Սերժ Սարգսյանն անակնկալի՞ է բերել իշխանական վերնախավի որոշ ներկայացուցիչների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իր պաշտոնավարման ավարտից հետո ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու մտադրության մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունն իշխանական վերնախավի որոշ ներկայացուցիչների համար անակնկալ է եղել: Այդ հայտարարությունից հետո իսկական իրարանցում է սկսվել, քանի որ բոլոր կողմերը փորձում են հասկանալ, թե Սերժ Սարգսյանի կողմից իր նախկին հայտարարությունից հրաժարվելու պատճառները որոնք են, եւ դրանց արդյունքում իշխանական դաշտում առաջիկայում ինչ նոր զարգացումներ կարող են լինել:

Իհարկե, Հայաստանի հասարակության համար Սերժ Սարգսյանի նման գործելավոճը, այն է՝ հրապարակային արված պաշտոնական հայտարարությունից հրաժարվելը, նորություն չէ: Այդ իսկ պատճառով էլ, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ իր պաշտոնավարման ավարտից հետո, նոր Սահմանադրության ընդունվելու դեպքում չի ցանկանում զբաղեցնել Հայաստանի ղեկավարի, ասել է թե՝ ՀՀ վարչապետի պաշտոնը, հատկապես ընդդիմադիր գործիչներն այդ խոստմանը լուրջ չվերաբերվեցին եւ համոզված էին, որ նա այս անգամ էլ է «խաբելու»:

Սակայն իշխանական վերնախավում Սերժ Սարգսյանի հայտարարությանը վերաբերել են ամենայն լրջությամբ եւ սկսել են դիրքավորվել` քաղաքական նոր պայմաններում իրենց ուրույն տեղը գտնելու եւ հաստատվելու համար: Մասնավորապես, իշխանությունների՝ հիմնականում ավագ սերունդի ներկայացուցիչներից բաղկացած թեւը սկսել է համախմբվել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շուրջը: Իշխանական բուրգի այս թեւի պլաններով 2017 թվականի ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ի համամասնական ցուցակը պետք է գլխավորեր Հովիկ Աբրահամյանը եւ հենց նա էլ պետք է դառնար վարչապետ: Ի դեպ, ՀՀԿ-ում համոզված են, որ ապագա ԱԺ-ում մեծամասնություն ունենալու հարցում իրենք խնդիրներ չեն ունենա եւ իրենց ուզած արդյունքը կգրեն: Վերը բերված սցենարով իշխանական բուրգի երիտթեւը շարունակելու էր ակտիվ դերակատարությունից զրկված մնալ եւ պետք է բավարարվեր իշխանությունների «ջահելի» իր կարգավիճակով:

Սակայն իշխանական երիտթեւի ներկայացուցիչները, որոնց առաջնորդը Սերժ Սարգսյանի փեսա եւ Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանն է, դեռեւս 2013 թվականից դիրքավորվել են, որպեսզի 2016-ին ստանձնեն գործադիր իշխանության ղեկավարումը, որպեսզի 2017-ի ԱԺ ընտրությունների արդյունքում կարողանան դառնալ Հայաստանի «նոր» իշխանությունները: Ըստ այս ծրագրի՝ Սերժ Սարգսյանը սահմանադրական հանրաքվեից մի քանի ամիս անց, ենթադրվում է, որ հենց 2016-ի գարնանը, Սերժ Սարգսյանը, մատնանշելով Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարության կողմից Հայաստանում ոչինչ փոխել չկարողանալու փաստը, պետք է ցրեր եւ նոր կառավարություն ձեւավորեր` ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ: Իսկ Միքայել Մինասյանը, ըստ այդ ծրագրի, պետք է ստանձներ խորհրդարանի կառավարումը: Ենթադրվել է, որ Սերժ Սարգսյանի հովանավորությամբ իշխանության փոխանցման վերը բերված սցենարը պետք է անցներ առանց լուրջ խոչընդոտների: Ենթադրվել է, որ Սերժ Սարգսյանի «թոշակի գնալու» մասին հայտարարությունից հետո իշխանական ավագ թեւի ներկայացուցիչները եւս չեն դիմադրի եւ նրա օրինակին հետեւելով՝ չեն խոչընդոտի իշխանությունը երիտասարդներին փոխանցելուն:

Սակայն Սերժ Սարգսյանի հանրահայտ հայտարարությունից հետո, որը հնչել էր 2014 թվականի ապրիլի 10-ին` սահմանադրական փոփոխությունների նախագիծը պատրաստող հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ, ակնհայտ դարձավ, որ իշխանության հնաբնակները հեռանալու մտադրություն չունեն: Փաստորեն, վերջին մեկուկես տարին ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանին չի հաջողվի իշխանությունն առանց խոչընդոտների երիտիշխանավորներին փոխանցել: Ավելին՝ ստեղծված իրավիճակում առավել քան իրատեսական դարձավ այն տարբերակը, որ եթե Սերժ Սարգսյանն իսկապես հրաժարվի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնից, ապա կարճ ժամանակում իշխանական բուրգի հնաբնակներն ուղղակի կոչնչացնեն իրենց տեղի վրա աչք դրած երիտիշխանություններին: Իսկ իր որոշումը փոխելու եւ իշխանության ղեկին մնալու մտադրության մասին հայտարարելով՝ ՀՀԿ նախագահը Հովիկ Աբրահամյանի թիմին փաստացի հասկացրեց, որ 2018-ի ապրիլի 9-ից հետո դարձյալ ինքն է լինելու իրավիճակի տերը:

Սերժ Սարգսյանը փաստացի ազդարարեց, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո ինքն է որոշելու, թե ով կլինի Հայաստանի վարչապետ, եւ, ընդհանրապես, իշխանական բուրգում ով ինչ պաշտոն կզբաղեցնի: Այլ կերպ ասած՝ նա փաստացի ազդարարեց, որ ինքն է որոշելու եւ անձամբ է իրականացնելու իշխանության փոխանցման գործընթացը, ու եթե հարկ լինի, այն կհետաձգվի, բայց միեւնույն է՝ որոշողը լինելու է ինքը: Կամ ավելի պարզ. Սերժ Սարգսյանը իշխանության հնաբնակներին բաց տեքստով հասկացրեց, որ եթե դուք մնալու եք իշխանության, ապա ես եւս կմնամ: Արդյունքում իշխանական բուրգում կրկին խմորումներ են, քանի որ վերջին մեկուկես տարում գծված բոլոր պլաններն այսպիսով հօդս ցնդեցին: Եվ այժմ իշխանական դաշտի բոլոր խաղացողները փորձում են հասկանալ, թե ինչպես պահեն իրենց, որպեսզի «դավադիրների» ցուցակում չհայտնվեն:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս