Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ամանորյա տոները մշտապես դիմավորում է տանը` ընտանիքի անդամների հետ: Armlur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ միայն մեկ անգամ է ընտանիքից հեռու անցկացրել տոները, այն էլ արտասահամանում սովորելու ժամանակ:
Նախարարի խոսքով՝ իրենց տոնական սեղանն ավանդական է` տոլմայով, նրբաբլիթներով և մայրաքաղաքային աղցանով: Իսկ թե ում է առաջինը շնորհավորում նախարարը, կարող եք դիտել Armlur.am-ի տեսանյութում:
Ի դեպ, Արմեն Աշոտյանը նամակ է գրել Ձմեռ պապին, որն էլ ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի Ձմեռ Պապի, Չզարմանաս նամակիս։ Շատ երկար դադարից հետո նորից քեզ հիշեցի։ Դե, գիտես, սկզբից կարծում էի, որ դու իրոք կաս ու իմ` լավ բալիկ լինելու դիմաց երազանքներս ես կատարում։ Հետո արդեն գիտեի որ չկաս, բայց կանոնավոր գրում էի, որ ստանամ բաղձալի նվերներս։
Մենք իրար խաբում էինք, բայց դե երկուսս էլ գոհ էինք։ Իսկ հետո,դե դա էլ գիտես, մեծացանք-դախացանք-սեռահասունացանք ու չափից շուտ ու շատ լրջացանք։ Ի դեպ, ինձ թվում է, մանկությունն ավարտվում է այն պահին, երբ դադարում ենք քեզ նամակ գրել։
Բայց չմտածես հա, որ այս գիրս մանկության ուշացած ճիչ է կամ ժամանակը հետ շրջելու փորձ։ Պարզապես ասեմ, որ այս տարիներին կորցրեցի իմ բոլոր տատիներին ու պապիներին ու երևիթե դու ես մնացել իմ միակ պապին (Արցախի Դեդոն ու Բաբոն չհաշված) ։ Հա գիտեմ, տղերքս էլ են գրել քեզ նորից։ Տես, չխառնես նամակները ու հեչ վատ չէր լինի որ այս տարի իրոք դու հոգայիր նրանց ամանորի հոգսերը 🙂 Հասկացա՞ր այդ նշանը։ Թե չէ, բացատրեմ։
Մարդիկ քսանմեկերորդ դարում այդպես են արտահայտում իրենց հույզերը` կետ-ստորակետներով, փակագիծ-օյինբազություններով։ Հեչ անկեղծ ու մարդկային չի, բայց դե հարմար է, արագ ու ամենակարևորը` էժան։
Չնայած էժան հույզը քանի՞ կոպեկ արժե… Ասա մերսի, որ քեզ ուղղված խնդրանքները սմս չենք անում, կամ էլ` չաթում ( սա խուժանական չէ, ֆիրմա բառ է, մի ավելորդ կարմրիր )։
Մենք էլ խառն ենք։ Ինչո՞վ, լավ չեմ հասկանում, բայց դե բոլորս անկանոն շարժման մեջ ենք, բքին տեղացող ձյան պես վերուվար, աջուձախ ենք անում։ Բայց բոլոր փաթիլների վերջը նույնն է` հանգրվանել հողին։
Գիտես, ինձ թվում է դպրոցներից պետք է հանել էվոլյուցիոն տեսությունը։ Թե չէ այնքան ենք դրան հավատացել, որ մեր բոլոր կենսաբանա-կենդանաբանական նախնիների բնագծերն ենք սկսել կրկնել` սողում-սողոսկում ենք, կծում-կրծում, հոշոտում, գույն փոխում։ Դարձել ենք լպրծուն ու արյունախում միաժամանակ։ Ոչ հիշողություն, ոչ հիշատակ, ոչ էլ խիղճ։ Լավ է, որ երեխեքն էլ կան, ու բնազդներից ամենավեհը` ծնողականը, տեղին աշխատում է։
Դե այդ հորոսկոպների մասին էլ չասեմ` էլ կապիկի, էլ վիշապի, էլ օձի տարի։ Ո՞նց անենք, որ բոլոր տարիները լինեն պարզապես Մարդու տարի։ Մի անգամ` սիրահարված Մարդու, մյուսը` իսկական Մարդու, էն մյուսը` սովորական Մարդու ։ Ու այդպես շարունակ։ Չնայած, իսկականն ու սովորականը ավելորդ են այս դեպքում, որովհետև եթե Մարդ է, ապա արդեն թե իսկական է, թե ոչ սովորական։
Այսպիսի բաներ, Ձմեռ Պապի ջան։ Դու,կարևորը, մյուս օրերին քեզ լավ նայիր, թե չէ հիմա հոգսդ շատ է, գլուխդ էլ խառը։ Շատ սեզոնային աշխատանք է քոնը։ Մի բան մտածիր, որ ամբողջ տարի ձեռքդ գործ լինի։
Չզարմանաս, որ ոչ մի բան քեզանից չեմ ուզել։ Հավատա, այսօր մեկնումեկի հետ “պո դուշամ” խոսելը արդեն մեծ նվեր է։ Կապի մեջ։ Շնորհավոր Ամանոր։
Սուրբ Ծննդյան համար էլ քեզ չեմ դիմելու։ Ուրիշ հասցե է, ուրիշ հասցեատեր։ Այնտեղ ամենինչ շատ ավելի բարդ է, ու հեչ գրելու չէ…
Հ.Գ. Ձյունանուշիկի մասին էլ 18+ անեկդոտների համար ներող, տարիքա-շրջապատային է 🙂 (էժան հույզ)» ։