Ո՞Վ Է ԴՐԴԵԼ ՍՊԱՆՎԱԾ ԶԻՆՎՈՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

6 օր է անցել Տավուշի մարզի զորամասերից մեկում սպանված զինվորի հուղարկավորությունից, սակայն  սպանությանը հաջորդած դեպքերը մինչ օրս շարունակում են քննարկվել  ամենատարբեր շրջանակներում, քանի որ տեղի ունեցածն իսկապես արտառոց էր: Իրավապահ մարմինների ներկայացուցիչների աչքի առջեւ ինչ-որ մարդիկ ջարդուփշուր են արել, փորձել շրջել այն ավտոմեքենան, որտեղ եղել է 20-ամյա Լյուքս Ստեփանյանի դին:
«Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչն է ստիպել զոհված զինվոր Լյուքս Ստեփանյանի  ծնողներին մայիսի 18-ին տղային հուղարկավորելու փոխարեն նրա դին տեղափոխել Երեւան: Այս հարցերի շուրջ նախ զրուցեցինք Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի ղեկավար Ռուբիկ Ղուկասյանի հետ:
Գյուղապետի վստահեցմամբ` մայիս 17-ին զինվորի ընտանիքի անդամները սպանված զինվորի դին Երեւան տեղափոխելու մտադրություն ընդհանրապես չեն ունեցել. «Այդ  գիշեր՝ մինչեւ երեկոյան ժամը 23:00-ն, եղել եմ Ստեփանյանների տանը, ու լրիվ որոշված էր, որ առավոտյան պետք է լինի զինվորի հուղարկավորությունը: Նույնիսկ զինվորական  նվագախմբի հետ պայմանավորվածություն կար, որ նրանք պետք է գան ու նվագեն: Այդպես ամեն ինչ կազմ-պատրաստ էր թաղման արարողության համար»:
Ըստ Ռ. Ղուկասյանի` վաղ առավոտյան՝ ժամը 8:00-ի սահմաններում, ինքը եւս մեկ անգամ գնացել է սպանված զինվորի տուն՝ համոզվելու՝ արդյոք ամեն ինչ կարգին է. «Տան մոտ զրուցեցի հարազատներից մեկի հետ, ու նա ինձ ասաց, թե տղային այսօր (մայիսի 18-ին-խմբ.) չեն թաղելու: Շատ զարմացա: Գնացի եւ հարցրի, թե Իշխա՛ն ջան, ի՞նչ է եղել, ինչո՞ւ ես փոխել որոշումդ: Ասաց, թե չեմ ուզում ու վերջ: Ես հասկացա, որ այստեղ մի բան այն չէ, եւ կողքից ինձ ասացին, որ «Զինվորի մայր» հասարակական կազմակերպությունից ինչ-որ մեկը առավոտյան եկել է ու ինչ-որ խոսակցություն ունեցել զինվորի հոր հետ, եւ որոշել են չթաղել տղային: Ավելի ուշ վերադարձա աշխատանքիս վայրը եւ իմացա, որ տղայի դին վերցրել են եւ որոշել գնալ Երեւան: Ծնողների մտադրության փոփոխությունը, ըստ խոսակցությունների, կապված է այս կազմակերպության ներկայացուցչի այցելության հետ: Իսկ թե դա ինչքանով է հավաստի, ես ոչինչ ասել չեմ կարող»:
Մինչ ծնողների մտադրության փոփոխության պատճառներին անդրադառնալը, նախ նկարագրենք, թե ինչ զրկանքների գնով են զոհվածի հարազատները փորձել հասնել Մարտունի-Երեւան ավտոճանապարհ: Նրանց ճանապարհը նախ փակել են ռազմական ոստիկանության մեքենաները, ինչպես նաեւ ոստիկանության աշխատակիցները` ամեն կերպ փորձելով խոչընդոտել նրանց մուտքը Երեւան: «Տանում եմ, որդուս դիակը տամ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին»,-ասում էր սպանվածի հայրը: Թափորը Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղից արդեն հասել էր Երեւան-Սեւան մայրուղու «Գայի պոստ»-ին, երբ ՌՈ եւ ոստիկանության ներկայացուցիչները փակեցին նրանց ճանապարհը, քաշքշուկ տեղի ունեցավ, ոստիկանները հրեցին ու բռնություն գործադրեցին սպանվածի հարազատների, համագյուղացիների նկատմամբ, կոտրեցին տեղում աշխատող լրագրողների տեսախցիկները, եւ այս ամբողջ ընթացքում զինվորի դագաղը կա՛մ համագյուղացիների ձեռքին էր, կա՛մ ուղղակի ասֆալտի վրա դրված, կա՛մ մեքենայի մեջ:
Քանի դեռ այս մասին լրատվամիջոցները չէին գրել, ոչինչ չէր հրապարակվել, իրավապահներն «ուղտի ականջում քնած էին»: Իսկ երբ հրապարակվեց այս ամոթալի դեպքերի նկարագրությունը, երեկ նոր հայտարարվեց, թե ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում մայիսի 18-ին Երեւան-Սեւան մայրուղում զինվորականների կողմից բռնություններ գործադրելու վերաբերյալ:
Բայց քանի որ դեպքի վայրում էր նաեւ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանը, զրուցեցինք նրա հետ՝ պարզելու, թե ինչու էին ծեծում զինվորի հարազատներին: «Ուրեմն լսե՛ք, մարդկանց ոստիկանությունն ընդհանրապես չի ծեծել: Եթե Դուք տեսաք, այնտեղ տարբեր ծառայություններ էին ընդգրկված, եւ պատռված համազգեստով ոստիկաններ նույնպես այդ քաշքշուկից կային: Մնացածը պարզե՛ք մեր մամուլի ծառայությունից»,-ասաց նա: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացանք, որ բողոք չլինելու պատճառով քրեական գործ չի հարուցվել:
Հիշեցնենք, որ սպանված զինվորի հարազատներին խոչընդոտող մեքենաների թվում եղել են նաեւ ՊՆ համարանիշերով մեքենաներ` ՊՆ 0222 Մ,  ՊՆ 101, ՊՆ 2888: Այդ իսկ պատճառով փորձեցինք պարզաբանում ստանալ նաեւ ՌՈ-ից, սակայն մեր զանգերն այդպես էլ մնացին անպատասխան: Այնպիսի տպավորություն է, թե ՌՈ-ն փակ է:
Հիմա անդրադառնանք սպանված Լյուքս Ստեփանյանի հարազատներին այցելած «Զինվորի մայր» հ/կ-ի ներկայացուցչին, որը, ըստ գյուղապետի, կարող էր ծնողներին դրդել դին տեղափոխել Երեւան: Պարզաբանում ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը դիմեց վերոնշյալ հ/կ-ի նախագահ Անահիտ Հովնանյանին, սակայն վերջինս վստահեցրեց, որ ինքը հանրապետությունից այդ օրերին բացակայել է. «Նոր եմ վերադարձել Ուկրաինայից եւ դեպքի մասին նոր եմ իմացել ու հաստատ կարող եմ ասել, որ մեր կազմակերպությունից մարդ չի եղել: Հաճախ մեր կազմակերպությունը շփոթում են «Զինվոր» հասարակական կազմակերպության հետ, միգուցե նրա՞նք են եղել»:
Ո՞վ  է եղել իրականում, արդյո՞ք շփոթվել է գյուղապետը կազմակերպության անունը տալիս: Մեր կասկածները փարատելու նպատակով զրուցեցինք նաեւ «Զինվոր» հ/կ-ի համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի հետ, սակայն վերջինս վստահեցրեց, որ իրենք այդ գիշեր չեն այցելել հարազատներին:
Այդպես էլ անհասկանալի մնաց, թե որ կազմակերպությունն է եղել զինվորի դին փողոց հանելու մտքի հեղինակն ու իրականացնողը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս