2015 թվականը ոչ միայն առանձնացավ ներքաղաքական իրադարձություններով, այլևս Հայոց Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներով, երբ ևս մեկ անգամ ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռվեց Հայաստանի վրա:
Ամեն ինչ սկսվեց 2015թ. հունվարի 29-ին, երբ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստի ավարտից հետո նախագահ Սերժ Սարգսյանը ընթերցեց Համահայկական հռչակագիրը: Վերջինիս ընթերցումը տեղի ունեցավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, որտեղ Ս. Սարգսյանն այցելել էր հանձնաժողովի անդամների հետ միասին:
Մարտի 18-20-ը Երևանում անցկացվեց «Արարատի ստորոտին» 5-րդ մեդիա խորհրդաժողովը, որին մասնակցում էին ներկայացուցիչներ տարբեր երկրներից, նույնիսկ` Թուրքիայից:
Թերևս հայերիս համար կարևոր իրադարձություններից մեկը տեղի ունեցավ ապրիլի 12-ին, երբ Սուրբ Պետրոս տաճարում Ֆրանցիսկոս պապը մատուցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ: Սա իրավմամբ կարող ենք պատմական իրադարձություն անվանել: Նա պատարագի ընթացքում նշեց, որ 20-րդ դարի առաջին Ցեղասպանությանը զոհ գնաց հայ ազգը:
Ապրիլի 22-23-ին կրկին Երևանում տեղի ունեցավ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ հասարակական-քաղաքական ֆորումը, որի մասնակիցների թիվն անցնում էր 600-ը: Ապրիլի 23-ի Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Բաց խորանում կատարվեց սրբադասման կարգ: Հայ եկեղեցու սրբերի շարքին դասվեցին Հայոց ցեղասպանության անմեղ նահատակները: Սրբադասման ավարտին Հայաստանում և աշխարհի տարբեր եկեղեցիներում հնչեցին զանգերի 100 ղողանջները, որին հաջորդեց լռության րոպեն:
Նույն օրը Երևանում տեղի ունեցավ «System of a down» աշխարհահռչակ ռոք խմբի «Wake up the souls» («Արթնացրեք հոգիները») խորագրով համերգը: Արդեն ապրիլի 24-ին հայ ժողովուրդը կրկին մեկ մարդու պես քայլերն ուղղեց դեպի Ծիծեռնակաբերդ, սակայն այս անգամ նրանց հետ միասին հարգանքի տուրք մատուցեցին Ռուսաստանի, Ֆրանսիայի, Սերբիայի և Կիպրոսի նախագահները, ինչպես նաև ավելի քան 60 երկրների և միջազգային կառույցների պատվիրակներ:
Ավանդական ջահերով երթը կայացավ ապրիլի 24-ին` կեսգիշերից մի փոքր շուտ: Երթի մեկնարկից առաջ, մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և որպես բողոքի նշան այրեցին Թուրքիայի պետական դրոշը:
Հավելենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններ անցկացվեցին նաև աշխարհի տարբեր երկրներում: