Թերթերի խմբագիրները հայտարարությունը տվել է բավականին դրական արդյունքներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր “Հրապարակ” օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, “Ժողովուրդ” օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը, “Ազգ” օրաթերթի ներկայացուցիչ Մարիետա Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձան հեղինակային և հարակից իրավունքի մասին օրենքում օրենսդրական փոփոխություններ կատարելու նախագծի անհրաժեշտությանը:
Տպագիր թերթերի խմբագիրների տարածած հայտարարությունը տվել է բավականին դրական արդյունքներ։ Այս մասին  ասաց “Ժողովուրդ” թերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը։
Նա նշեց, որ շատ կայքեր, որոնք ոչ բարեխիղճ էին գտնվում մամուլի տեսություններ ներկայացնելիս, այժմ կատարում են պատշաճ հղումներ, գրում են, որ շարունակությունը կարդալ թերթի այսօրվա համարում, “կարծում եմ՝ կհարթվի իրավիճակը”։
Նա նաեւ տեղեկացրեց, որ արդեն շրջանառության մեջ է դրվել  “Հեղինակային եւ հարակից իրավունքների մասին” օրենքում փոփոխություններ անելու նախագիծը, որում նշվում է թերթերից եւ կայքերից նյութեր օգտագործելու կանոնները, մասնավորապես՝ պարտադիր պետք է լինի ակտիվ հղում կիրառելը, նյութի այնպիսի օգտագործում պետք է լինի, որը չի բացահայտի նյութի ամբողջ էությունը, պետք է ֆիքսվի, որ շարունակությունը կարդալ թերթի այսօրվա համարում։ 
Օրենսդրական փոփոխությունների հեղինակը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն է, համահեղինակներն են՝ Գալուստ Սահակյանը, Դավիթ Հարությունյանը, “Ժառանգությունից”՝ Թևան Պողոսյանը, Դաշնակցությունից՝ Արծվիկ Մինասյանը, ՀԱԿ-ից՝ Գագիկ Ջհանգիրյանը: ԲՀԿ-ից այս պահին դեռ միացողներ չկան:
“Երկար սպասում էինք, որ դաշտը ինքնակարգավորման մեխանիզմներով կշտկվի, բայց հասկացանք, որ դա կարող է տեւել տարիներ եւ մեր աշխատանքից կօգտվեն պարազիտ կայքեր, պարազիտ մարդիկ, պետք է սահմանազատում լինի ով է լրատվամիջոցը, ով է լրագրողը, ովքեր են օգտվում դրանից”,- ասաց Արմիեն Օհանյանը։
Նա շեշտեց, որ երբ հասարակության մեջ չկարգավորված վիճակ է, տուժում է ամբողջ հասարակությունը, հատկապես՝ լրատվամիջոցները, “երբ երկու օրվա ընթացքում ստեղծված կայքերը հավասարվում են մեզ, ուզում են տեղ զբաղեցնել լրատվական դաշտում, եւ ստացվում է, որ չկա որեւէ չափանիշ, հաճախ նրանց  պատճառով մեզ կարող են լավ չվերաբերվել, չհարգել”։
Իսկ “Ազգե օրաթերթի ներկայացուցիչ Մարիետա Խաչատրյանը նշեց, որ օրենսդրական փոփոխությունները հիանալի առաջարկություն են, այժմ  թերթերի խմբագիրները պետք է գործնական քայլերով պարտադրեն ինտերնետային լրատվամիջոցներին հարգել իրենց հեղինակային իրավունքը, չվնասել իրենց աշխատանքին։  




Լրահոս