Հայաստանում ամեն հաջորդ ընտրություն շատ ավելի վատն է, քան նախորդը. այս տեսակետն ապացուցվեց նաեւ կիրակի օրը կայացած Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ:
Մայիսի 5-ին իշխանությունը կրկին գործի էր դրել նույն մեխանիզմները՝ ընտրակաշառք, կրկնակի քվեարկություններ, մահացածների ու Հայաստանից բացակայածների փոխարեն քվեարկություններ, մի շարք ընտրատեղամասերում կարուսել, վստահված անձանց ու հանձնաժողովի ոչ իշխանական անդամներին ահաբեկելու փորձեր: Այս ամենին զուգահեռ թաղային հեղինակությունները ե՛ւ տեղամասում, ե՛ւ տեղամասից դուրս վերահսկում էին ընտրական պրոցեսը՝ կազմակերպելով ընտրողներին քվեարկության բերելու գործը: Միայն թե, ի տարբերություն նախագահական ընտրությունների, այս անգամ իշխանությունները գործեցին շատ ավելի կազմակերպված: Այդ մասին են վկայում նաեւ ընտրությունների արդյունքները. այն ընտրատարածքներում՝ Ավան, Աջափնյակ, Արաբկիր եւ այլն, որտեղ Սերժ Սարգսյանը փետրվարի 18-ի ընտրություններում պարտվել էր, մայիսի 5-ի ընտրությունների ժամանակ Տարոն Մարգարյանն ու ՀՀԿ-ն հաղթանակ տարան: Իշխանական թեկնածուի օգտին աշխատողներից շատերն իրենք էլ էին խոստովանում՝ այս ամենն անում են ոչ թե Սերժ Սարգսյանի կամ ՀՀԿ-ի, այլ հենց Տարոն Մարգարյանի համար: Արդյունքում՝ իշխանություններին հաջողվեց ՀՀԿ-ի համար սպասվածից բարձր տոկոս «խփել». ՀՀԿ-ն նախնական տվյալներով ստացել է 235 հազար 512 ձայն (55,86 տոկոս): ԲՀԿ-ն ստացել է 97 հազար 189 քվե (23 տոկոս), «Բարեւ Երեւան» դաշինքը՝ 35 հազար 732 ձայն (8,47 տոկոս): Մյուս չորս քաղաքական ուժերը չեն հաղթահարել անցողիկ 6 տոկոսի շեմը. «Հայ ազգային կոնգրես» կուսակցության օգտին քվեարկել է 18 հազար 499 հոգի (4,39 տոկոս), ՀՅԴ-ին՝ 15 հազար 999 (3,79 տոկոս), ՕԵԿ-ին՝ 15 հազար 733 (3,73 տոկոս), իսկ «Առաքելություն» կուսակցությանը՝ 2 հազար 692 (0,64 տոկոս):
ԿՐԿԻՆ՝ ԿՈՆՍԵՆՍՈՒՍ ՀԱՆԱԾ ՀՀԿ
Բացի ՀՀԿ-ից, ընտրություններին մասնակից մյուս կուսակցությունները դժգոհ են գրանցված արդյունքներից: Անգամ իշխանական կոալիցիայի անդամ ՕԵԿ-ը, որին այդպես էլ չհաջողվեց Երեւանում 6 տոկոս ձայն ստանալ, տարածած հայտարարության մեջ բարձրաձայնել է «լայնածավալ ընտրակաշառքի» եւ «թաղային հեղինակությունների գործոնի» մասին: Չնայած սրան, ՕԵԿ-ն իր հայտարարության մեջ շնորհավորել Է ավագանու ընտրություններում հաղթած ուժերին: Ընտրություններին մասնակից կուսակցությունների ներկայացուցիչները երեկ խուսափում էին լրագրողների հետ շփվելուց. նրանց հեռախոսները կամ անհասանելի էին, կա՛մ չէին պատասխանում զանգերին: Փոխարենը, ընտրությունների վերաբերյալ հայտարարություններ են տարածել կուսակցությունների գրասենյակները: ԲՀԿ հայտարարությունը համեմատաբար լղոզված էր. «Թե ինչպես անցան ընտրությունները` արձանագրեցին զանգվածային լրատվության բազմաթիվ միջոցներ, դիտորդական կազմակերպություններ, կազմվեցին տասնյակ արձանագրություններ, գրվեցին հատուկ կարծիքներ… Մայիսի 5-ի ավագանու ընտրությունները հերթական անգամ ցույց տվեցին, որ ընտրական մեխանիզմը մեր երկրում կարիք ունի հիմնովին վերափոխման»:
«Եղավ՝ ինչ եղավ: Հերթական անգամ պետության եւ իշխող կուսակցության նույնացումը, վարչական ռեսուրսի անսահման կիրառումը, համատարած ընտրակաշառքն արեցին իրենց գործը: Իշխանական մենաշնորհը ավելի կարծրացավ: Նրանք այլեւս երկիրն ու Երեւանը միանձնյա կառավարելու հնարավորություն ունեն»,-հայտարարել է ՀՅԴ-ն՝ վստահեցնելով, որ իրենք չեն դադարեցնի պայքարը:
«Հայ ազգային կոնգրես»-ն իր հայտարարությունը տարածել էր երեկ գիշեր՝ մինչեւ ընտրությունների արդյունքների հրապարակումը. «Մայրաքաղաքի ավագանու ընտրությունները գործող ռեժիմի հերթական հանցագործությունն էր ժողովրդավարության եւ Հայաստանի ժողովրդի դեմ, ինչի համար իշխող ուժը քաղաքական, իսկ նրա պարագլուխները քրեական պատասխանատվության են արժանանալու հաստատապես»: Ավելին, ընդդիմադիր ուժերը, հիմնականում ՀԱԿ-ը, Երեւանի բոլոր 13 ընտրատարածքային հանձնաժողովներ բողոքներ են ներկայացրել՝ հիմնականում պահանջելով վերահաշվարկ կատարել: ՀԱԿ-ը պատրաստվում է ընտրությունների արդյունքները բողոքարկել նաեւ վարչական դատարանում: Իսկ «Առաքելություն»-ն առաջարկել է ԲՀԿ-ին եւ «Բարեւ Երեւան» դաշինքին՝ չվերցնել մանդատները:
Ավագանու ընտրությունները քննադատել են նաեւ տեղական ու միջազգային դիտորդները: Եվրոպացի դիտորդները թեեւ մի կողմից այս ընտրությունները որակել են որպես տեխնիկապես լավ կազմակերպված, բայց բարձրաձայնել են նաեւ «ընտրական կարուսելի», ընտրակաշառքի, ընտրողների վրա իշխանությունների կողմից ճնշումների դեպքերի մասին: Դիտորդական առաքելության ղեկավար Ստյուարտ Դիքսոնը հայտարարել է, թե իրենց գնահատականները կտան վերջնական զեկույցում, որը կհրապարակվի հոկտեմբերին Ստրասբուրգում:
ԵՎ ՎԵՐՋԱՊԵՍ
Հայաստանյան ընտրությունները մեկ ուշագրավ առանձնահատկություն ունեն. մի կողմից երկրում գնալով խորանում է սոցիալ-տնտեսական լարվածությունը, աճում արտագաղթն ու աղքատությունը, բնակչության դժգոհությունը, մյուս կողմից ընտրություններից ընտրություն ավելանում են իշխանությունների քվեները: Իսկ դա նշանակում է՝ ՀՀ-ում ընտրություններ՝ որպես այդպիսին, տեղի չեն ունենում: Ի դեպ, վերջին ընտրություններով հերթական անգամ ապացուցվեց, որ Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխություն անելը գնալով դառնում է անհնարին: Այնպես որ, մնում է միայն հեղափոխություն: