաշտոնանկությանը հասնելու համար ջանքեր էր գործադրում ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, որպեսզի այդ պաշտոնում նշանակել տար իր փեսային: Մովսիսյանն անգամ տեւական ժամանակով հեռացել էր երկրից, սակայն ամեն ինչ փոխվեց, երբ նրա համար բարեխոսեց Միխայիլ Բաղդասարովը… Այս լուրերը ՔԱԳՎ մամլո ծառայությունը, իհարկե, հերքել էր, սակայն ամեն հերքում չէ, որ ընդունվում է որպես բացարձակ ճշմարտություն:
Տեղեկացնենք, որ Ա. Մովսիսյանը հիմա լծվել է Ստեփանավանի օդանավակայանի սեփականաշնորհման գործին: Նա ինքն է հայտնել, որ այս ընթացքում հենց այդ նպատակով հանդիպել է մի քանի ավիաընկերությունների ու ձեռներեցների հետ: Ցանկացած օդանավակայան ռազմավարական նշանակության օբյեկտ է, մինչդեռ Ա. Մովսիսյանը ջանադրաբար հոգ է տանում այն մասին, որ մեր օդանավակայանները մասնավորեցվեն: Գուցե մարդը գիտի, թե ինչու է անում…
Ո՞Վ ԹԱՂԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՎԻԱՑԻԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ