Երեկ Ազգային ժողովի հերթական արտահերթ նիստում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը շարունակեց ներկայացնել ՀՀ Վերահսկիչ պալատի 2014 թվականի տարեկան հաշվետվությունը: Հիմնական զեկուցողը հայտարարեց, որ մասնագիտական առումով 2014թ. հաշվետվությունը շատ ավելի լավն է, քան նախորդ տարիներինը, ինչը այնքան էլ դուր չեկավ մի շարք պատգամավորների, որոնք առանձին ելույթներով քննադատեցին ՎՊ նախագահին` սրությունը կորցնելու համար:
Նկատենք, որ Իշխան Զաքարյանի ՀՀ Վերաքննիչ պալատի նախագահ նշանակված օրվանից ի վեր առաջին անգամ է, որ խորհրդարանում ՀՀ վերաքննիչ պալատի կողմից ներկայացված ծրագրի ու հաշվետվության ժամանակ զեկուցողներն ու ելույթով հանդես եկող պատգամավորներն իրենց քանակով քիչ են: Նախկինում այլ պատկեր ենք ունեցել: Բացի հիմնական զեկուցողից՝ ելույթով հանդես էին գալիս հարակից զեկուցողները, ինչպես նաեւ 15-20-ից ավել պատգամավորներ: Սակայն ինչպես երեկ, այնպես էլ նախօրեին Ազգային ժողովում նման իրողություն չարձանագրվեց, ինչը նաեւ ԱԺ կանոնակարգ օրենքի խախտում կարելի է դիտարկել:
Բանն այն է, որ Աժ կանոնակարգ օրենքի 100-րդ հոդվածի 5-րդ կետում հստակ նշված է.«Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրի ներկայացման ժամանակ հարակից զեկուցմամբ հանդես են գալիս ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչները»: Նույն կանոնակարգի 101 հոդվածի 4-րդ կետը փաստում է կառավարության կողմից հարակից զեկուցողների անհրաժեշտության մասին: «Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկման ընթացքում կառավարությունն ունի հարակից զեկուցման եւ երկու արտահերթ ելույթի իրավունք»:
Ամփոփելով այս ամենը՝ նկատենք, որ Վերահսկիչ պալատի ծրագրի եւ հաշվետվության նկատմամբ հետաքրքրությունը, ընդհանուր առմամբ, կորել է: Թե ինչն է դրա պատճառը, թերեւս դժվար չէ ենթադրել: Սերժ Սարգսյանը 2013 թվականի հունիսին հրապարակավ կշտամբեց Իշխան Զաքարյանին` նրանից պահանջելով ներկայացնել բացառապես փաստեր, այլ ոչ թե քաղաքական մեկնաբանություններ: Ու այդ հայտնի խորհրդակցությունից հետո ՎՊ-ն սկսեց իր շեշտադրումները մեղմել, բացահայտումների աղմուկը փոքրացնել, ինչը, բնականաբար, առաջ բերեց անհետաքրքրություն` այդ կառույցի գործունեության նկատմամբ:
Թերեւս սա էր պատճառը, որ երեկ մի շարք պատգամավորներին մտահոգեց հատկապես Վերահսկիչ պալատի հայտնաբերած, սակայն անհետեւանք մնացած չարաշահումներն ու կոռուպցիոն բնույթի խախտումները: ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նշեց, որ մտահոգիչ է պետական ու համայնքային միջոցների մսխումն ու դրա համար համապատասխան պատասխանատվության չենթարկելը: Վերջինս Իշխան Զաքարյանին առաջարկեց ուշադրության կենտրոնում պահել ոլորտը: Իսկ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ, անդրադառնալով Վերահսկիչ պալատի զեկույցին, նշեց, որ ակնհայտորեն երեւում է, որ ճնշում է տեղի ունեցել Վերահսկիչ պալատի նկատմամբ: «Մտահոգված եմ այն հարցով, թե ինչպիսի ազդեցություն են ունենում անկախ մի մարմնի վրա, որ որեւէ մեկին պետք է չլսեր: Մտահոգված եմ, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում այս անկախ մարմինները պետք է հաղորդումներ ներկայացնեն, ունենան անկախ վերաբերմունք, այս ամենը դնում եմ խիստ կասկածի տակ:Վերահսկիչ պալատի զեկույցը դեկորացիայի է նման, սա մտահոգություն է, որ կոծկում, ծածկում են այն խնդիրները, որոնք առկա են մեր երկրում»,-ասաց նա:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ, անդրադառնալով Վերահսկիչ պալատի՝ 2014թ. հաշվետվությանը, հիմնականում խոսեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի հարստությունից ու նրա առանձնատնից:
Ելույթների ավարտից հետո Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հանդես եկավ եզրափակիչ խոսքով, որի ժամանակ անդրադարձավ բոլոր պատգամավորների ելույթներին՝ բացառությամբ Նիկոլ Փաշինյանի ելույթին, քանի որ առանձնատան թեմայով նա բազմիցս պարզաբանումներ ներկայացրել է` հայտնելով, որ այն իր համար կառուցել է ամերիկահայ մեծահարուստ բարեկամը` ցույց տալով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:
Վերջում հավելենք, որ ՎՊ հաշվետվության քննարկումն ավարտվեց, եւ ԱԺ-ն այն ընդունեց ի գիտություն:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԻ ՃԱԿԱՏԱԳԻՐՆ ԱՆՀԱՅՏ է
Պուշկինի 2 հասցեում գտնվող 1930-ականներին կառուցված շենքը, որտեղ նախկինում տեղակայված է եղել ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Երեւանի 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատը, մեկն է Սախարովի հրապարակի մաս կազմող եւ այն ամբողջացնող շենքերից: Այս շենքն ունի տեղական հուշարձանի կարգավիճակ: Սակայն այսօր անհայտ է, թե հուշարձանը ինչ ճակատագիր կունենա:
Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարությունն այն օտարել է «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ին: «Ժողովուրդ»-ը ՀՀ պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ ընկերության հիմնադիրներն են Սամվել Մայրապետյանն ու նրա կինը` պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանը: 2012 թվականի սեպտեմբերից հրշեջ ջոկատը տեղափոխվեց Մյասնիկյանի 1 պողոտայում գտնվող նոր մասնաշենք:
Տեղեկացնենք, որ Պուշկինի 2 հասցեում գտնվող շենքը ՀՀ կառավարությունը օտարել է Սամվել Մայրապետյանի ընկերությանը դեռեւս 2009 թվականի մայիսի 7-ի որոշմամբ: Ըստ որի՝ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ն իր միջոցների հաշվին ֆինանսավորել է պետության կարիքների համար ձեռք բերվող, Երեւանի Մյասնիկյան պողոտայի 1 հասցեում ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Երեւանի 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի համար նոր տիպային շենքի կառուցման կապալի, շինարարության տեխնիկական հսկողության աշխատանքները: Բացի այս, կառավարության նույն որոշմամբ՝ շենքը կառուցվելուց եւ սահմանված կարգով շահագործման հանձնվելուց հետո Պուշկինի 2 հասցեում գտնվող անշարժ գույքը Մյասնիկյանի շենքի կառուցման ծախսերի գնին հավասար գնով օտարվել է «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ին` որպես հատուցում Մյասնիկյանի շենքի ֆինանսավորման դիմաց: Սակայն սա դեռ ամենը չէ: Պարզվում է, որ ոչ միայն այդ շենքն է օտարվել Սամվել Մայրապետյանին, այլեւ հարակից շենքերն ու տարածքները, որոնց նկատմամբ դեռեւս 2008-ին կառավարությունը գերակա շահ է ճանաչել, որտեղ, ի դեպ, հուշարձան համարվող եւս մեկ շենք կա:
«Ժողովուրդ»-ը Սամվել Մայրապետյանից հետաքրքրվեց շենքի ճակատագրով, թե ինչ է պատրաստվում նա անել այդ շենքի հետ: Հարցին ի պատասխան՝ Մայրապետյանն ասաց. «Ընդհանուր ծրագիրը պետք է կատարվի, իրացման գործընթացը դեռ չի կատարվել: Երբ ավարտվի, այն ժամանակ էլ կորոշվի: Խոսքը ամբողջ թաղամասի մասին է, դա դեռ ծրագրի մի մասն է կազմում: Բայց ամեն դեպքում այն այնպիսի շենք է, որին ձեռք տալ չի կարելի: Ի սկզբանե նշված է, որ այն համարվում է պետության կողմից պահպանվող շենք: Այդ շենքը որպես սեփականություն անցել է ինձ, բայց շենքի հետ կապված ցանկացած որոշում ընդունելիս պետք է համաձայնեցվի կառավարության հետ: Դեռեւս այդ հարցը չի էլ քննարկվում, որովհետեւ բակային մասը իրացված չէ»:
Նշենք, որ տեւական ժամանակ է, ինչ շենքի ճակատային մասում փակցված է «Արմենտել» ընկերության գովազդային մեծ պաստառ: «Ժողովուրդ»-ը կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանից հետաքրքրվեց՝ արդյոք օրինական է պետական պահպանության շենքի վրա գովազդային պաստառ փակցնել: «Եթե նման վահանակ է կպցված, բնականաբար որոշակի պայմանագրային հարաբերություններ կան»,- ասաց Ա. Սահակյանը:
Այնպիսի տպավորություն է, որ Մայրապետյանի գործերն այնքան են վատացել, որ նա ստիպված է իր սեփական շենքի վրա հսկայական գովազդային պաստառներ փակցնելով եկամուտ վաստակել:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԴԱՍԵՐ ՉԵՆ ՔԱՂՈՒՄ
Դեկտեմբերի 18-ի առավոտյան Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեպար գյուղի սահմանագոտում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցուց ներքեւ, Ոսկեպար գետի ափին ականի վրա պայթել են Բաղանիս գյուղի բնակիչներ, 1965թ. ծնված Արշակ Սահակյանը եւ 1957թ. ծնված Արտավազդ Կարապետյանը: Բաղանիս գյուղից ստացված տեղեկություններով՝ նրանք գետի ափ էին գնացել շինարարության համար ավազ հավաքելու:
Ա. Սահակյանը բեռնատար ունի, նա հարեւան Ա. Կարապետյանի համար ավազ պետք է տեղափոխեր: Շատ գյուղացիներից տեղեկացանք, որ Ա. Կարապետյանը պայթել է ականի վրա, նրան օգնության է հասել Ա. Սահակյանը: Վերջինս վիրավորին շալակած դուրս բերելու ժամանակ ինքն էլ է պայթել ականի վրա: Արշակ Սահակյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: Այդ կենտրոնի տնօրենի բուժական գծով տեղակալ Աղասի Մահտեսյանից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ականի պայթյունից ջախջախվել է Ա. Սահակյանի աջ ոտքի սրունքի ստորին երրորդականը, ձեռքը վնասվել է:
1957թ. ծնված Արտո Կարապետյանին տեղափոխել են Իջեւանի բժշկական կենտրոն: Տավուշի մարզպետարանի առողջապահության եւ սոցապվարչության պետ Նարեկ Վանեսյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ ստացած վնասվածքների պատճառով բժիշկներն անդամահատել են Ա. Կարապետյանի ձախ ոտքի սրունքը, նաեւ ձախ ձեռքի մեկ երրորդը:
Տեղեկացնենք, որ ըստ գյուղում պտտվող լուրերի՝ սահմանի այդ հատվածն արգելափակող փշալար է եղել, որի վրայով անցել են Բաղանիսի 2 բնակիչները եւ պայթել:
Հիշեցնենք, որ 2014թ. ապրիլի 15-ին ծնեբեկ քաղելու նպատակով Նոյեմբերյանի տարածաշրջանի Բերդավան գյուղի սահմանագոտի էին մտել Բերդավանի բնակիչ, 1958թ. ծնված Ռաֆիկ Մուղդուսյանը եւ Հաղթանակ գյուղի բնակիչ, 1965թ. ծնված Գաբրիել Բաբիկյանը: Ռ. Մուղդուսյանը ականի պայթյունից ստացած վնասվածքների հետեւանքով մահացել է, Գ. Բաբիկյանի ոտքը Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում անդամահատել են:
Իհարկե, Տավուշի սահմանագոտում տեղադրված են ցուցանակներ, որոնք զգուշացնում են՝ այդ տարածքն ականապատ է: Հավանաբար, անհրաժեշտ է փոքրիկ ցուցանակների փոխարեն մեծ, ավելի գունեղ պաստառներ տեղադրել, նաեւ դրանց թիվն ավելացնել: Անհրաժեշտություն կա բնակչության շրջանում բացատրական աշխատանքներ կատարել, որպեսզի նրանք հեռու մնան ականապատ տարածքներից:
Թեեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայկական Կարմիր խաչի ընկերության հետ այժմ Տավուշի մարզի սահմանամեձ 15 գյուղերում հրետակոծության ժամանակ եւ պայթուցիկ նյութեր հայտնաբերելու դեպքում անվտանգության կանոնները պահպանելու դասընթաց է անցկացնում: Դասընթաց վարող Արմեն Ամիրաղյանը հայտնեց, որ այդ դասընթացին սահմանամերձ գյուղերի երեխաները հետաքրքրությամբ են մասնակցում, իսկ չափահաս բնակիչները՝ ոչ այդքան: Մինչդեռ լավ կլիներ, որ մեծահասակներն էլ հետեւեին անվտանգության կանոններին, քանի որ, ցավոք, սահմանագոտում ականները դեռ երկար են մնալու, ու բնակիչները պետք է խուսափեն դրանց հետ ճակատագրական հանդիպումներից:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ