ՄԱՐԶԱԴՊՐՈՑԸ՝ ՄԵՏԱՂԻ ՋԱՐԴՈ՞Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես տեղեկացանք Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանից, Հայաստանը ներկայացնող 10 պատանի գեղասահորդներ մասնակցել են Դուբայում կայացած միջազգային մրցաշարին, եւ նրանցից մի քանիսը տարբեր տարիքային խմբերում զբաղեցրել են մրցանակային տեղեր:
Ճիշտն ասած, դա թե՛ մեզ, թե՛, համոզված ենք, մարզասերներին զարմացրեց: Զարմացրեց այն պարզ պատճառով, որ Հայաստանում այսօր գործում է ընդամենը մեկ սահադաշտ եւ այն էլ՝ ոչ ամբողջ տարին: Ընդ որում, այդ սահադաշտն էլ պատկանում է մասնավոր ընկերության՝ ԲԱՄՕ-ին, որը կարող է այն պարզապես չտրամադրել պարապմունքների համար: Իսկ Կարապի լճի՝ ձմռանը գործող սահադաշտը քիչ բան է փոխում ընդհանուր տխուր պատկերում: Երեւի մարզասերները, հատկապես հոկեյի սիրահարները, կհիշեն, որ 2010թ. ապրիլին Երեւանի մարզահամերգային համալիրում անցկացվեց տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության երրորդ դիվիզիոնի առաջնությունը, որտեղ հիմնականում ամերիկահայ հոկեյիստներով համալրված Հայաստանի հավաքականը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: Իհարկե, դրան հետեւեց որակազրկումը (հավաքականի կազմում ընդգրկված էին ՀՀ քաղաքացիություն կամ կեցության կարգավիճակ չունեցող խաղացողներ), եւ այժմ պարզ չէ՝ Հայաստանն ունի հավաքական, թե ոչ: Բայց դա այլ խոսակցության թեմա է: Իսկ ընդհանրապես դժվար է պատկերացնել հոկեյի թիմ մի երկրում, որտեղ չկա ամբողջ տարին գործող գեթ մեկ սահադաշտ, եւ որտեղ առաջնություն էլ հնարավոր չէ անցկացնել:
Երեւի միջին ու մեծ տարիքի մարզասերները, սպորտին մոտ կանգնած մարդիկ կհիշեն, որ Խորհրդային Հայաստանում գործում էր գեղասահքի երկու մարզադպրոց, որոնք, բնական է, ունեին իրենց սահադաշտերը: Նրանցից մեկը գործում էր նախկին 26 կոմիսարների շրջանում եւ երկրի անկախացումից հետո վերածվեց կոշիկի ու երշիկի արտադրամասի: Այդ նույն տարիներին Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ, երջանկահիշատակ Սամվել Խաչատրյանի ջանքերով Շենգավիթի թաղապետարանի ենթակայության ներքո շարունակում էր գործել մարզադպրոցը, բայց նրան 4-5 տարի առաջ ազատեցին աշխատանքից, որից հետո սառույցը հալեցրին, իսկ մարզադպրոցը դարձրին ալյումինապատ պահեստ: Ու չի բացառվում, որ մի օր էլ այդ ալյումինը կվաճառեն որպես մետաղի ջարդոն: Մինչդեռ հարկ է  նշել, որ անցած տարիներին սահադաշտեր են կառուցվել ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Վրաստանում:
Վերադառնալով սկզբում ներկայացված տեղեկատվությանը` տխրությամբ նշենք, որ հայ պատանի գեղասահորդները Դուբայ են մեկնել մի քանի օր շուտ, որպեսզի կարողանան գոնե այնտեղ մի քիչ մարզվել:  

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս