ՄԱՏՆՈՒՄ ԵՆ ՍՈՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 12-ին Արմավիրի մարզում տեղացած  կարկուտը, որի հետեւանքով  ոչնչացվեց  43 գյուղերի 17 հազար հեկտար այգիների եւ ցանքատարածությունների գրեթե ողջ բերքը,  շատ կոնկրետ` տեղական նշանակության մարտահրավեր էր` ուղղված ապահով Հայաստան խոստացած իշխանություններին: Նկատենք, որ դա, փառք Աստծո, ո՛չ տարերային աղետ էր, ո՛չ բնության լայնամասշտաբ արհավիրք, այլ ընդամենը  ուժգին կարկուտ, որի հետեւանքները, սակայն, հազարավոր ընտանիքների համար լինելու են  նույնքան  ծանր, որքան տարերային աղետի դեպքում: Ավելին, չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ նրանց մի զգալի մասը մատնվելու է սովի:  «Ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում Արմավիրի մարզի մի քանի համայնքների գյուղապետերն ու բնակիչները բառի բուն իմաստով լաց էին լինում` նշելով, որ այս օրերին շատերը իրենց տվել են հարբեցողության` ինֆարկտ չստանալու համար: Ու թեեւ երեկ Երեւան-Արմավիր  մայրուղին փակած գյուղացիներին  Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հավաստիացնում էր,  որ Սերժ Սարգսյանն ասել է` «անպայման օգնելու ենք», երեկվա կառավարության նիստում արդեն իսկ պարզ դարձավ, որ այդ օգնությունը լինելու է մեղմ ասած` խորհրդանշական, քանի որ ինչպես երեկ  հրահանգեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` «Օգնությունը պետք է լինի առարկայական եւ տեղին: Մենք պետք է օգնենք միայն սոցիալապես անապահովներին»: Ասել է թե` այն բոլոր գյուղացիները, որոնք ծայրահեղ աղքատ չեն, կարող են փոխհատուցման հույս չունենալ: Թերեւս կով կթելու եւ կճուճների ֆոնին լրագրողների հետ հանդիպման ընթացքում գյուղատնտեսական աշխատանքների դասեր տվող Տիգրան Սարգսյանը տեղյակ չէ, որ արդեն այն պահին, երբ իր ձախողակ կառավարությունը հայտարարեց դեմքով դեպի գյուղը շրջվելու մասին, Հայաստանի անխտիր բոլոր գյուղերի բնակիչների գերակշիռ մասն արդեն սոցիալապես անապահով էր: Իսկ Տ. Սարգսյանի կառավարության  ջանքերի արդյունքում` այսօր արդեն հայ գյուղացիության  գրեթե իննսուն տոկոսը ոչ միայն սոցիալապես անապահով է, այլեւ ընչազուրկ` բառի բուն իմաստով. տասնյակ հազարավոր գյուղացիներ իրենց ունեցած-չունեցածը մի քանի անգամ արդեն գրավադրել եւ վերագրավադրել են տարբեր բանկերում` ստանալու համար այսպես կոչված  գյուղացիական աջակցության վարկեր: Ուստի, հիմա Արմավիրի մարզի բոլոր 43 գյուղերի  բնակիչներն էլ կարիք ունեն լուրջ պետական աջակցության եւ ոչ թե` մի քանի պարկ պարարտանյութի կամ հնացած սերմացուի:
Հ. Գ. Առանձին քննարկման թեմա է այն, թե ինչու չեն գործարկվել հենց Արմավիրի մարզում տեղակայված 55 հակակարկտային կայանները, եւ ով պետք է պատասխան տա  դրա համար: Երբ հարկ էր պետական միջոցների մսխումը արդարացնել` գյուղատնտեսության նախարարը հպարտությամբ նշում էր հակակարկտային կայանների  կառուցումը, բայց երբ առկա է դրանց անգործության փաստը` չգիտես ինչու, Սերգո Կարապետյանը անամոթաբար լռում է:




Լրահոս