ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն՝ ՀՀ քաղաքացին վարձակալության դիմաց պետք է ՀՀ պետբյուջե հարկ վճարի: Ինչպես նկատում ենք՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք տարեկան հայտարարագիր են ներկայացնում բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, նշում են, թե վարձակալության դիմաց որքան եկամուտ են ստացել: Սակայն ուսումնասիրելով նրանց ներկայացրած հայտարարագիրը՝ պարզ չէ, թե ինչ գույք են նրանք վարձակալության տվել եւ արդյո՞ք վարձակալության դիմաց ստացած եկամուտից հարկային մարմնին հարկ վճարել են, թե՞ ոչ:
Եվ այսպես, օրինակ՝ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի պաշտոնական հայտարարագրի համաձայն՝ նրա դրամական միջոցները 2014 թվականի վերջին կազմել են 180 մլն դրամ եւ 3 մլն 435 հազար դոլար: Ըստ պաշտոնական փաստաթղթի՝ Հովհաննես Հովսեփյանը վարձակալության դիմաց ստացել է 9 մլն 720 հազար դրամ: «Ժողովուրդ»-ը փորձեց ՖՆ-ից պարզել՝ ի՞նչ է վարձակալության տվել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը եւ ստացած եկամուտից հարկային մարմնին որքա՞ն հարկ է վճարել: Սրանք կարեւոր հարցեր են, քանի որ ձախակողմյան ճանապարհով ստացած ցանկացած եկամուտ կարելի է պաշտոնապես ձեւակերպել որպես «վարձավճար» եւ մնալ անպատիժ:
Ի պատասխան մեր հարցման՝ ահա թե ինչ է հայտնել ՀՀ ֆինանսների նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության բաժնից. «Տեղեկացնում ենք, որ «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ հարկ վճարողի կամ ապահովադրի, հարկ վճարողի գործունեության վերաբերյալ հարկային մարմնի կամ հարկային ծառայողի ստացած ցանկացած տեղեկություն համարվում են հարկային գաղտնիք, բացառությամբ հարկ վճարողի կողմից կամ նրա համաձայնությամբ հրապարակված տեղեկությունների: Հետեւաբար, Ձեր կողմից պահանջված տեղեկությունները հանդիսանում են հարկային գաղտնիք»:
Այսպիսով, պետական օղակները միմյանց օգնելով, ըստ էության, կոռուպցիոն երեւույթների տարածման հող են նախապատրաստում: Ու թվացյալ թափանցիկ գործընթացի հենց այն մութ կետը երբ փորձ ենք անում բացահայտել, բախվում ենք օրենքի արհեստական պատնեշին՝ հարկային գաղտնիքի անվան տակ:
Ու դրա համար էլ ամենեւին զարմանալի չէ, որ օրինակ՝ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Վարդան Աբրահամյան, ըստ իր կողմից ներկայացված հայտարարագրի, աշխատավարձից բացի 12 մլն 150 հազար դրամի եկամուտ է ստացել վարձակալության դիմաց:
Նույնպիսի գերշահույթներ է ստացել նաեւ մոտ մեկ տարի առաջ գերընդդիմադիր, հիմա արդեն փափկասուն պատգամավորի իմիջ ստացած ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա իր 2014 թվականի տարեկան հայտարարագրում նշել է, որ 9,6 միլիոն դրամ եկամուտը ստացել է թվով վեց տարածքների վարձակալության տալու դիմաց: ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանը` ՍԱՍ-ի Արտակը, որ խոշոր գործարար է համարվում, 2014 թվականին ներկայացրած իր հայտարարագրում նշել է՝ 2 միլիոն 646 հազար դրամի եւ 46 հազար 590 դոլարի եկամուտ էլ ստացել է տարածքի վարձակալության դիմաց: Ինչ տարածք, ում, ինչ պայմանով է վարձով տվել, դրանից ինչքան հարկ է վճարել պետությանը, անհայտ է:
Այսքանով պաշտոնյաների ու պատգամավորների շարքը չի ավարտվում: ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի` Կիլիկիայի Հակոբի տարեկան հայտարարագիրը ուսումնասիրելիս պարզեցինք, որ վարձակալության դիմաց ստացած եկամուտը 2014-ին կազմել է 6 միլիոն 800 հազար դրամ: Պարզեցինք, որ վերջինս շուրջ 9 տարածք է վարձակալության հանձնել, թե որքան գումարով, ինչ տարածքներ, դարձյալ պարզ չէ:
ՀՀ դեսպանները եւս զերծ չեն մնացել վարձակալությամբ հարստանալու գործընթացից: Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը վարաձակությամբ տված շինություններից ստացել է շուրջ 14,5 միլիոն դրամի եկամուտ: Իսկ թե որքան հարկ է վճարել 14.5մլն դրամից, հնարավոր չեղավ պարզել: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էլ, օրինակ, ընդամենը մեկ տարածք է վարձակալության հանձնել եւ դրա դիմաց ստացել է 16 միլիոն դրամի եկամուտ: Կալվածքներով աչքի է ընկնում նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, որը երեք տարածք է վարձակալության հանձնել եւ դրա դիմաց ստացել է 12 միլիոն դրամի եկամուտ: Իսկ թե պետության նկատմամբ իր պարտավորությունները ինչպես է կատարել, կամ կատարե՞լ է արդյոք, թե ոչ, այդպես էլ գաղտնի մնաց:
Հ.Գ Ի դեպ, նկատենք, որ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը իր պաշտոնը ստանձնելու ժամանակ լրացրած հայտարարագրում ներկայացրել է թվով 9 անշարժ գույք, որոնք բնակարաններ են, սակայն նշված չէ, թե վերոնշյալ բնակարաններից որում է Դավիթ Հարությունյանը բնակվում, ավելին՝ մյուս բնակարանները ինչ նպատակի է ծառայեցնում: Համենայնդեպս, նա վարձակալությամբ էլ չի տվել բնակելի տարածքները:
Քնար Մանուկյան