Հայաստանում շատ է այն մարդկանց թիվը, որոնք ունեն ամոքիչ (պալիատիվ) օգնության կարիք: Երեւանում արդեն իսկ գործում է նորաստեղծ բաժանմունք, որի ընդամենը տասը մահճակալները թեեւ չեն կարող սպասարկել բոլոր հիվանդներին, սակայն անգամ դրանք են դատարկ, քանի որ ամոքիչ ծառայությունը քչերի համար է մատչելի. յուրաքանչյուր հիվանդ օրական պետք է վճարի 20 հազար դրամ:
ՀՀ կառավարության համապատասխան որոշման հիման վրա 2011թ. առողջապահության նախարարության, Բաց հասարակության ինստիտուտի եւ Հայաստանի հակացավային եւ պալիատիվ օգնության ասոցիացիայի աջակցությամբ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ստեղծվել է ամոքիչ (պալիատիվ) օգնության ուսումնական կենտրոն, որը կազմակերպել է բժիշկների հետդիպլոմային վերապատրաստման դասընթացներ` նպատակ ունենալով մասնագետներ պատրաստել ամոքիչ օգնության ապագա ծառայությունների համար ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում: ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի եւ մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում 2011թ. ընթացքում միջազգային փորձագետների հետ ուսումնասիրվել եւ գնահատվել են ամոքիչ (պալիատիվ) ծառայության կարիքները, թարգմանվել եւ տեղայնացվել են բժիշկների ու բուժքույրերի համար նախատեսված պալիատիվ խնամքի կրթական ծրագրերը, որոնցով վերապատրաստվել է բժշկական եւ բուժքույրական կրթական հաստատությունների 50 դասավանդող, ինչպես նաեւ մշակվել են պալիատիվ խնամքի ազգային ուղեցույցներ:
Եվ այս տարի՝ մարտի 18-ին, ՀՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանության ազգային կենտրոնում բացվեց Հայաստանում առաջին ամոքիչ (պալիատիվ) օգնության համապարփակ ծառայությունը:
Պալիատիվ խնամքի նպատակն է ցուցաբերել համալիր խնամք` բավարարելով հիվանդի եւ նրա ընտանիքի կարիքները: Պալիատիվ խնամքը տրամադրվում է այնքան ժամանակ, քանի դեռ կա դրա անհրաժեշտությունը: Այն հիմնված է նախնական գնահատման եւ վերագնահատման վրա: Պալիատիվ խնամքի ծառայությունը միտված է բարելավելու հիվանդի եւ նրա ընտանիքի ֆիզիկական, հոգեբանական, հուզական, հոգեւոր, սոցիալական կարիքները:
Հիշեցնենք, որ անցյալ տարի` սեպտեմբերի 12-ին, Սերժ Սարգսյանը հանձնարարական էր ստորագրել Հայաստանում պալիատիվ օգնության ծրագրի վերաբերյալ: Հանձնարարականի մեջ գրված է, որ պետք է միջոցներ ձեռնարկել, որպեսզի ստեղծված պալիատիվ ամոքիչ օգնության բաժանմունքն իր գործառույթները լրիվ կատարի: Մինչդեռ նկատենք, որ ստացիոնար բուժման համար հիվանդն օրական պետք է վճարի 20 հազար դրամ, ինչը շատերի համար մատչելի չէ: Դրա համար էլ տասը մահճակալանոց այս բաժանմունքում բուժում են ստանում հատուկենտ մարդիկ:
«Ժողովուրդ»-ը եղավ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պալիատիվ օգնության բաժանմունքում եւ զրուցեց մի քաղաքացու հետ, որը ցանկանում էր բուժում ստանալ այդտեղ: «Ախր, ա՛յ աղջիկ ջան, ի՞նչ անենք, չեմ դիմանում էս ցավերին: Ուրիշ ելք չկա, ամեն օր տանջվում եմ, գնում հասնում եմ մահվան դուռը ու նորից հետ եմ գալիս: Ճիշտ է, տղես քրտնաջան աշխատում է, որ մի կտոր հացի փող ստեղծի, բայց որ տեսնում է ինձ ցավերիս մեջ… Ստիպված պարտք ենք արել ու եկել»,-լացակումած ձայնով ներկայացրեց օգնության կարիք ունեցող քաղաքացին:
Նկատենք, որ ողջ Ուռուցքաբանական կենտրոնում ուռուցքային հիվանդի սպասարկման ծառայություններն անվճար են, իսկ պալիատիվ օգնության բաժանմունքի ծառայությունները՝ վճարովի: Ուռուցքաբաններից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Գոնե ծառայությունը համավճարով լիներ: Եթե համավճարով լիներ, ապա տասը մահճակալն էլ զբաղված կլիներ, դեռ ավելին, կլինեին մարդիկ, որոնք կհերթագրվեին: Հնարավորությունները, տեղը կա, բայց հիվանդները վճարունակ չեն»:
Մեր կողմից արված փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ այսքան կարեւոր բաժանմունքն ունի շատ նեղ տարածք: Իսկ բաժանմունքի սարքավորումները տրամադրել է «Վանատուն» հիմնադրամը, որի ղեկավարը հենց Հայաստանի հակացավային եւ պալիատիվ օգնության ասոցիացիայի նախագահ Հրանտ Կարապետյանն է:
Ի՞նչ է անում այս ծրագրի համար ՀՀ առողջապահության նախարարությունը: Արդյո՞ք պետությունն օժանդակում է, թե՞ բավարարվել է ընդամենը տարածք եւ տասը մահճակալ տալով: Որտե՞ղ են ծախսվում հիվանդի վճարած օրական 20 հազար դրամները: Այս հարցերի շուրջ զրուցեցինք ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանի հետ:
«Այո՛, պետությունն արդեն անդրադարձել է: Բայց այս տարվա վերջին նախատեսվում է կատարել ֆինանսական հատուկ վերլուծություն: Մենք այս տարի ամփոփելու ենք արդյունքները: Սա հաջողություն է, որ մենք կարողացել ենք հիմա սկսել, երաշխիք է, որ հաջորդ տարի այն արդեն տարածված կլինի հանրապետությունում: Այս ծառայության մի քանի մոդել կա, պետք է հասկանանք, թե որն ենք ներդնում, եւ որի ծախսն է Հայաստանում արդյունավետ: Հետո կդիմենք կառավարությանը եւ կպահանջենք մեր առողջապահության ֆինանսական միջոցներից նաեւ այս ծառայությանը գումար տալ: Եթե մարդն այդ հիվանդանոցում պառկած չէ, ապա նա կարող է նաեւ պիլոտային ծրագրի շրջանակներում առանց վարձատրության պահանջել, որպեսզի տվյալ ծառայության բժիշկները գնան իրենց տուն եւ անվճար սպասարկեն»,-ներկայացրեց Քրմոյանը:
ՊԱԼԻԱՏԻՎ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԻՎԱՆԴՆԵՐԸ ՉԵՆ ՕԳՏՎՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ