ՊԶՈՒԿ, ՆԱԽԱՐԱՐ, ՍՊԱՆՎԱԾ ԶԻՆՎՈՐ ՈՒ ԱՆՍԱՐՔ ԶԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի զորամասերից մեկում տեղի ունեցած զինվորի սպանության դեպքին հաջորդած իրադարձություններն աներեւակայելի կայծակնային էին ու դաժան: Ծնողներն այն աստիճան զայրացած էին, որ իրենց երեխայի դին վերցրել, բերում էին ՀՀ կառավարության դիմաց, սակայն Սեւանի մայրուղուց առաջ չանցան: Իսկ ՊՆ-ն անդրդվելիորեն պնդում է, թե մեղավորը մահացողն է:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿՐԱԿՈՑ

Մայիսի 15-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել է: Իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Նա գտնվում է ՀՀ ՊՆ կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում: «Տղայիս վիճակը կայուն ծանր է, բժիշկներն այն համարում են դրական: Այլ բան չգիտեմ»,-«Ժողովուրդ»-ին հայտնեց զինվորի հայրը՝ Վաղինակ Սարգսյանը:
Հավելենք, որ փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով): Կատարվում է նախաքննություն: Դ. Խաչատրյանը ձերբակալված է:

ԴԻՆ ՉՏԵՂԱՓՈԽԵՑԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 18-ին սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի ծնողները, չհաշտվելով որդու  սպանության մտքի հետ, ինչպես նաեւ որդու սպանության իրական պատճառները հասկանալու համար, ի նշան բողոքի, որոշել էին նրա դին տեղափոխել Երեւան եւ դնել կառավարության շենքի մոտ: Վերջիններիս այս որոշմանն ամեն կերպ փորձեցին խոչընդոտել ռազմական ոստիկանության,  ՃՈ եւ ոստիկանության աշխատակիցները: Ստեղծված լարված իրավիճակը փորձեցին կարգավորել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, որոնք Սեւան-Երեւան ավտոմայրուղում հանդիպեցին սպանվածի հարազատներին: Ծնողները, ինչպես ոստիկանապետից, այնպես էլ պաշտպանության նախարարից, պահանջում էին սպանող զինվորին բերել, կանգնեցնել ավտոճանապարհին եւ «գյուլել»: Նրանք չէին հավատում, որ սպանությունը պատահական է եղել: Սակայն երբ Վլադիմիր Գասպարյանը եւ Սեյրան Օհանյանը խոստացան օբյեկտիվ քննություն իրականացնել, ծնողները փոքր-ինչ խաղաղվեցին՝ հրաժարվելով իրենց մտադրությունից: Ի վերջո, Լյուքսի դին ամփոփվեց Վերին Գետաշեն գյուղում: Իսկ Ս. Օհանյանը համբուրեց զինվորի ճակատը՝ խոստանալով անաչառ քննություն:
Համաձայն քաղաքային իշխանությունների հաղորդած տեղեկության՝ սպանվածի հարազատներն ի սկզբանե մտադրություն չէին ունեցել դին Երեւան տեղափոխել: Գիշերը նրանց ինչ-որ մարդիկ են այցելության գնացել, որից հետո մտափոխվել են: Իսկ թե ովքեր են նրանք, ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը դեռ պարզում են:
Հավելենք, որ այդ օրը մեր գործընկերներից շատերին պարզապես արգելվել էր գործունեություն ծավալել, ավելին, նրանց մի մասի նկարահանած կադրերը պարզապես վերցրել ու ջնջել են անհայտ մարդիկ: Այս կապակցությամբ «Կենտրոն» հ/ը-ն տվել է հաղորդում հանցագործության մասին:
Ո՞Վ, ԻՆՉՈ՞Ւ ՍՊԱՆԵՑ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողներին տեղեկացրել էր, թե Նոյեմբերյանի զորամասում արթուն հերթափոխում գտնվող զինծառայողներ Լյուքս Ստեփանյանի, Հրաչյա Սարգսյանի եւ մյուս կողմից՝ պահակատան դիմաց զինված հերթափոխ իրականացրած ժամապահի՝ ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Խաչատրյանի  միջեւ միջանձնային կոնֆլիկտ է եղել, Դ. Խաչատրյանը Լյուքս Ստեփանյանին ասել է, որ պզուկ կա նրա վրա, Լ. Ստեփանյանն ու Հ. Սարգսյանն էլ հորդորել են չվիրավորել: Արդյունքում վիճաբանություն է ծագել, Դ. Խաչատրյանը կրակել է Լ. Ստեփանյանին, իսկ Հ. Սարգսյանը գլխից վիրավոր է:
«Կրակած զինվորը պահակատան մուտքն էր հսկում, որպեսզի կողմնակի մարդիկ մուտք չգործեին: Որեւէ մեկը չպետք է ժամապահին, ով ծառայություն է կատարում պահակատան մուտքի մոտ, կտրի իր ծառայությունից: Բայց նրանք շեղվել ու վիճաբանել են»,-մանրամասնել է նախարարը: Մինչդեռ սպանված զինծառայողի ծնողները՝ Աշխարհիկ (Իշխան) ու Լուիզա Ստեփանյանները, եւ հարազատները տեղեկություն ունեն, որ նախքան կրակոցը զինվորների միջեւ վեճ է առաջացել, բարձրաձայն վիրավորել են միմյանց, հայհոյել, իսկ հրամանատարական կազմից միջամտողներ չեն եղել: «Ծխարանի ու պահակակետի միջեւ հեռավորությունը եղել ա 30 մետր, բայց 30 մետրի վրա հնարավո՞ր է՝ որ իրար վիրավորեն, նա էլ ավտոմատ պահի վրաները: Ճիշտը չեն ասում, կռիվն այլ ձեւ է եղել»,-վրդովված նշեց սպանված զինվորի հարազատներից մեկը:
Նկատենք, որ եթե նախարարի մակարդակով իրադարձության մանրամասները տանում են դեպի «պահակային ծառայություն» իրականացնող զինվոր, նշանակում է, որ նրան կարող են նաեւ արդարացնել՝ ընդ որում միանգամայն օրինական հիմքերով: Բանն այն է, որ բանակում հստակ ֆիքսված է՝ «պահակակետի զինվորն անձեռնմխելի է եւ կարող է կրակել յուրաքանչյուրին, որն իրեն կասկածելի թվա, այդ թվում եւ սպային, եթե նա չգիտի գաղտնաբառը»:

ԶԵՆՔՆ ԻՆՔՆԻՐԵ՞Ն Է ԿՐԱԿԵԼ

Ինչեւէ, թեեւ նախարարը նշում է, որ տղաների միջեւ միջանձնային կոնֆլիկտ է եղել, այնուամենայնիվ, սպանող Դավիթ Խաչատրյանի եղբայրը՝ Վարդան Խաչատրյանը, միանգամայն այլ բան պատմեց. «Դավիթը ողջ կյանքում կռիվ չի արել, եւ ագրեսիվ տղա չէ: Նա սովորող տղա է: Այսքան ժամանակ մի անգամ դժգոհություն չի ունեցել բանակից եւ նույնիսկ լավ ծառայության համար արձակուրդ եկավ: Այս ընթացքում ինչ ասես չլսեցինք, թե սա է եղել պատճառը կամ այն է եղել: Ես իմ եղբոր հետ անձամբ խոսել եմ, եւ նա ինձ ասել է, որ ոչ ոքի չի ցանկացել սպանել: Դա միամիտ է ստացվել»:
Եղբայրն ասաց, որ Դավիթը պատմել է, թե իր «զենքի վրա ինչ-որ դետալ կա պակաս, որի մասին նաեւ տեղյակ է եղել աֆիցերական կազմը, կամանդիրները». «Մինչեւ այս դեպքը նույնիսկ զանգել էր ինձ եւ ասել, որ զենքի վրա դետալ կա պակաս, միգուցե դա է եղել պատճառը, որ կրակվել է: Հազար բան կա, ի՞նչ իմանամ: Բայց մի բան հաստատ գիտեմ, որ եղբայրս ինձ երբեք չէր խաբի, իր բերանի խոսքերն եմ ասում: Նա ինձ ասաց, որ իր մոտ ընկերներն են այդ տղաները, ո՞նց ինքը կարող էր նրանց հետ կռվել կամ սպանել: Մահացած զինվորը սաղ կյանքն իմ աչքի առաջ կլինի: Այնքան վատ վիճակում ենք մենք եւ շատ ցավում ենք: Նույնիսկ չենք կարողանում գնալ, մահացածի հարազատների հետ խոսել»:
Եղբոր խոսքով՝ «մնում է՝ քննությունը պարզի, թե զենքի վրայից այդ դետալի բացակայությունից արդյոք հնարավոր է, որ ակամա կրակոց լինի»: Իսկ ինչ վերաբերում է սպանված Լյուքսի հարազատների շրջանում պտտվող խոսակցություններին, թե սպանողը եղել է գեներալի որդի, որին ուզում են «փրկել», ապա դա պարզապես ճիշտ չէ: Համենայնդեպս, սպանության համար ձերբակալված զինվորի ընտանիքը, ըստ նրա եղբոր, «պադվալային հարկում ապրող մարդիկ են». «Եկե՛ք, տեսե՛ք, հայրս բանվոր է, մայրս մանկական պոլիկլինիկայում բուժքույր է, ես դպրոցում փականագործ եմ, մյուս եղբայրս էլ՝ բնակարանի ռեմոնտչիկ, էդ ենք մենք, էդ է մեր եղածը»:

ՀԱՅՐԸ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ

Սպանված զինվորի հայրը՝ Իշխան Ստեփանյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, թե իր որդին ոչ մեկի հետ խնդիր չի ունեցել. «Իմ երեխան ոչ մի դժգոհություն չի ունեցել, ես մշտապես խոսել եմ իր հետ՝ օրվա մեջ մի երկու անգամ: Զորամասում մի անգամ եմ ընդամենը եղել, եւ տղաս անգամ թույլ չէր տալիս, որ մենք գնանք, իրեն տեսնենք, ասում էր՝ ամեն ինչ լավ է ինձ մոտ: Ցավալին այն է, որ տղաս սովորող էր եւ ասում էր՝ պալկովնիկ, աֆիցեր դառնամ: Երբեք որեւէ մեկից չի դժգոհել: 11 ամիս արդեն ծառայում էր: Ինձ ասում էր՝ պա՛պ, մեր զորամասում մեկը մյուսից լավն են»:
Հոր խոսքով` Լյուքսը պետք է ընդունվեր ոստիկանական ակադեմիա. «Դրանից մի շաբաթ առաջ օրենք փոխվեց, որ պետք է երեխան գնա բանակ, ծառայի, գա, նոր դիմի՝ ընդունվելու: Սրտի հետ կապված հիվանդություն ուներ, որի առնչությամբ համարվել է ոչ շարային: Չնայած դրան, խնդրեց իրեն ուղարկել առաջին գիծ՝ դիրքեր, հետո խնդրել էր փոխել տալ զինվորական գրքույկում գրված «ոչ շարային» բառերը»:

ԷԼԻ ՊՆ-Ն Է ՄԵՂԱՎՈՐ

Անկախ այն ամենից՝ միամիտ է կրակել զենքը Լյուքսի եւ Հրաչյայի ուղղությամբ, թե Դավիթը միտումնավոր է արել , երկու դեպքում էլ մեղավորը բանակի հրամանատարական կազմն է: Առաջինի դեպքում սպաներն ու հրամանատարը իմացել են, որ զենքը լավ չի աշխատում, սակայն միջոցներ չեն ձեռնարկել: Իսկ երկրորդի դեպքում հրամանատարները պարզապես տեղում չեն եղել եւ չեն կարողացել կանխել հանցանքը, ինչը պարտավոր էին: Ասել է թե՝ բանակում բարոյահոգեբանական մթնոլորտն իսկապես խաթարված է: Եվ սա եւս մեկ առիթ է՝ խորհելու, թե ովքեր են իրավիճակի իրական պատասխանատուները: Բայց փոխանակ սա անեն, բարձրաստիճան զինվորականները գործում են անձնական համակրանքներին ու հակակրանքներին տուրք տալով՝ արդյունքում ունենալով այսպիսի մթնոլորտ: Պատահական չէր, որ անմիջապես խոսակցություն տարածվեց, թե ՊՆ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Սակայն նման բան չկա: Պարզապես Սեյրան Օհանյանի եւ Խաչատուրովի վաղեմի գզվռտոցը դրսեւորման նոր առիթ ունեցավ: Ընդամենը: Իսկ ի՞նչ փոխվեց իրականում հայոց բանակում. առայժմ ոչինչ:
Ընդամենը հայտնի է, որ «համապատասխան պաշտոններից ազատված մարդիկ կան: Սակայն անունները կհրապարակվեն հրամաններից հետո միայն»:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պաշտոնից ազատվել են Տավուշի զորամասի հրամանատարները, ծառայության պետերը, որոնք պետք է հսկողություն եւ ստուգումներ իրականացնեին զորամասում:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս