Տավուշի մարզի շատ դպրոցներում ուսուցիչներին աշխատանքի ընդունելիս եւ դասաժամերը բաշխելիս խախտվել են օրենսդրության պահանջները: Այդ մասին է վկայում «Ժողովուրդ»-ի ձեռքի տակ հայտնված փաստաթուղթը:
Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունում 2012թ. մարտի 19-ից մինչեւ ապրիլի 5-ը ՀՀ կրթության ավագ պետական տեսուչներ Աշոտ Արշակյանի, Անահիտ Հարությունյանի, կրթության պետական տեսուչներ Վահան Կարապետյանի, Աիդա Բարսեղյանի եւ Գայանե Ինիջյանի իրականացրած ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկանքի համաձայն՝ մարզի դպրոցներում խախտումները կրել են համատարած բնույթ: Ուսումնասիրությամբ ընդգրկվող ժամանակահատված է ընտրվել 2009թ. սեպտեմբերի 1-ից մինչեւ 2011թ. դեկտեմբերի 29-ը: Պարզվել է, որ 2011-2012 ուստարում 31 դպրոցում 8-ից եւ 14-ից ավելի դասաժամ դասավանդել են 43 վարչական աշխատողներ, որոնցից 1 հաստիքի առկայության դեպքում՝ 28, իսկ 0,5 հաստիքի առկայության դեպքում՝ 15 աշխատող: Խախտվել են «Հանրակրթության մասին» օրենքի 25-րդ հոդվ. 4-րդ կետի պահանջները, որոնցով սահմանված է, որ պետական ուսումնական հաստատության 1 դրույքով պաշտոնավարող վարչական աշխատողը համապատասխան որակավորման դեպքում համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչեւ 8 դասաժամ, իսկ կես դրույքով նման պայմաններում կարող է ունենալ շաբաթական մինչեւ 14 դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:
Արդյունքում` Տավուշի մարզպետարանի ենթակայության 77 դպրոցից 19-ում հայտնաբերվել են կրթության բնագավառի օրենսդրության 23 խախտումներ եւ անհամապատասխանություններ: 2009-2010, 2010-2011 ուստարիներին որպես ուսուցիչ աշխատանքի են նշանակվել համապատասխան մասնագիտական կրթություն եւ որակավորում չունեցող կամ վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ չունեցող անձինք, ինչպես նաեւ անձինք, որոնք աշխատանքի ընդունման պահին միաժամանակ հեռակա ուսանել են բուհերի տարբեր կուրսերում: 2010թ. հոկտեմբերի 25-ից հետո մարզի 8 դպրոցներում (Խաչարձանի, Հովքի, Զորականի, Ոսկեվանի, Արճիսի, Դովեղի, Պտղավանի միջն. եւ Բերդի թիվ 1 հիմնական դպրոցում) ուսուցչի թափուր տեղերը համալրվել են ոչ մրցութային հիմունքներով: Իջեւանի թիվ 4 հիմնական դպրոցում, Այգեձորի, Վարագավանի եւ Զորականի միջն. դպրոցներում ուսուցչի թափուր տեղերը համալրվել են մրցութային հիմունքներով, սակայն փաստաթղթային ուսումնասիրությամբ պարզվել է, որ մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված անձինք չունեն համապատասխան որակավորում կամ վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ: Իսկ Գոշի հիմնական դպրոցում դասաժամերը տրամադրվել են առանց մրցույթի՝ նույն դպրոցում աշխատող համապատասխան մասնագիտական որակավորում չունեցող մասնագետի: Դեբեդավանի միջն. դպրոցում էլ ուսուցչի թափուր տեղի համար մրցույթ չի հայտարարվել, դասաժամերը ժամանակավոր բաշխվել են նույն դպրոցում աշխատող, համապատասխան մասնագիտական որակավորում չունեցող մասնագետների միջեւ:
Այսպիսով՝ Տավուշի դպրոցներում հանրակրթության վերաբերյալ օրենսդրության խախտումները բազմաթիվ են, սակայն ո՞վ է պատասխան տալիս դրանց համար: Ո՞ւր է նայել մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունը:
Տավուշ