ԵԽԽՎ հակահայկական երկու զեկույցների` օրակարգ ընդգրկվելուց հետո իշխանությունները կենտրոնացրել էին իրենց ողջ ուժերը` ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում զեկույցների ընդունումը կանխելու համար: Ինչպես հայտնի է` այսօր ԵԽԽՎ լիագումար նիստում կքննարկվի երկու հակահայկական զեկույց, որոնցից մեկը բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված շրջաններում» զեկույցն է, մյուսը` Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր կերպով զրկվում են ջրից» զեկույցն է, որը վերաբերում է Սարսանգի ջրամբարին:
Հատկապես դեկտեմբեր և հունվար ամիսներին հիմնականում Հանրապետական խմբակցության պատգամավորները գործուղումների ընթացքում տարբեր հանդիպումներ են ունեցել եվրոպացի գործընկերների հետ` այս զեկույցների ընդունումը կանխելու նպատակով: Հունվար ամսին հատկապես նման հանդիպումների թիվը բազմաթիվ է եղել: Էդուարդ Շարմազանովը, Սամվել Ֆարմանյանը, Արտակ Զաքարյանն այս ընթացքում բազմաթիվ հանդիպումներ են ունեցել: Սամվել Ֆարմանյանի հետ միասին վերջին օրերին մի քանի երկրներում հանդիպումներ է ունեցել նաև Ալեքսանդր Արզումանյանը, ով նույնպես փորձել է եվրոպացի գործընկերներին բացատրել և ներկայացնել ստեղծված իրավիճակը:
Երեկ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ տեղեկացանք, որ Ա. Արզումանյանն ու Ս. Ֆարմանյանն այդ նպատակով եղել են Նորվեգիայում, Ֆինլանդիայում, Շվեդիայում, Դանիայում: Ինչպես երևում է` եվրոպացի գործընկերներին համոզելու գործին ներգրավված են եղել նաև ընդդիմադիր գործիչներ: ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը հեռախոսազրույցներ է ունեցել ԵԽԽՎ չորս պատգամավորի հետ և բացատրել իրավիճակը: Իսկ դեկտեմբերի 16-17-ը պատգամավորը գտնվել է Փարիզում, որտեղ քննարկվում էր միգրացիային վերաբերող խնդիրներ, որտեղ էլ ոչ պաշոտանական հանդիպում է ունեցել նաև ԵԽԽՎ արդեն նախկին ղեկավար Անն Բլասորի հետ: ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամները նույնպես բազում հանդիպումներ են անցկացրել:
Հավելենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում տարբեր վայրեր գործուղված պատգամավորների թիվն իրոք մեծ է եղել: Ազգային ժողովի ղեկավարությունն ինքն է որոշել, թե ով որ երկիր պետք է գործուղվեր և ում հետ պետք է հանդիպումներ ունենար: Այսպիսի մոբիլիզացիայի նպատակը միայն մեկն է` կանխել հակահայկական զեկույցների ընդունումը. թե որքանով դա կհաջողվի, պարզ կդառնա այսօր:
Նաիրա Հովհաննիսյան