Հայաստանում գազի սակագնի բարձրացումն արդեն կարելի է համարել իրողություն: Ճիշտ է, այդ սակագինը պաշտոնապես չի բարձրացվել. ընդամենն առկա են «Հայռուսգազարդ»-ի մտադրությունն ու դրա վերաբերյալ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմումը: Սակայն որեւէ մեկը չի կասկածում, որ ՀԾԿՀ-ն բավարարեու է դիմումը, միգուցե ոչ այն չափով, ինչ առաջարկում է «Հայռուսգազարդ»-ը, բայց` գազի սակագինն այնուամենայնիվ բարձրանալու է` իր բոլոր հետեւանքներով հանդերձ:
Արդյո՞ք հնարավորություն կա խուսափելու գազի սակագնի բարձրացումից: Այս հարցին շատ մասնագետներ միանշանակ դրական պատասխան են տալիս: Իսկ որպես խնդրի լուծման լավագույն ճանապարհ մատնանշվում է այլընտրանքային աղբյուրներից, մասնավորապես հայ-իրանական գազամուղից օգտվելը: Բայց արի ու տես, որ այսօր Հայաստանում բոլորովին այլ իրավիճակ է. «Հայռուսգազարդ»-ը էներգետիկ ոլորտում գրեթե մենաշնորհային դիրք ունի եւ գործում է արտոնյալ պայմաններում: Ավելին, այս ոլորտում քաղաքականությունը թելադրում է բացառապես ռուսական այս ընկերությունը:
Այս օրերին շատերն են հիշում հայ-իրանական գազամուղի կառուցման հայտնի պատմությունը. սկզբում նախատեսված էր, որ հայ-իրանական գազամուղն ունենալու է 1200 մմ տրամագիծ, սակայն, ասում են` ռուսական կողմի պահանջով ու Ռոբերտ Քոչարյանի իշխանության թեթեւ ձեռքով այն հետո դարձավ 700 մմ: Բացի այդ, ի սկզբանե պլանավորված էր, որ այդ խողովակաշարով գազը պետք է հասներ Հրազդան, այստեղի ջէկ-ում դառնար էլեկտրական հոսանք, հետո հոսանքը պետք է արտահանվեր Իրան: Ընդ որում, խողովակաշարը կառուցվելու էր իրանական կողմի միջոցներով, բայց հետո դառնալու էր ՀՀ սեփականությունը: Հրազդանի ջէկ-ը եւս պետք է մնար ՀՀ սեփականությունը: Սակայն շատ արագ Իրան-Հայաստան խողովակաշարը դարձավ ռուսական, Հրազդանի ջէկ-ը՝ նույնպես: Ռուսական կողմին ավելի մեծ նվեր, թերեւս, դժվար է պատկերացնելը: Միայն թե, այս ամենն արվեց ի հաշիվ Հայաստանի Հանրապետության:
Ակնհայտ է, որ այսօր հայ-իրանական գազամուղը չի գործում իր ողջ ծավալներով: 2010թ. Հայաստանն Իրանից ներկրել է 428,7 մլն խմ գազ, 2011թ.` 438 մլն, իսկ 2012թ.` 491 մլն խորանարդ մետր գազ: Ասել է թե՝ վերջին երեք տարվա ընթացքում Իրանից գազի ներկրման ծավալներն առանձնապես չեն աճել: Դեռ ավելին, այդ գազամուղը չի գործում իր ողջ հզորությամբ. այսօր չի օգտագործվում հայ-իրանական գազամուղի հնարավորությունների անգամ 50 տոկոսը, այնինչ, մասնագետների պնդմամբ, հնարավոր էր միայն այս ճանապարհով տարեկան ավելի քան 800 մլն խմ գազ ներկրել հարեւան Իրանից: Համեմատության համար նշենք, որ 2010թ. ՌԴ-ից Հայաստան է ներկրվել 1.4 մլրդ խմ, 2011թ` 1.6 մլրդ խմ, իսկ 2012թ` 1.9 մլրդ խմ գազ: Այսինքն` ՌԴ-ից ներկրվող գազի ծավալները գնալով աճել են, ընդ որում` մի քանի անգամ գերազանցելով Իրանից բերվող գազի ծավալները:
ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի խոսքրով անկախության առաջին իսկ տարիներից ՀՀ առաջին իշխանությունները մտածել են դիֆերսիֆիկացնել էներգետիկ ռիսկերը: Բագրատյանը հիշեցրեց, որ 1995-ին իր նախաձեռնությամբ ստորագրվել, հետո կառուցվել է իրանական գազամուղը: «Չգիտես ինչու կառուցելիս Ռ.Քոչարյան ընտրեց նեղ խողովակի տարբերակը` 700 մմ: Արդյունքում դրանով հնարավոր չէ բավարարել հանրապետության պահանջարկը: Այնուամենայնիվ, ինչ-որ քանակություն դրանով կարելի է բերել եւ հավասարակշռել ռուսական գազի գինը»,-նշեց նա` հավելելով, որ իր ունեցած տեղեկություններով՝ հայ-իրանական գազամուղը եւս անցել է «Հայռուսգազարդ»-ի հաշվեկշռում: Այսինքն` կարելի է ենթադրել, որ Իրանից Հայաստան ներկրվող գազի ծավալները որոշում է ոչ թե Հայաստանը, այլ «Հայռուսգազարդ»-ը:
Անառարկելի է, որ գազի սակագնի թանկացումն իր հետեւից բերելու է նաեւ սպառման ծավալների կրճատում: Այսինքն` բարձր սակագնի պատճառով մարդիկ ստիպված կլինեն ավելի քիչ գազ օգտագործել: Մանավանդ որ դեռ մինչեւ սակագների բարձրացումն արդեն իսկ նկատվում են նման միտումներ: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ 2009թ. բնակչության կողմից գազի սպառման ծավալները նվազել են մոտ 6.1 տոկոսով, 2010թ.` 15 տոկոսով: 2011թ. այստեղ դրական միտումներ են նկատվել. բնակչությունը 16.9 տոկոսով ավելի գազ է սպառել: Իսկ 2012թ. բնակչության կողմից իրացված գազի ծավալները կրկին նվազել են` մոտ 1.6 տոկոսով: Այս տարվա առաջին եռամսյակում բնակչության կողմից գազի սպառման ծավալները նվազել են 13.6 տոկոսով: Այնպես որ, Հայաստանին սպասվող ապագան բավական տխուր է: