ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներից դատելով` ընդդիմադիր ընտրազանգվածի մի զգալի մասը չի մասնակցել ընտրություններին:
-Պարո՛ն Համբարձումյան, Երեւանի ավագանու ընտրություններին ՀՅԴ-ն բավական լուրջ քարոզչություն իրականացրեց, սակայն շատ քիչ քվե ստացավ: Ներկայում ինչպիսի՞ն են կուսակցությունում տիրող տրամադրությունները:
-Իսկ ի՞նչ եք կարծում, ես ինչպե՞ս կարող եմ ասել, թե ամբողջ ՀՅԴ-ում ինչպիսին է տրամադրվածությունը. տարբեր:
-Ընդհանուր առմամբ, դաշնակցականները հիասթափվե՞լ են, թե՞ արդեն այլ ելք են փնտրում իրենց ծրագրերն իրականացնելու համար:
-Մենք արդեն հաղորդագրություն ենք տարածել, այն, ինչը հարկ ենք համարում ասել, արդեն ասել ենք: Իմաստ չեմ տեսնում այլ բան ասել:
-Ձեր կուսակցությունը մշտապես հայտարարել է, թե «Դաշնակցություն»-ն ունի իր «կայուն ընտրազանգվածը»: Այդ դեպքում ինչո՞ւ պարտվեցիք Երեւանի ավագանու ընտրություններում: Գուցե ձեր «կայուն ընտրազանգվածը» արդեն հիասթափվե՞լ է ՀՅԴ-ից ու այլեւս ձեզ ձայն չի տալիս:
-Մեր ընտրազանգվածն էլի կայուն է, եւ մեր ընտրազանգվածը գնացել ու քվեարկել է:
-Բայց արդյունքներն այլ բան են փաստում:
-Արդյունքն այն է, ինչ ունենք:
-Այո՛, իսկ ունենք այն, որ դուք պարտվեցիք, ու Երեւանի ավագանիում ՀՅԴ-ն անդամներ չունի:
-Այո՛: Շատ պարզ է ամեն ինչ, ու կարծում եմ, որ ոչ միայն «Դաշնակցության» պարագայում, այլեւ առհասարակ ընդդիմադիր ուժերի: Փաստն այն է, որ ընդդիմադիր տրամադրված ընտրազանգվածի մի զգալի հատվածը, դատելով ընտրությունների արդյունքներից, պարզապես չի գնացել քվեարկության: Եվ, ըստ այդմ էլ, ընդդիմադիր քաղաքական ուժերը ստացել են ավելի պակաս ձայներ, քան կարող էին ստանալ, եթե ընդդիմադիր ընտրազանգվածը ակտիվ մասնակցություն ունենար ընտրություններին: Հանրապետական կուսակցությունն ընտրակաշառքով, վարչաիշխանական լծակներով կարողացավ ապահովել բարձր քվեներ: Այն, ինչ արվել է, արվել է ընտրատեղամասերից դուրս: Քվեարկության օրը ընտրակաշառքների բաժանման մասին բազմաթիվ ահազանգեր են եղել, որոնց մասին Դուք եւս տեղյակ եք: Դժբախտաբար, պետք է արձանագրել, որ այդ դեպքերը չեն բացահայտվել: Իսկ այդ բացահայտումը ոչ թե պետք է կուսակցություններն անեն, այլ իրավապահ մարմինները: Մինչդեռ այս դեպքում, կարծում եմ, բոլորը գիտեն, թե ով եւ որտեղ է ընտրակաշառք բաժանել:
-Նշեցիք, որ ընդդիմադիր ընտրազանգվածը չի մասնակցել քվեարկությանը, ինչի հետեւանքով էլ ընդդիմությունը պարտվել է: Բայց ՕԵԿ-ը, որն ընդդիմություն չէ, նույնպես քիչ ձայներ է հավաքել` ընդամնեը 3.37 տոկոս: Դա ինչպե՞ս կբացատրեք:
-Կարծում եմ` ճիշտ կլինի՝ դրա հետ կապված մեկնաբանությունն ՕԵԿ-ից ստանաք: Ես ամեն դեպքում մի բան կարող եմ ասել, որ եթե ՕԵԿ-ը չլիներ կոալիցիայի մեջ, չունենար իշխանական ռեսուրսներ եւ լծակներ, կարծում եմ` ավելի քիչ ձայներ կունենար: Տեղամասերի ցուցանիշներին եթե նայեք, մասնավորապես Մալաթիա-Սեբաստիայում, հասկանալի կդառնա, որ ՕԵԿ-ը եւս ինչ-որ չափով օժանդակություն ունեցել է:
-ՀՅԴ-ն 120 տարվա պատմություն ունեցող կուսակցություն է: Ձեզ վատ չե՞ք զգում, որ հավաքել եք գրեթե նույնքան ձայն, որքան նորաստեղծ «Առաքելություն» կուսակցությունը:
-Մենք այդ բոլորին հանգիստ ենք վերաբերում, մենք մեր հետեւություններն ունենք, ու կարծում եմ՝ ավագանու ընտրություններով կյանքը ո՛չ սկսվում է, ո՛չ էլ ավարտվում:
-Բայց ՀՅԴ-ն պատրաստվում էր Երեւանից փոխել…
-Բնականաբար, մենք անկեղծորեն մեր ծառայություններն առաջարկեցինք, եւ ունեցանք այն, ինչ ունեցանք:
ՀՅԴ-Ի ԿԱՅՈՒՆ ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԸ ՔՎԵԱՐԿԵ՞Լ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ