Հայաստանի տնտեսությունը շնչահեղձ անողները հենց նույն իշխանավորներն են. պետբյուջեն թերակատարվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական վիճակագրությունը սկսել է ամփոփել անցած 2015 թվականը, եւ առկա տվյալներն արդեն իսկ տխուր պատկեր են նկարագրում: Այսպիսով՝ անցած տարվա պետական բյուջեի պլանով հարկեր եւ տուրքերից ստացվող եկամուտները պետք է կազմեին 1 տրիլիոն 140 միլիարդ 312 միլիոն դրամ: Սակայն ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ անցած տարվա ընթացքում ընդհանուր հավաքագրվել է 1 տրիլիոն 65 միլիարդ 644 մլն դրամի հարկեր եւ տուրքեր:

Այսինքն՝ Հայաստանի պետական բյուջեն անցած տարվա ընթացքում թերակատարվել է մոտ 75 միլիարդ դրամի չափով, կամ նույնն է թե՝ շուրջ 7 տոկոսով: Ի դեպ, 2015-ի պետական բյուջեով նախատեսված ծախսերը կազմել են 1 տրիլիոն 329 միլիարդ 172 միլիոն դրամ: Ըստ պլանի՝ անցած տարվա պետբյուջեի դեֆիցիտը պետք է կազմեր 121 միլիարդ 818 միլիոն դրամ: Սակայն նախատեսվածից պակաս հարկային մուտքերի հավաքագրման արդյունքում բյուջեի դեֆիցիտը մեխանիկորեն պակասուրդի չափով ավելանում է: Այսինքն՝ չնայած 2015 թվականի բյուջեի դեֆիցիտի պաշտոնական թիվը դեռեւս չի հրապարակվել, սակայն ակնհայտ է, որ այն կազմելու ավելի քան 200 միլիարդ դրամ:

Հարկային մուտքերից հատկապես նվազել են ավելացված արժեքի հարկից հավաքագրված միջոցները: 2014-ին ԱԱՀ-ի մասով հավաքագրված է եղել 440 միլիարդ 361 մլն դրամ, այս տարի այդ ցուցանիշը կազմել է 423 միլիարդ 933 մլն դրամ: Այս հանգամանքը ուշագրավ է, քանի որ ԱԱՀ-ն է այն հարկատեսակը, որը բնորոշում է տնտեսությունում տիրող իրավիճակը: Այսինքն՝ եթե տնտեսությունը զարգանում է, ապա ԱԱՀ-ն չի կարող նվազել: Զարգացումը ենթադրում է նոր միջոցների շրջանառություն, նոր ներդրումների առկայություն եւ այսպես շարունակ: Իսկ այդ ամենը չի կարող չհանգեցնել ԱԱՀ-ի մուտքերի աճի: Սակայն, երբ ԱԱՀ-ն սկսում է նվազել, այն էլ ամբողջ 4 տոկոսով, ապա դա նշանակում է, որ տնտեսությունը ետընթաց է ապրում, այն դադարել է զարգանալ: Եթե իրավիճակը ընտանիքի օրինակով նկարագրենք, ապա ստացվում է, որ 2015-ին Հայաստանի հնարավորությունները նախորդ տարվա համեմատ նվազել են, եւ սոված չմնալու համար պետություն-ընտանիքը սկսել է նախորդ տարիների կուտակած գումարները մսխել, ինչպես նաեւ նոր պարտքեր է կուտակել:

2015 թվականի պետական պարտքի վերջնական թիվը դեռեւս չի հրապարակվել, սակայն տասնմեկ ամիսների արդյունքներով պետական պարտքը 2015 թվականին աճել է 371 միլիոն 902 հազար դոլարով, որից 276 միլիոն 653 հազար դոլարը արտաքին պարտքն է: Մասնավորապես, անցած տարվա սկզբին Հայաստանի պետական պարտքը եղել է 4 միլիարդ 441 մլն 524 հազար դոլար, իսկ այս տարվա նոյեմբերի 30-ի դրությամբ այն արդեն կազմել է 4 միլիարդ 813 մլն 426 հազար դոլար:

Այն փաստը, որ նման ծավալի գումարների հոսքի պայմաններում անգամ ԱԱՀ-ի գծով պետբյուջեի մուտքերը նվազել են, վկայում է, որ վարկային միջոցները, մեղմ ասած, մսխվել են: Պատկերացրեք՝ դուք վարկ եք վերցնում եւ այն ծախսելուց հետո պարզվում է, որ ձեր ընտանիքի կենցաղային խնդիրների հետ կապված հոգսերը դրա արդյունքում ոչ միայն չեն պակասել, այլ մի բան էլ ավելացել են: Սա հնարավոր չէ այլ կերպ բնորոշել, քան ֆինանսական միջոցների վատնում:

Ի դեպ, ըստ պաշտոնական վիճակագրության՝ անցած տարվա տասնմեկ ամիսների արդյունքներով Հայաստանից արտահանման ծավալները նախորդ` 2014 թվականի համեմատ նվազել են 4,7 տոկոսով: Տվյալ դեպքում խոսքն արտահանումից Հայաստան եկող գումարների` մոտ 67 մլն դոլարով նվազման մասին է: Մյուս կողմից՝ ինչպես հայտնի է՝ տրանսֆերտները անցած տարի, նախորդ 2014-ի համեմատ, կտրուկ նվազել են: Մասնավորապես, 2015-ի նոյեմբերին բանկերի միջոցով Հայաստան ուղարկված ոչ առեւտրային տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 68 մլն 415 հազար միլիոն դոլար: Ինչպես հայտնի է՝ զուտ ներհոսքը ՀՀ եկած եւ ՀՀ-ից արտերկիր փոխանցված գումարների տարբերությունն է: 2014-ի նոյեմբերին Հայաստան փոխանցված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 90 մլն 166 հազար դոլար, իսկ 2013-ին այդ ցուցանիշը եղել է 140 մլն 177 հազար դոլար: Այսինքն՝ Հայաստան եկող տրանսֆերտները, ինչպես ողջ տարվա ընթացքում, շարունակում են նվազել: Սա այն դեպքում, երբ Հայաստանի տնտեսության հիմնական շարժիչ ուժը հենց տրանսֆերտներն են: Այսինքն՝ տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունների գործողություններն ուղղված են եղել տնտեսության զարգացման դեմ: Մեկը մյուսին հաջորդող կառավարությունները տարեցտարի ավելի են կենտրոնացրել տնտեսությունը՝ այն բաժանելով տարբեր մենաշնորհների միջեւ: Սակայն տրանսֆերտների մեծ հոսքերի պայմաններում տնտեսությունը շարունակել է գործել: Իշխանություններին հարկավոր չի եղել ինչ-որ բարիք ստեղծելու մասին մտածել:

Նրանց գործողությունները ուղղված են եղել այն բանին, որ Հայաստան եկած գումարները վերջնահաշվարկում հայտնվեն իրենց գրպաններում: Սակայն վերջին երկու տարիներին արտաքին աշխարհում տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես նավթի գնի կտրուկ անկման արդյունքում ռուսական ռուբլու արժեզրկումը, հանգեցրին նրան, որ Հայաստան եկող տրանսֆերտները գնալով նվազեցին: Նման պայմաններում Հայաստանի տնտեսությունը լիարժեք փլուզումից փրկելու համար հարկավոր է, որ կառավարությունը սկսի արդյունավետ գործել, եւ տնտեսական զարգացման հնարավորություններ ստեղծվեն: Սակայն տնտեսական զարգացման հեռանկարներն ուղղակի հակասության մեջ են ներկա իշխանությունների անձնական շահերի հետ, քանի որ Հայաստանի տնտեսությունը շնչահեղձ անողը հենց նույն իշխանավորներն են: Այլ կերպ ասած, մոտ ապագայում Հայաստանի տնտեսությունը շարունակելու է ետընթաց ապրել, քանի որ այդ գործընթացը կարող է շտկվել միայն իշխանափոխության դեպքում:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս