Ցանկացած կոնֆլիկտ, որի մեջ ներգրավված է թեկուզ եւ Հայաստանի մեկ բարեկամ երկիր, ազդում է մեր վրա. Ստեփան Սաֆարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականը Մերձավոր Արեւելքի համար մեկնարկեց նոր լուրջ հիմնախնդրով՝ Սաուդյան Արաբիա-Իրան հակամարտութամբ, որը գնալով նոր թափ է առնում: Երկու երկրների միջեւ լարվածությունն ավելի խորացավ այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայում մահապատժի ենթարկվեցին 47 մարդ, այդ թվում շիա հոգեւորական Նիմր ան-Նիմրին:

Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանի հետ` հասկանալու համար, թե ինչ կարելի է սպասել շարունակվող այս հակամարտությունից, եւ արդյոք այն որեւէ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա:

-Պարո՛ն Սաֆարյան, Սաուդիան Արաբիա եւ Իրան հետզհետե թափ հավաքող հակամարտությունը, փաստորեն, լարվածության նոր օջախ է ստեղծում մեր տարածաշրջանում: Ինչպիսի՞ զարգացումներ կարող ենք ակնկալել:

-Այս հակամարտությունը նախապատմություն ունի, եւ նոր չէ, որ Սաուդիան Արաբիան եւ Իրանը կոնֆլիկտներ ունեն: Պարզապես սիրիական ճգնաժամի վերջին շրջադարձերը` սկսած ԱՄՆ-ի կողմից գլխավորված կոալիցիայից, վերջացրած Ռուսաստանի միջամտությամբ, ավելի մեծ պրոբլեմներ ստեղծեցին: Իմ գնահատմամբ Սաուդիան Արաբիան փորձում էր ամեն ինչ անել՝ թույլ չտալու համար Իրանի ապաշրջափակումը: Եւ պատահական չէր, որ հունվարի սկզբին նրանք իրականացնում են մահապատիժ մի շարք անձանց նկատմամբ, այդ թվում շիա հոգեւորականի:

Սաուդիան Արաբիան փորձում է ցույց տալ, որ, այ, տեսեք, թե ինչ է նշանակում սանկցիաներից ազատված Իրանը: Ահավասիկ այդ իրադարձությունները գրգռեցին Սաուդիան Արաբիայի եւ Իրանի հարաբերությունները, բայց չկանխեցին Իրանի ապաշրջափակումը եւ սանկցիաներից դուրս գալը: Մինչդեռ դա Մերձավոր Արեւելքում բերեց բավականին լուրջ դիմակայության եւ այս պահի դրությամբ այն մարելու նշաններ դեռեւս ցույց չի տալիս:

Արդյոք այս հակամարտությունը որեւէ անդրադարձ կարո՞ղ է ունենալ Հայաստանի վրա:

-Ցանկացած կոնֆլիկտ, որի մեջ ներգրավված է թեկուզ եւ Հայաստանի մեկ բարեկամ երկիր, ազդում է: Անգամ Հայաստանի հետ որեւէ կոնֆլիկտով կապված երկիր ազդում է մեր վրա: Իրանի եւ Սաուդիան Արաբիայի դիմակայությունը երկու ազդեցության խողովակ ունի Հայաստանի վրա: Առաջինը այն է, որ մեր բարեկամ երկիր Իրանն է այդ կոնֆլիկտի կողմերից մեկը, հետեւաբար դա Հայաստանին կանգնեցնում է որոշակի դիրքավորման առջեւ: Որքան էլ Սաուդիան Արաբիան Հայաստանը չճանաչած երկրներից է ԼՂՀ հակամարտության պատճառով, այնուամենայնին, մեր հարաբերությունները վատ չեն: Դիրքավորման խնդիրը կարեւոր հարց է եւ ազդում է Հայաստանի վրա:

-Պարո՛ն Սաֆարյան, այս հակամարտության հետեւանքով արդյո՞ք հայ-իրանական հարաբերություններում որեւէ էական փոփոխություններ տեղի կունենան, եւ արդյո՞ք դա կարող է ազդել հայ-իրանական տնտեսական նախագծերի իրականացման վրա:

-Այս պահին չգիտեմ՝ Իրանը ինչ է ակնկալում Հայաստանից: Ակնկալում է, որ Հայաստանը որոշակի դիրքորոշում հայտնի Սաուդիան Արաբիայի կոնֆլիկտի հանդեպ, թե ոչ: Բայց Հայաստանը այդտեղ խուսանավելու տեղ ունի, որովհետեւ Իրանը ԼՂՀ հակամարտության հարցով նույնքան ճկուն է պահում իրեն: Հայաստանն էլ հնարավորություն ունի նույնքան ճկուն դիրքավորվել իրանական թնջուկի նկատմամբ:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս