ՀԱՐՑ. Մոտ մեկ ամիս առաջ դիմել եմ Գերմանիայի դեսպանատուն, բայց վիզայի իմ դիմումը մերժվել է: Նշեմ, որ քույրս երկար տարիներ բնակվում է Գերմանիայում, եւ հենց ինքն էլ հրավիրել էր ինձ իրենց մոտ: Այս դեպքում հրավիրողը որեւէ քայլ կարո՞ղ է ձեռնարկել Գերմանիայից:
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ հրավիրողը կարող է, օրինակ, իր կողմից բացատրական գրություն ուղարկել, որն անհրաժեշտ է կցել դիմում-բողոքին: Նա, սակայն, չի կարող անձամբ հետաքրքրվել մերժման պատճառների մասին: Եթե հրավիրողը ցանկանում է անել դա Ձեր փոխարեն, ապա անհրաժեշտ է նրա անունով լիազորագիր տալ, որը նա կներկայացնի իր կողմից գրված դիմում-բողոքի հետ: Լիազորագիրը հատուկ գրելաձեւ չունի: Այն հիմնականում պետք է ներառի դիմողի անձնական տվյալները, կոնկրետ գործի համարը եւ ստորագրված լինի անձամբ դիմողի կողմից: Լիազորագիրը պետք է լինի գերմաներենով կամ անգլերենով:
դեսպանություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փորձը ցույց է տալիս, որ նման դիմումները մերժվելուց հետո սովորաբար ընթացք չեն ստանում: Ճիշտ է, մեր ընթերցողին տխրեցրել է հարազատին այցելելու դիմումի մերժումը, բայց եւ դրա բողոքարկումը կարող է ընդհանրապես փակել Արթուր Մկրտչյանի մուտքը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն բոլոր ժամանակների համար: Այնպես որ, մեր ընթերցողը ճիշտ կվարվի, եթե որոշ ժամանակ անց, այցը հիմնավորող ավելի լուրջ փաստարկներ ներկայացնելով, կրկին դիմի դեսպանություն: