ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ ԷՐ, ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած գյուղացիները միլիոնավոր դրամների  վնասներ են կրել, եւ անցած օրերին թե՛ փոխվարչապետը, թե՛ գյուղնախարարն ու մարզպետը հայտարարել են, որ պետությունն անպայման օգնելու է գյուղացիներին:  Սակայն ՀՀ կառավարությունը դանդաղում է աջակցության ժամկետներն ու պայմանները նշելու հարցում: Ավելին, կառավարության այսօրվա նիստում այս հարցը դեռ նոր պետք է քննարկվի, համապատասխան մարմինները դեռ նոր պետք է զեկուցեն, կարծիքներ եւ տեսակետներ հայտնեն, իսկ  գյուղացու համար յուրաքանչյուր անցած օրը թանկ է: Չէ՞ որ «ամառվա օրը տարի է կերակրում»:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Արմավիրի մարզում տեղացած կարկուտը մեծ վնասներ էր հասցրել ավելի քան 43 համայնքների: Զայրացած գյուղացիները մի քանի անգամ փակել էին Արմավիր-Երեւան ճանապարհը՝ պետությունից պահանջելով կարկուտի հետեւանքով կրած վնասների փոխհատուցում: Արդեն ավարտվել են վնասի չափերի ճշգրտման եւ գույքագրման աշխատանքները, ինչից հետո հնարավոր կլինի որոշել կառավարության աջակցության հիմնական ուղղությունները:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն օրեր առաջ Ազգային ժողովում հայտարարեց. «Առաջին օրվանից մենք այդ հարցով զբաղվում ենք: Խորհրդակցության արդյունքում տրվել են հստակ հանձնարարականներ, ստեղծվել են աշխատանքային խմբեր: Իսկ եթե խոսքը փոխհատուցման մասին է, ապա փոխհատուցում չի լինելու, լինելու է օգնություն: Անգամ ամենազարգացած երկրներում տնտեսվարող սուբյեկտին փոխհատուցում կառավարությունը չի տրամադրում: Բայց մենք անպայման օգնելու ենք գյուղացիներին: Մենք առարկայական, ամենօրյա աշխատանք ենք տանում»: Թե ինչով է կառավարությունն  օգնելու գյուղացուն, դեռ անհայտ է: Սակայն գյուղնախարար Սերգո Կարապետյանը  ֆինանսական օժանդակություն է խնդրում այն քաղաքացիներից, որոնք ցանկություն ունեն օգնել եւ հանգանակություն կատարել:
ԳՆ փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն էլ «Ժողովուրդ»-ին վստահեցրեց, որ գյուղացիական տնտեսություններին տրամադրվելու են ոչ միայն եգիպտացորենի եւ արեւածաղկի սածիլներ, այլեւ լոլիկի, վարունգի, ձմերուկի, սեխի եւ առվույտի սածիլներ ու սերմացու. «Ընդհանուր առմամբ, մոտ 24 տոննա սերմացու է լինելու: Ընդ որում, առաջարկվելու է մի քանի տեսակի սերմացու»:
Ի դեպ, որ Տիգրան Սարգսյանն ավելի վաղ հայտարարել էր, թե պետությունն օգնելու է միայն սոցիալապես անապահովներին: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչ սկզբունքով է որոշվելու՝ որ ընտանիքն է անապահով, փոխնախարարը պատասխանեց. «Գյուղն ունի մարզային եւ համայնքային հանձնաժողով, եւ իրենք են որոշելու, թե որ ընտանիքն ինչ օգնության կարիք ունի: Մենք սոցապնախարարություն չենք, որ որոշենք՝ որ ընտանիքն ինչ չափի անապահով է: Տուժածների թվում կան սեփականատերեր, որոնք ունեն տասնյակ հողատարածքներ եւ այլ բիզնեսներ, կարծում եմ, որ բարոյական չի լինի, իրենք իրենց թույլ չեն տա օգնության խնդիր դնել»:
Տեղեկացնենք նաեւ, որ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նամակ է ուղղել ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին` խնդրելով առեւտրային բանկերի հետ քննարկել կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին տրամադրված վարկերի սառեցման հարցը եւ հնարավորության դեպքում ժամանակ տրամադրել այդ վարկառուներին, որպեսզի նրանք կրած վնասներից հետո կարողանան ոտքի կանգնել եւ շարունակել վարկերի մարումը:
Արթուր Ջավադյանը պատասխանել է պատգամավորին՝ ասելով, որ ԿԲ-ն արդեն իսկ նախաձեռնել է համապատասխան գործընթացներ ՀՀ առեւտրային բանկերի հետ նշված խնդիրների կարգավորման ուղղությամբ: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ներկայումս առեւտրային բանկերն աշխատանքներ են իրականացնում կարկտահարությունից տուժած գյուղական համայնքների բնակիչների շրջանում: Բանկերի կողմից անհատական մոտեցում է ցուցաբերվում յուրաքանչյուր վարկառուի խնդիրները հնարավորինս արդյունավետ կերպով լուծելու նպատակով:
Կարկուտից տուժած 43 համայնքների բնակիչները, Հայաստանում գործող բանկերից բացի, օգտվել են նաեւ այլ վարկային կազմակերպություններից:
«Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպության գործադիր տնօրեն Մարիամ Եսայանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ իրենց կազմակերպությունն այս պահին  աշխատում է ԿԲ-ի հետ. «Բոլոր ֆինանսական ինստիտուտները տեղեկատվություն են տրամադրում այն մասին, թե ինչպիսի ծավալների է հասնում տուժած համայնքների վնասի չափը: Բնականաբար, մենք մեր անմիջական հաճախորդ համայնքներում մեր սեփական գույքագրումը եւս կանենք: Թեկուզ չարձանագրված ֆորս մաժոր վիճակներում ճիշտ է, որպեսզի համընդհանուր մոտեցում լինի: Այսինքն՝ յուրաքանչյուրն էլ շահագրգռված է ելքեր գտնել իր վարկառուի համար: Եվ որպեսզի իզալացված լոկալ ինչ-որ աշխատանքների չվերածվի, մենք հիմա ԿԲ-ից ակնկալում ենք ստանալ հրահանգ, թե ինչ միջոցառումներ են նախապատրաստվում եւ ակնկալվում մեզնից»:
Իսկ «Կամուրջ» վարկային կազմակերպության տնօրեն Գագիկ Վարդանյանը խոստովանեց, որ գյուղացիական տնտեսություններին օգնելու դեպքում իրենց վարկային կազմակերպությունը մեծ վնասներ կկրի. «Ամեն դեպքում, պետք է հասկանալ, որ իրենք հիմա ի վիճակի չեն այդ գումարները վճարել: Իրենց օգնելու դեպքում կտուժի մեր կազմակերպությունը, բայց դրա հետ պետք է հաշտվել կամ ինչ-որ կոմպրոմիսային ճանապարհ գտնել, որպեսզի ո՛չ գյուղացիները տուժեն, ո՛չ էլ կազմակերպությունը: Հիմա փորձում ենք գնահատել, թե կոնկրետ մեր վարկառուների որ մասն է տուժել եւ ինչ չափով: Կարծում եմ, որ որոշ փոփոխություններ կարող ենք անել, որպեսզի թեթեւանան տուժած գյուղացիների հետվճարային խնդիրները»:
Հ.Գ. Ավելի ուշ տեղեկացանք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, գյուղնախարար Սերգո Կարապետյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Կենտրոնական բանկի տնօրեն Արթուր Ջավադյանը եւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն Արմավիրի մարզպետարանում հանդիպել են կարկտահարությունից տուժած համայնքների բնակիչների եւ համայնքապետերի հետ: «Ժողովուրդ»-ն Արմավիր համայնքի ղեկավար Ռաֆիկ Մարգարյանից տեղեկացավ, որ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ որոշվել է, որ կարկուտից 100-տոկոսանոց տուժած գյուղացիները կազատվեն հողի գույքահարկից, ջրի վճարից, իսկ բանկերից վերցրած վարկերի տոկոսադրույքները կսառեցվեն: Նաեւ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի դրամական օգնություն: Իսկ թե ինչքան, գյուղապետը դժվարացավ ասել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս