Երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ընթացիկ տարվա մթերումների կազմակերպման եւ պատրաստի արտադրանքի իրացման հետ կապված խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն էր հրավիրվել, որին մասնակցում էին վարչապետ Տիգրան Սարգսյանը, դեռեւս էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան Դավթյանը, գյուղնախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը, շուրջ 80 ձեռնարկությունների ղեկավարներ, արտահանման խթանման հարցերով զբաղվող կառույցների ներկայացուցիչներ: Խորհրդակցության ընթացքում ծավալված քննարկումից հետո Տ. Սարգսյանը տեղեկացրել է, որ այս տարի ստեղծվելու է արտահանումն ապահովագրող պետական կառույց, որը մասնագիտանալու է արտահանման ռիսկերի գնահատման գործում: «Դա պետության կողմից լուրջ աջակցություն կլինի արտահանման գործում մասնագիտացող կազմակերպություններին»,-եզրակացրել է վարչապետը, որը, հիշեցնենք, ընդամենը երեք տարի առաջ հեռուստատեսությամբ հայտարարում էր, որ Հայաստանը չպետք է ապրանք արտահանող երկիր լինի, այն պետք է բացառապես միտք արտահանի: Սակայն քանի որ այս ընթացքում ըստ երեւույթին անգամ վարչապետի համար ակնհայտ դարձավ, որ միայն միտք, այն էլ` հիմնականում անհեթեթ, արտահանելով կուշտ չես լինի (հիշենք Գյումրին նավահանգստային քաղաք, Դիլիջանը բանկային կենտրոն դարձնելու եւ «Հայկական աշխարհի» շուրջ Տիգրան Սարգսյանի մնացած «մտքերը»), ուստի կառավարությունն անցած տարվանից սկսեց մտածել արտահանման խթանմանն ուղղված քաղաքականության մասին եւ առանձնացրեց մի քանի ոլորտներ` գյուղմթերքներ, կոնյակագործության, ակնագործության եւ այլն: Սակայն մինչ օրս այդ ոլորտների զարգացման ուղղությամբ գործուն քայլեր չեն իրականացվել: Եվ երեկվա խորհրդակցությունից պարզ դարձավ, որ հատկապես գյուղմթերքների արտահանման հետ կապված երկրի վարչապետը, մեղմ ասած, շատ թույլ պատկերացումներ ունի: «Վերջին երեք տարում մենք էական ֆինանսական օժանդակություն ենք ցույց տվել գյուղացուն` նպատակ ունենալով էժանացնել գյուղապրանքների ինքնարժեքը. տարեկան մի քանի միլիարդ դրամ ենք հատկացնում, որպեսզի պարարտանյութը, սերմացուն եւ վառելիքն էժան ու հասանելի լինեն գյուղացուն: Սա նաեւ անուղղակի օժանդակություն է վերամշակող ձեռնարկություններին, որովհետեւ մթերքները հասնում են ավելի էժան: Բայց մեր հիմնական թիրախը վերամշակված ապրանքների իրացումն է: Այդ շղթան կաշխատի, եթե կարողանանք ապրանքներն իրացնել, եւ առաջիկա տարիների համար հիմնական պետական օժանդակությունը լինելու է այդ ուղղությամբ»,-ասել է վարչապետը, որն այդպես էլ անցած հինգ տարիների դառը փորձից եւ արձանագրված տխուր ցուցանիշներից չհասկացավ, որ այդ շղթան կաշխատի ոչ թե անիմաստ ռազմավարություններ ընդունելով, ռիսկերը հաշվարկելով եւ տարբեր հայեցակարգեր մշակելով, այլ պարզապես տրված աջակցությունը իրական հասցեատիրոջը` կարիքավոր գյուղացուն հասցնելու գործում նորմալ վերահսկողություն իրականացնելով: Իսկ մնացածը` Միտք արտահանելու պես մի բան է:
ԸՆԴԱՄԵՆԸ` ՎԵՐԱՀՍԿԵ՛Ք
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ