ՈՎ ԻՆՉ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ՏՎԵՑ. ԻՆՉՔԱՆՈ՞Վ ԵՆ ԻՐԱԳՈՐԾԵԼԻ ԴՐԱՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականի ավարտին մնացել է ընդամենը մեկ շաբաթ, եւ բոլորի մտքում արդեն եկող 2016 թվականն է, ու մարդիկ փորձում են հասկանալ, թե իրենց առաջիկայում ինչ է սպասում, կամ ինչ ակնկալիքներ կարող են ունենալ: Ուզենք, թե չուզենք, հատկապես սոցիալական վիճակի հետ կապված սպասումներն առավելապես կախված են ՀՀ իշխանությունների գործողություններից: Այսինքն՝ ՀՀ իշխանությունը ներկայացնող ցանկացած բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը` միտված եկող տարվան, Հայաստանի բնակչության մոտ որոշակի ակնկալիքներ է ձեւավորում: Իսկ ինչ ազդակներ են տվել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները` եկող տարվա հետ կապված:

Ինչպես հայտնի է՝ գալիք տարվա ծրագրերի եւ սպասումների վերաբերյալ կանխատեսումների ամենամեծ «դոզան» բաժին է հասնում խորհրդարանում պետական հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկումներին: Այլ կերպ ասած՝ պայմանավորված այն հանգամանքով, թե պետական պաշտոնյաները բյուջեի նախագիծը ներկայացնելիս եկող տարվա ինչպիսի տեսլականն են ներկայացնում, բնակիչը դրա արդյունքում իր ակնկալիքներն է ձեւավորում: 2016-ի պետբյուջեն ԱԺ-ում քննարկելիս բոլորի համար ակնհայտ դարձավ, որ ՀՀ իշխանությունները, մեղմ ասած, ոչ մի լավ բան չեն խոստանում: Մասնավորապես, բյուջեն քննարկելիս ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը պատասխանելով ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի` եկող տարվա անկանխատեսելի լինելու վերաբերյալ հարցին՝ ասել էր. «Այո՛, Դուք ճիշտ եք: Մենք պետք է մտածենք: Բարդ է վիճակը, Դուք իրավացի եք: Իրոք, պետք է մտածենք՝ ինչ անենք, ինչպես ճիշտ օգտագործենք ներքին ռեսուրսները, որ կարողանանք ապահովել ինչպես հարկային եկամուտներ, այնպես էլ քաղաքականություն երկար հատվածի համար, որպեսզի մեր տնտեսությունը աշխուժանա, հակառակ դեպքում մենք կունենանք ավելի բարդ, լուրջ խնդիրներ, որի լուծումներն ավելի մեծ ջանքեր կպահանջեն կառավարությունից, մեզանից»:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կրկին բյուջեի նախագիծը խորհրդարանում քննարկելիս աղքատության մակարդակի հնարավոր փոփոխությունների խնդրին անդրադառնալիս հայտարարել էր. «Ընդհանրապես աղքատությունը բազմագործոն երեւույթ է, եւ առաջին հերթին նկատի է առնվում եկամտային ապահովվածությունը: Բնական է, որ կյանքն ավելի դժվարանալու է հաջորդ տարում»: Այլ կերպ ասած՝ Արտեմ Ասատրյանն անուղղակի ձեւով աղքատների թվի ավելացում է կանխատեսել:
Սերժ Սարգսյանը Հայաստանի ներքին կյանքին վերաբերող խնդիրների մասին սովորաբար շատ ուշ-ուշ է հրապարակային ելույթով կամ ասուլիսով հանդես գալիս: Մասնավորապես, նրա վերջին` դեկտեմբերի 3-ին հեռուստաընկերություններին տված հարցազրույցը ապագայի հետ կապված երկու հիմնական ազդակ ուներ` իշխանությունները ոչ մի լավ բան չեն խոստանում, եւ որ առնվազն մինչեւ 2017 թվականը Սերժ Սարգսյանից, եւ նրա իշխանությունից ազատվելու հնարավորությունը եւս բացակայում է:
Մյուս կողմից՝ ինչպես հայտնի է՝ 2016 թվականի պետական բյուջեով թոշակների եւ աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում: Ասել կուզի, որ գների թանկացման պայմաններում, ինչն անխուսափել տեղի կունենա, մարդկանց գնողունակությունը նվազելու է, եւ այս հանգամանքը Հայաստանի բնակչի ուշադրությունից չի կարող վրիպել:
Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ վերջին երկու ամիսներին ՀՀ իշխանությունները շատ զգուշությամբ, բայց հետեւողականորեն հանրությանը «իրազեկել» են ավելի վատ ժամանակների գալստյան մասին:
Ի դեպ, իհարկե, կարող է հարց ծագել՝ ենթադրենք նման բացասական սպասումներ չէին կանխատեսել, այլ պայծառ ապագա, սոցիալական ապահովվածություն եւ արդարություն էին խոստացել, ինչպես նախորդ տարիներին, միեւնույն է՝ հանրությունը նրանց չէր հավատալու: Այն, որ Հայաստանի հանրության մեծամասնությունը ներկա իշխանություններին վաղուց չի հավատում, հանրահայտ իրողություն է:
Ի վերջո, մարդիկ գիտակցում են, որ այս իշխանություններին իրենք չեն ընտրել, եւ նրանք իրենց ներկա կարգավիճակը պահպանում են ընտրակեղծիքների ու կոռուպցիոն համակարգի գործունեության շնորհիվ: Պաշտոնյաների դրական խոստումները հավատ չներշնչելով հանդերձ, միեւնույն է, հանրության շրջանում բացասական սպասելիքներ չեն ձեւավորում: Այլ կերպ ասած՝ իշխանությունները սարեր են խոստանում, մարդը մտքի մեջ մտածում է. «Կապրենք, կտեսնենք»: Իսկ երբ պետական պաշտոնյանն ի սկզբանե հայտարարում է, որ եկող տարին բարդ եւ անկանխատեսելի է լինելու, մարդու մոտ բոլոր տեսակի դրական սպասելիքները, մեղմ ասած, հօդս են ցնդում:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 
ՀԱԿ-ՈՒՄ «ԽԱՌՆ» ԵՆ
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ՀԱԿ-ը շարունակում է հանրաքվեի արդյունքներով զբաղվել: «Այս պահին եւ հունվարին մենք հանրաքվեի արդյունքներով ենք զբաղված: 150 գործ ենք պատրաստել դատախազություն ներկայացնելու համար, ինչպես նաեւ՝ 9 ժամանոց տեսանյութ: Մեր ակտիվիստները, վստահված անձինք, հանձնաժողովի անդամներն այս ընթացքում անընդհատ քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության հետ աշխատում են` ներկայացնելով խախտումները, որոնք տեղի են ունեցել ամսի 6-ին: Հաջորդ փուլում դա հրապարակելու ենք եւ դարձնելու ենք ամբողջ հանրության սեփականությունը»,- ասաց Մանուկյանը:

 

«ԹՌԱԾ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ
ԱԺ գործունեությունը մոնիտորինգի ենթարկող Parliamentmonitoring.am կայքի հրապարակած տվյալներով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանը 170 անգամ բացակայել է այս տարվա ընթացքում տեղի ունեցած քառօրյա նիստերից: Նույն խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը բացակայել է 157, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Աշոտ Աղաբաբյանը՝ 151, իսկ Մարինե Մարաբյանը՝ 98 անգամ: Ի դեպ, անցած երեք տարիներին Մարաբյանի ձայնը խորհրդարանում երբեւէ չի հնչել: Նույնիսկ ԱԺ նախագահը նրան շփոթում է լրագրողների հետ: Իսկ ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը ԱԺ նիստերից բացակայել է 96, ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Բաբայանը՝ 84, իսկ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ 81 անգամ:

 

ՉԵՆ ԿԱՐՈՂ ՊԱՅՔԱՐԵԼ
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը երեկ, ամփոփելով անցնող տարին, ասել է, որ Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատությամբ բարձրացել է 7 սմ-ով: Իսկ ինչ վերաբերում է Սեւանում ձկնային պաշարներին, ըստ նախարարի՝ 2015-ին լիճ է բաց թողնվել 606 հազար մանրաձուկ: Մյուս կողմից էլ որսագողությունը շարունակում է լուրջ խնդիր լինել: «Եթե մենք կարողանանք երկու տարով փակել Սեւանը, որպեսզի որսագողությունը դադարի, ապա կարող ենք խոսել սիգի արդյունաբերական որսի մասին»,- հայտարարել է բնապահպանության նախարարը՝ միաժամանակ խոստովանելով, որ իրենք որսագողության դեմ լիարժեք պայքարելու ռեսուրս չունեն:

 

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ 30 ՀԱԶԱՐԻ ՀԱՄԱՐ
Դեկտեմբերի 21-ին Երեւանի Մյասնիկյան պողոտայի թիվ 20/Ա հասցեում գտնվող բենզալցակայանի վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել, ինչի արդյունքում մահացել է 47-ամյա Ավետիք Մարտիրոսյանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Մարտիրոսյանի ընկերներից մեկը, որի անունը չենք հրապարակում, ասաց, որ ավազակային հարձակում իրականացնողները եղել են երկու հոգի: «Դանակով են հարվածել Ավետիքի սրտին, ինչի արդյունքում երկու երեխաների հայրը մահացել է: Նպատակը եղել է բենզալցակայանը թալանելը, սակայն բենզալցակայանում այդ պահին եղել է ընդամենը 30 հազար դրամ»:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ
ՀԱԿ ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը եւ Վլադիմիր Կարապետյանը երեկ հանդիպել են Երեւանում Եվրոպական միության պատվիրակության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Հունաստանի եւ Ռումինիայի ժամանակավոր հավատարմատարների հետ: Զուրաբյանը ներկայացրել է դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքը՝ գնահատելով այն որպես «ամբողջությամբ կեղծված», իսկ հայտարարված արդյունքները՝ «Հայաստանի ժողովրդի արտահայտված կամքին լիովին հակառակ»: ՀԱԿ ներկայացուցիչները նշել են, որ այժմ պատրաստվում են ընտրական գործընթացին վերաբերող ավելի քան 100 քրեական գործերով դիմել դատախազություն:

 

ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Քալաձեին: Նշենք, որ դեկտեմբերի 23-24-ը Երեւանում անցկացվում է Հայաստանի, Վրաստանի, Իրանի եւ Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունների համատեղ նիստը՝ նվիրված տարածաշրջանային էներգետիկ համագործակցության զարգացման հեռանկարներին:
Կախա Քալաձեն նշել է, որ Վրաստանը կարեւորում է բարեկամ Հայաստանի հետ տարբեր ուղղություններով կապերի զարգացումը եւ սերտացումը: Նրա խոսքով, Հայաստանի, Վրաստանի, Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը նպաստավոր հիմքեր է ստեղծում տարածաշրջանային էներգետիկ համագործակցության զարգացման համար:
Հովիկ Աբրահամյանը մասնավորապես կարեւորել է Հայաստան-Վրաստան 400 կիլովատտ էլեկտրահաղորդման գծի կառուցման, ինչպես նաեւ այլ համատեղ ծրագրերի իրականացումը:

 

ԱՉՔԻՑ ՀԵՌՈՒ
Երեկ նախագահի նստավայրում ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: Սերժ Սարգսյանը շնորհավորել է գործարարներին գալիք տոների առթիվ, բարեմաղթանքներ հղել նրանց: Ուշագրավ է, որ այդ ընդունելության վերաբերյալ նախագահականի տարածած լուսանկարներում բացակայում են գործարար պատգամավորները եւ գործարար պաշտոնյաները, մի բան, որն աչք էր ծակում անցած տարվա ընդունելության ժամանակ: Դա, իհարկե, ամենեւին չի նշանակում, որ գործարար պատգամավորներն ու պաշտոնյաներն այս տարվա հավաքին ներկա չէին, պարզապես գուցե նախագահականում էլ են հասկացել, որ օրենքով գործարարությամբ զբաղվելու իրավունք չունեցող պատգամավորների եւ պաշտոնյաների ներկայությունը նախագահական այս ընդունելությանը «սիրուն չէ»:

 

ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Համիդ Չիթչիանին: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների հարաբերություններին, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

 

ԴԵ, ԲԱ ԱՐԵ՛Ք
Հայաստանի համար կարեւոր է Իրանի դեմ գործող պատժամիջոցների չեղարկումը, որը համագործակցության նոր ճանապարհներ է բացում: Այս մասին դեկտեմբերի 23-ին՝ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը:
«Մենք իրանական կողմի հետ շատ բան կարող ենք անել: Նման կարծիքի է նաեւ իմ իրանցի գործընկերը: Նշանակում է, որ մենք պետք է ակտիվացնենք հարաբերությունները: Անհրաժեշտ են համատեղ ձեռնարկություններ գյուղատնտեսության, շինարարության եւ առողջապահության ոլորտներում», – ասել է Զախարյանը:




Լրահոս