Նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում գտնվող տներից մեկում Ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված խմբի գործով ուշագրավ բացահայտում են կատարվում: Շուրջ երկու ամիս է անցել, եւ դատելով մինչ այս ստեղծված իրավիճակից ու ԱԱԾ-ի կողմից խմբի անդամների հեռախոսային խոսակցություններից, հանդիպումներից՝ այս գործով կալանավորվածների թիվը կհասնի մի քանի հարյուրի:
Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ-ի՝ վնասազերծված հանցախումբը ձեռք բերված զենքերը պետք է ծառայեցներ Հայաստանում մի շարք ծանր հանցագործություններ իրականացնելուն: Եվ, ահա, մոտ օրերս կլրանա այս աղմկալի բացահայտում-ներկայացման երկու ամիսը, եւ մինչ օրս նախաքննություն իրականացնող մարմինը դեռեւս կոնկրետ չի ասում, թե որտեղ, ինչպես եւ, առհասարակ, ում նկատմամբ հարձակում պետք է իրականացնեին խմբի անդամները:
Գաղտնի զորավարժություններ
«Ժողովուրդ»-ին այս գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել այն մասին, թե ինչպես են ձերբակալվածներն ու կալանավորվածները ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննիչներին ներկայացրել խմբի անդամների եւ պարագլուխ Արթուր Վարդանյանի հեռախոսային խոսակցությունների վերծանումները: Բանն այն է, որ կալանավորված խմբի անդամների մեծ մասը քննիչների մոտ պնդել է, որ իրենք ահաբեկչական գործողությունների կա՛մ որեւէ անձի, կա՛մ, առհասարակ, հայի դեմ ոչինչ չէին անելու եւ ձեռք բերված զենքերը Ղարաբաղում կռվելու համար են պատրաստված եղել: Ի պատասխան վերջիններիս պնդումների՝ քննիչները կոնկրետ հարցեր են ուղղել կալանավորված անձանց:
Պարզվում է՝ ԱԱԾ քննիչները մինչ խմբի վնասազերծումը, լավ տեղեկացված են եղել, թե ինչով են զբաղվել խմբի անդամները մինչ կոնկրետ գործողությունների անցնելը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նրանք Լոռու մարզի Ծաղկաբեր համայնքում զորավարժությունների են գնացել, սար են բարձրացել եւ պայքարի ծրագրեր բեմադրել: Երբ ԱԱԾ քննիչները հետաքրքրվել են, թե ինչ զորավարժություն էր դա, կալանավորված անձանցից մի քանիսը պատասխանել են՝ Արթուր Վարդանյանն իրենց ասել է, որ այդ զորավարժությունը կատարում են, որպեսզի Լեռնային Ղարաբաղ գնալուց առաջ լավ պատրաստված լինեն: Քննիչների հարցին, թե ինչ գործ ունեին աղջիկները այդ զորավարժության ժամանակ, կալանավորված խմբի անդամները պատասխանել են, թե նրանք եղել են պարտիզանները:
Պարագլուխը գիտեր
Ինչեւէ: Այս աղմկալի գործով բացահայտումներն այսքանով չեն ավարտվում. «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ վնասազերծված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանը մինչ ԱԱԾ-ի կողմից ձերբակալվելը, տեղյակ է եղել, որ իրավապահները հետաքրքրվում են իրենցով: Իսկ ինչպե՞ս է նա տեղյակ եղել, որ ԱԱԾ-ն դուրս է եկել իրենց հետքի վրա: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ազգային անվտանգության ծառայությունը մինչ խմբի վնասազերծումը, հետաքրքրվել է թիմի բոլոր անդամների գործունեությամբ եւ անգամ տնետուն ընկնելով՝ հետաքննություն է կատարել, թե ինչ գիտեն խմբի անդամների հարազատներն իրենց ընտանիքի անդամների մասին: Ու երբ հիմնականում ազատամարտիկները Արթուր Վարդանյանից հետաքրքրվել են, թե ինչու է ԱԱԾ-ն իրենց մասին հարցուփորձ անում, վերջինս ասել է, թե մի խառնվեք իրար, ամեն ինչ կարգին է, եթե պետք լինի՝ իրավաբաններ կունենաք, եւ ոչինչ էլ չի լինի: Սակայն եղել են անձինք, ովքեր Արթուրին ասել են, թե չեն ցանկանում իր հետ գործ ունենալ եւ հրաժարվել են նրա հետ խոսելուց անգամ: Սակայն այդ քայլը նրանց չի փրկել: ՀՀ ԱԱԾ-ն անկախ այն հանգամանքից, որ ոմանք հրաժարվել են համագործակցել կամ հանդիպել Արթուր Վարդանյանի հետ, բոլորին մեկ առ մեկ «հավաքել է»: Անգամ մեկ հեռախոսային խոսակցությունը Արթուր Վարդանյանի հետ ճակատագրական է դարձել:
Համայնքի ղեկավարին հարցաքննել են
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Լոռու մարզի Ծաղկաբեր համայնքի ղեկավար Արթուր Սանթրոսյանը հայտնեց, որ իրավապահներն իրեն եւս հարցաքննել են. «Իրավապահները եկան, գնացին Արթուրի պապիկի տնակը, որը մեր համայնքում է, այնտեղ խուզարկեցին»: Ըստ նրա` ինքը տեղյակ չէ, որ Արթուր Վարդանյանը խմբի անդամների հետ համայնքում ինչ զորավարժություն է իրականացրել. «Գիտեմ, որ Արթուրը իր ընկերոջ հետ եկել էր մեր համայնք, մի քանի օր մնացել է, ինչը ես հետո եմ իմացել, որ մենակ չի եղել, ընկերոջ հետ է: Որոշ ժամանակ անց էլ Արթուրը իր բարեկամների հետ եկել էր պապիկի գերեզմաններ ու գնացել: Այլ տարօրինակ բան չեմ նկատել: Զորավարժություն, նման բան չգիտեմ»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԽՈԶԻ ԳՐԻՊԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Ինչպես հայտնի է՝ Հայաստանում սուր շնչառական վարակից, մասնավորապես H1N1 վիրուսից (խոզի գրիպ) մահացել է 16 մարդ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մահացած քաղաքացիներից մեկի հարազատը հունվարի 11-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ուշ երեկոյան գնացել է ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենք եւ օգնություն խնդրել` նշելով իր արարքների համար պատասխանատու չէ:
Այն, որ այս հիվանդությամբ վարակված քաղաքացիների մտերիմները հայտնվել են անելանելի վիճակում, ցույց է տալիս հենց հունվարի 11-ին Երեւանում ՀՀ կառավարության երրորդ մասնաշենքում տեղի ունեցածը: Ինչպես հայտնի է՝ հունվարի 12-ին H1N1 վիրուսից (խոզի գրիպ) մահացել էր Թալինի բնակիչ, 35-ամյա Լ. Մարտիրոսյանը, որը երկու երեխաների մայր էր: Վերջինս շուրջ մեկ շաբաթ հիվանդ է եղել եւ հիվանդանոց էր տեղափոխվել հունվարի 10-ին միայն, որից հետո կնոջ մոտ ախտորոշվել է H1N1 վիրուսը՝ խոզի գրիպ: Երիտասարդ կնոջ հարազատները հունվարի 11-ին՝ տեսնելով, որ նրա վիճակը գնալով բարդանում է եւ նա, այսպես ասած, ուռում է, խիստ անհանգստանում են: Մեզ հասած տեղեկություններով՝ Լ. Մարտիրոսյանի եղբայրը` Հովսեփ Մարտիրոսյանը, այլ ելք չունենալով՝ երեկոյան ուշ ժամի գնում է ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենք եւ փորձում ՀՀ առողջապահության նախարարությունից օգնություն խնդրել, սակայն տեսնելով, որ նախարարության դռները փակ են, հարվածում է մասնաշենքի դռներին՝ հայտարարելով, որ իր քայլերի համար պատասխանատու չէ, որ իրեն իր քրոջ կյանքն է պետք:
ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքը հսկող ոստիկաններին մի կերպ հաջողվում է հանգստացնել Հովսեփ Մարտիրոսյանին՝ խոստանալով բողոքը հասցնել ոլորտի պատասխանատուներին: Սակայն անգամ կապ տալուց հետո ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցները չեն արձագանքել, չեն իջել ու զրուցել քաղաքացու հետ:
Ու այս ամենից հետո առավոտյան հայտնի է դառնում, որ Հովսեփ Մարտիրոսյանի քույրը մահացել է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հովսեփ Մարտիրոսյանը հաստատեց, որ իրավապահներն են օգնել իրեն, որ նախարարությունում խառնվեն իրար եւ մի գործ անեն. «Մինչ այդ ուր ասես չեմ դիմել՝ էլ առողջապահության նախարարություն, շատ- շատ տեղեր, ոչ մի տեղում էլ չօգնեցին: Դրա համար այդ օրը գնացի այնտեղ , ասի՝ եկեք, օգնեք, թե չէ ես իմ արածների համար պատասխանատու չեմ, բայց…»:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ
27 ԳՈՐԾ Է ՔՆՆՎՈՒՄ
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գործընթացի հետ կապված խախտումների փաստերով հատուկ քննչական ծառայությունում քննվում են թվով 27 քրեական գործեր, եւս մեկը, ինչպես ավելի վաղ հաղորդվել է, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Նույնաբնույթ 7 այլ դեպքերով էլ շարունակվում է նյութերի նախապատրաստումը:
ՀՅՈՒԾՎԱԾ Է
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 2 ամսով կալանավորված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանի ընդհատված հացադուլին միացած Հայկ Կյուրեղյանն արդեն երկու օր է՝ նաեւ ջրադուլ է սկսել: Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, Aravot.am-ին ասել է, որ որդին արդեն հյուծվել է. «Առողջական վիճակը շատ վատ է: Հյուծված է ու հազիվ էր խոսում»:
ԻՐԵՆՑ ՎՐԱՅԻՑ «ԳՑԵՑԻՆ»
«Զվարթնոց»-ի ապամոնտաժման համար հիմք է ծառայել ՏԿԱԻՆ-ի եզրակացությունը: Այս մասին երեկ հրավիրված քննարկման ընթացքում ասել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետ Արբակ Վարդանյանը: «Համաձայն վերը նշված եզրակացության՝ օդանավակայանի օղակաձեւ շենքի տեխնիկական վիճակը գնահատվել է անբավարար /3-րդ աստիճան/, այն է՝ կոնստրուկտիվ տարրերի շահագործումը թույլատրելի է միայն համապատասխան ուժեղացման աշխատանքներից հետո: Հսկիչ աշտարակի տեխնիկական վիճակը գնահատվել է բավարար /2-դ աստիճան/, այն է՝ կոնստրուկտիվ տարրերը պիտանի են շահագործման համար, բայց պահանջում են կապիտալ որոշ նորոգում»,- ներկայացրել է Վարդանյանը: Այսպիսով` քաղաքապետարանը, փաստորեն, փորձում է այս վիճահարույց հարցում պատասխանատվությունն իրենից հեռացնել` այն դնելով ՏԿԱԻՆ-ի վրա:
ԴՐԱԿԱՆ ՄԻՏՈՒՄ
Երեկ հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել 234 քաղաքացի։ Նրանցից 108-ը մինչեւ 18 տարեկան են։ 100-ի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, 41-ը` երեխաներ։ Հանրապետության ծննդօգնության բժշկական ստացիոնարներում բուժում է ստանում 100 հղի եւ ծննդկան, 36-ի մոտ` թոքաբորբ։ Երեխաների եւ հղիների շրջանում ծանր հիվանդներ չկան: ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի ներկայացմամբ` հունվարի 18-ի դրությամբ շուրջ 30 տոկոսով նվազել է հղիների շրջանում հիվանդացությունը: